Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իսրայելական ճեղքում

Սեպտեմբեր 25,2019 12:00

Վերջին տարիներին որոշ կարեւոր իրադարձություններ վկայում էին, որ երկու երկրների միջեւ փոխհարաբերություններում կարձանագրվի առաջընթաց

Հայաստանը 1992 թվականից դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, սակայն այդ երկրում Հայաստանը չուներ դեսպանություն, թեեւ ունենք ոչ ռեզիդենտ դեսպան: Անցյալ շաբաթ կառավարությունը որոշեց, որ Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում՝ Թել Ավիվում։

«Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարեւոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունը ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձեւավորման եւ կայունության վրա: Դեսպանություն ստեղծելը միտված է ապահովելու Հայաստանի պետական մակարդակով բազմադարյա հայկական ներկայությանը մասնակից լինելը», – կառավարության նիստում հիմնավորեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանը հավելեց, որ դեսպանություն ստեղծելուն ԱԳՆ-ն պատրաստվում էր բավական ժամանակ։ Մնացականյանը կառավարության նիստին չմանրամասնեց, թե արդյո՞ք այս հարցը քննարկվել է Հայաստանի հարեւան Իրանի իշխանությունների հետ:

Պաշտոնական Թել Ավիվը ողջունեց Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը: Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացի խոսքով՝ նման որոշումն արտացոլում է վերջին մեկ տարվա ընթացքում երկկողմանի հարաբերությունների զգալի առաջընթացը: «Իսրայել Պետությունը ողջունում է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Դեսպանատան բացումը նոր եւ կարեւոր գլուխ է երկկողմ հարաբերություններում, եւ վստահ ենք, որ սա էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը եւ կխթանի երկրների միջեւ համագործակցությունը բոլոր ոլորտներում»,-ասել էր Կացը՝ հավելելով, որ սա կարեւոր քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նախարարը նաեւ նշել էր, որ Հայաստանի դեսպանատունը կլինի 90-րդ արտասահմանյան դեսպանատունը Իսրայելում, ինչը Կացի խոսքով՝ վկայում է Իսրայելի դիրքի աճի մասին. «Մենք կշարունակենք աշխատել Իսրայելի միջազգային հարաբերությունների ամրապնդման եւ միջազգային դիրքի հաստատման ուղղությամբ»։

Անշուշտ, Հայաստանը շատ կարեւոր քայլ արեց Իսրայելի հետ հարաբերություններում, եւ պետք է հուսալ, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է Իրանի իշխանություններին ներկայացնել շահը եւ տվյալ դեպքում ներկայացնել այնպես, որ ոչ մի դեպքում այդ քայլը չի կարող վնասել հայ-իրանական հարաբերություններին:

Այս տարվա հունվարին Հայաստանի արտգործնախարարը հարցազրույց էր տվել The Jerusalem Post-ին, որում պնդել էր՝ «Հայաստանն այնքան բան կարող է առաջարկել Իսրայելին` գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության ու նորարարության ոլորտներում»: «Հայերը շատ նմանություններ ունեն հրեա ժողովրդի հետ. երկուսս էլ շատ ենք տարբերվում մեր հարեւաններից, բազմադարյա պատմություն ունենք, դիմացել ենք բազում պատերազմների ու ներխուժումների եւ գիտենք՝ ինչպես հարմարվել տարբեր մշակույթների», – ասել է Մնացականյանը:

«Ջերմանո՞ւմ են, արդյոք, հայ-իսրայելական հարաբերությունները» վերտառությամբ հոդվածում հեղինակն ինքն էլ փաստել էր, որ երկու ժողովուրդները ընդհանուր շատ հատկանիշներ ունեն՝ երկուսն էլ բնակչության թվով համեմատաբար փոքր են, սփռված են աշխարհով մեկ, տեւական ժամանակ ձգտել են ունենալ անկախ պետություն, շրջապատված են թշնամական, մահմեդական երկրներով, ԱՄՆ-ում ունեն ազդեցիկ լոբբի եւ վերապրել են խորը ազգային ողբերգություն։ «Այս ամենով հանդերձ՝ Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները զարգացած չեն», – փաստում էր հոդվածագիրը, պնդելով, թե դրա պատճառը Հայաստանի տարաձայնություններն են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնք Իսրայելի դաշնակիցներն են:

