Երեքշաբթի առավոտյան՝ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքում պատիժը կրող անձինք, մոտ 40 հոգի պատրաստվում էին հայտարարել անժամկետ հացադուլ։ Պատճառը, ըստ մեր աղբյուրի այն էր, որ դատապարտված անձանց վարչակազմը ցանկանում էր տեղափոխել այլ մասնաշենքեր, քանի որ 6-րդ մասնաշենքը պիտի դարձնեն «քննչական» մասնաշենք։
«ՔԿՀ-ի 6 մասնաշենքերից միայն մեկը՝ 3-րդ մասնաշենքն է այսպես ասած «քննչական», այսինքն` ըստ օրենքի՝ կալանավորված անձինք պետք է առանձին մնան դատապարտվածներից»,-պարզաբանեց մեր աղբյուրը՝ նշելով, որ արդեն մեկ մասնաշենքը չի բավականացնում կալանավորված անձանց պահելու համար։ Սակայն ՔԿՀ-ի վարչակազմը հանդիպեց այդ դատապարտյալներին եւ ոչ մեկը հացադուլ չհայտարարեց։
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» կառավարության նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար, ինչի համար էլ վերջերս ՔԿՀ-ներում անհնազանդության բողոքներ էին կազմակերպվել։
Կալանավայրերի «զոն նայողները» հայտարարել էին, որ իրենք այլեւս իրավիճակը չեն վերահսկի՝ այսպիսով պատասխանատվությունը թողնելով ՔԿՀ-ի վարչակազմերին։ Մեր աղբյուրը չբացառեց, որ նման «սաբոտաժը» կարող է նախապատրաստված լինել «լավ տղերք»-ի կողմից։
Կարդացեք նաև
Նշենք, որ 6-րդ մասնաշենքի «զոն նայողը» նույնպես հայտարարել է, որ հրաժարվում է իր կարգավիճակից։ Ի դեպ, «Արմավիր» ՔԿՀ-ն այն կալանավայրերից է, որտեղ համատարած անհնազանդության օրերին խաղաղ էր։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինն այս առնչությամբ հաղորդել է. «Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 51 ազատազրկված անձ հացադուլ է հայտարարել:
Հայտնում ենք, որ հիմնարկի ներսում տեղաբաշխումները բարձրացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչն էլ օրենքով սահմանված կարգով լուծվել է: Ներկայումս վերոնշյալ խնդրի կապակցությամբ հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան»: