Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի հանքի շահագործման արգելքի իրավական հիմքերը  

Սեպտեմբեր 24,2019 18:10

«Այս պահին մենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունենք: Կես ժամից կարող է պարզվել, որ այդ հիմքը ի հայտ է եկել. ոչ մի զգացմունք ու շահ չունենք, կփակենք: Մենակ այն բանի պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, մենք չենք պատրաստվում հանքը փակել: …Եթե ունենք արգելելու հիմք ու պատճառ, պիտի արգելենք, եթե չունենք, ինչի՞ հիման վրա ենք արգելում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 2019 սեպտեմբերի 22, 23:45.
© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Առանց կառավարության վրա ճնշում գործադրելու՝ ստորև ներկայացվում են Ամուլ սարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման երկրաբանական, լեռնահանքային, տնտեսագիտական, էկոլոգիական բացասական հիմնավորումները՝ չբացված հանքը արգելելու իրավական հիմքերը:

1.Երբ Գեոթիմը Ամուլսարում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով դիմել էր էկո-փորձաքննության, հարկ է, որ լիազոր մարմին` բնապահպան նախարարությունը բացասական եզրակացություն ներկայացներ, հաշվի առնելով հետևյալ հիմքերը՝

1.1.Ամուլ սարի տեղադիրքը – Վարդենիսի, Վայքի լեռնաշղթաների և Սյունյաց նախալեռների միջնամասում, որտեղ առկա են որոշակի տեկտոնիկ խզումներ, սեյսմիկ ռիսկերը բարձր են;

1.2.Ամուլ սարը նպաստում է ջրագոյացմանը (ավելի քան 100 ջրաղբյուրներ) և ջրբաժան գործոն է Արփա, Որոտան գետերի համար – երկրաբանահետախուզական աշխատանքները անդարձելի չկարգավորվող  ռիսկեր են Ամուլ սարի բնական ջրային հոսքերի, ստորգետնյա հոսքերի համար;

1.3.Ամուլ սարում ռադիոակտիվ ուրանի և թորիումի պարունակության վերաբերյալ 1950-ական թվ.-ներին Գրոմովյան արշավախմբի հաշվետվությունը – 100 տ ռադիոակտիվ նյութը պիտանի չէ արդյունահանման համար, սակայն երկրաբանահետախուզական աշխատանքները խիստ վտանգավոր միջամտությամբ գործարկում են այդ ռադիոակտիվությունը՝ անդարձելի և անկառավարելի ռիսկերով;

1.4.Ամուլ սարի ընդերքը սուլֆիդային բնույթի հանք է – բուսահողն ու կավաշերտը հեռացնելու դեպքում մետաղների սուլֆիդները փոխազդում են արտաքին խոնավության հետ՝ անկանոն, ցրված, անվերահսկելի թթվային հոսքեր առաջացնելով, որոնք արագորեն տարածվում-քայքայում են շրջակա բնական միջավայրը;

1.5.Ամուլ սարում երկրաբանահետախուզական աշխատանքներն անդարձելի ռիսկեր են Սպանդարյան-Կեչուտ ջրատարի նկատմամբ, հնարավոր է՝ Սևանա լճի աղտոտում;

1.6.Ամուլ սարից դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք տարածվում է Ջերմուկի հանքային թերմալ ջրերի բնական ավազանը, որի շնորհիվ Ջերմուկը բազմամյա առողջարար գործունեության աշխարհահռչակ համբավ ունի, բայց վերը թվարկված անդարձելի չկարգավորվող ռիսկերը կվտանգեն/կոչնչացնեն Ջերմուկի բնական ջրավազանի առողջարար հատկությունները;

1.7.Երկրաբանահետախուզական աշխատանքները անդարձելի բարձր ռիսկեր են՝ Ամուլ սարի ալպիական մարգագետինների առատ, բարձրակարգ բուսականության, հատկապես՝ ալպիական և մերձալպյան մարգագետինների հարուստ մեղրատու բուսականության նկատմամբ (մատնունի ծիրանավորն ընդգրկված է Կարմիր Գրքում);

1.8.Երկրաբանահետախուզական աշխատանքները բազմաթիվ բարձր չկարգավորվող ռիսկեր են առաջացնում Ամուլ սարի բնական ռեսուրսներից օգտվող (այգեգործ, մեղվաբույծ) գյուղական համայնքների բազմահազար բնակչության կենսագործունեության նկատմամբ:

