Շիրակի մարզի Բասեն գյուղում կախված են գտել գյուղի բնակչուհի Ա․Ռ-ին, որը, ըստ գյուղացիների, մոտ 65 տարեկան է և բնակվում էր բարեկամի տանը։
Գյուղի բնակիչների փաստմամբ՝ նա միայնակ էր ապրում, ունի երկու դուստր, որոնք ամուսնացած են, ամուսինը մահացած է։ Բարեկամը գտնվում է արտերկրում ու իր տունը ժամանակավորապես տրամադրել էր նրան։ Ա․Ռ․-ն Ախուրյանի մարզադպրոցում հավաքարար էր աշխատում, գյուղացիների բնութագրմամբ՝ կենսուրախ, մարդամոտ կին էր։
Նրան տան մուտքի մոտ կախված են գտել դուստրը ու քրոջ հարսը։
Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է առավոտյան ժամը 12․00-ի սահմաններում, ինքը մասնակցում էր զորավարժությունների, այդ ընթացքում ահազանգել էին հարազատները։ Վերջինս Ա․Ռ-ին բնութագրեց որպես աշխատասեր կնոջ, նա ամբողջ կյանքում աշխատել է, զբաղվել է նաև գյուղատնտեսական աշխատանքներով։ Կինն ամուսնացած է եղել Ախուրյանում, սակայն բնակության էր տեղափոխվել իր ծննդավայր։
Կարդացեք նաև
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ կինը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում՝ շիզոֆրենիա աշխտորոշմամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ http://www.aniarc.am-ի