«Ի՞նչ զգացիք, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը Քնեսեթում չեղարկվեց», – հետաքրքրվել էր լրագրողը Մնացականյանից: Նա ընդգծել էր, որ դա ոչ թե զուտ ճանաչման հարց էր, այլ՝ բարոյական դիրքորոշում արտահայտելու: «1.5 միլիոն մարդ է սպանվել։ Իմ նախնիները փրկվել են ցեղասպանությունից ու ապաստանել Թբիլիսիում։ Հարազատներիցս շատերը սպանվել են: Մենք, սակայն, մեզ զոհի կարգավիճակում չենք զգում: Մենք հաղթող ենք, քանի որ շարունակում ենք ապրել, – ասել էր Մնացականյանը՝ ընդգծելով,- չէի ասի, որ չենք հիասթափվել քվեարկության ձախողումից: Այս հարցը սակարկման առարկա է դարձել Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններում, եւ դա շատ ցավալի է»:

Իսրայելական պարբերականին տված հարցազրույցում Մնացականյանն ընդգծել էր՝ չնայած հիասթափություններին՝ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է ամրապնդել հարաբերությունները Թել Ավիվի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում: «Հայաստանը չափազանց մտահոգված է իր անվտանգության հարցերով, հատկապես՝ Ղարաբաղի հետ կապված. այնտեղ մարդիկ վտանգի տակ են, -նշել է Մնացականյանը՝ հավելելով,-մենք գիտենք, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանա զարգացնել հարաբերությունները Իսրայելի հետ՝ ներառյալ ռազմական ոլորտում»: Նա հույս է հայտնել, որ երկու երկրները շուտով կբացեն միմյանց դեսպանատները իրենց տարածքներում. «Մենք ավելի քան ուրախ կլինենք Իսրայելի հետ մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար»։

Նկատենք, որ անցյալ տարի օգոստոսին Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ: «Հայ ազգի ողբերգությունը երբեք կասկածի տակ չի դրվել: Կա պատմական հարց, թե ինչպես այն անվանել, բայց այն, ինչ տեղի է ունեցել, փաստ է, որը բոլորն ընդունում են: Սա քաղաքական քննարկումների թեմա դարձնելու հարց չէ, թող պատմաբանները որոշեն, թե ինչպիսի անուն տան այդ ողբերգությանը»,- նշել էր նա:

Այսպիսով, Հայաստանի արտգործնախարարությունը անցյալ շաբաթ կառավարության որոշման հիմնավորումներում գրել էր, որ «դեսպանության ստեղծելը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության բազմաթիվ ոլորտներում»։

Հայաստանին սպասվում է դիվանագիտական բարդ աշխատանք: Իսրայելի հետ հարաբերությունները կարող են ազդեցություն ունենալ Վաշինգտոնի հետ Հայաստանի փոխհարաբերությունների վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելը լուրջ ազդեցություն ունի Վաշինգտոնում՝ քաղաքական որոշումների կայացման վրա: Մյուս կողմից՝ Իսրայելը պետություն է, որը խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ավելին՝ վերջին մի քանի տարիներին Իսրայելը Ադրբեջանին շուրջ 4 միլիարդ դոլարի զենք է վաճառել։

Հայաստանը չի կարող Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները կազմաքանդել, բայց կարող է աշխատանք տանել Իսրայելի գործընկերների հետ՝ ներկայացնելով Հայաստանի շահը՝ հայ-իսրայելական հարաբերությունների խորացման համատեքստում:

Հայաստանի Հանրապետության օրակարգում Իսրայելում դեսպանատան հարցը եղել է, սակայն մշտապես ինչ-ինչ արտաքին քաղաքական պատճառներ, ըստ ամենայնի, խոչընդոտել են այդ գործընթացին, եւ այն շարունակաբար հետաձգվել է:

Նկատենք, որ Հայաստան-Իսրայել հարաբերություններում արձանագրված այս կարեւոր հարցը շաբաթների, ամիսների աշխատանքի արդյունք չէր: Վերջին տարիներին որոշ կարեւոր իրադարձություններ թույլ էին տալիս կանխատեսել, որ երկու երկրների միջեւ փոխհարաբերություններում մոտ ապագայում կարձանագրվի առաջընթաց:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30