Այս թվարկումը ծանրակշիռ ու հիմնավոր արգելք է և էկոլոգիական փորձաքննության բացասական եզրակացություն է պարտադրում երկրաբանական ուսումնասիրությանը: Բայց այս ծանրացուցիչ դեպք հանցանացը նախկին պաշտոնյաները որպես կաշառքի երաշխիք են օգտագործել: Ուստի Ամուլ սարում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով Գեոթիմին տրված էկո-փորձաքննության դրական եզրակացությունը հիմնավորված չէ և հակասում է ՀՀ օրենսդրության կանխարգելիչ նորմերին, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:

2.Սակայն ծակելու-քանդելու ուղեգիր ստանալով, երկրաբանական ուսումնասիրության արդյունքում՝ Ամուլ սարի գագաթից 300մ խորությունում Գեոթիմը հայտնաբերել է 1տոննա հանքանյութում մինչև 0,78գ ոսկու պարունակություն (Սոթքի 1տ հանքանյութը պարունակում է 5-7գ ոսկի):

2.1. Գեոթիմը արդյունաբերական է համարել 1տ-ում 0,78գ կազմող ոսկին և նախագիծ է մշակել Ամուլ սարի գագաթից 300մ խորության վրա գտնվող ոսկու նվազկոտ պարունակությունն արդյունահանելու համար՝ բաց եղանակով: Հետևաբար՝ այս հիմքի վրա մշակված նախագիծը երկրաբանական հիմնավորում չունի՝ Ամուլ սարի գագաթն անջատվել է հիմնական հանքավայրից, որը նախագիծը մերժելու հիմնավորում է: Ոսկու նվազագույն պարունակության պատճառով (որ անհույս անապատում 1տ ավազ փորփրեն, մշակեն ավելի շատ ոսկի կստացվի) տնտեսագիտական հիմնավորվածությունը թույլ է և խոցելի, որը նույնպես՝ նախագիծը մերժելու հիմնավորում է:

2.2. Ըստ հայ մասնագետների՝ Ամուլ սարի ստորին հորիզոններում գտնվում է ոսկի-բազմամետաղային երակային բնույթի հանքավայրը, որը պարունակում է 20 տ ոսկի, 400 հազ. տ կապար, 100 հազ. տ ցինկ, մոտ 50 հազ.տ պղինձ և այլ հարակից տարրեր: Բայց Գեոթիմը արդյունաբերական է համարել միայն գագաթամասի ոսկին և որոշում կայացրել միայն ոսկու արդյունահանման վերաբերյալ: Միայն եկամտաբեր տարրի այս դեպքում՝ ոչ եկամտաբեր շերտի արդյունահանումը միաժամանակ վնասում (վերացնում) է այլ օգտակար հանածոների (շերտերի) հանույթի պայմանները, և հանքը կորցնում է տնտեսական գրավչությունը: Հետևաբար՝ բազմամետաղային հանքի այս կարգի շահագործումը երկրի տնտեսության համար արդյունավետ չէ: Սա ևս մերժման հիմնավորում է:

2.3. Միայն ոսկու արդյունահանումը հնարավոր է «հիմնավորել»՝ ոսկու հաշվարկային եկամտի և ստորին հորիզոնների օգտակար տարրերի քանակ-որակային տվյալների համեմատությունով: Բայց Գեոթիմ/Լիդիանի պաշտոնական կայքում այդ մասին որևէ համեմատական վերլուծություն գոյություն չունի: Բացակայում է նաև հանույթի տեխնոլոգիական եղանակի այլընտրանքային հիմնավորումը (բացահանք թե ստորգետնյա): Ամուլ սարում նախատեսված բացահանքը հանույթի ամենաէժան, բայց և ամենավնասակար եղանակն է: Եվս երկու մերժման հիմնավորում:

2.4. Հաջողության դեպքում 10 տարվա ընթացքում ընկերությունը 2,5-3 մլրդ. $-ի ոսկի կստանա (մինչև 70տ)՝ Ամուլ սարի հանքի շահագործման արդյունքում, ՀՀ պետական բյուջե վճարելով 489 մլն.$: Բայց հանքերով հարուստ երկրի օրենսդրությամբ թափոնների վճար սահմանված չէ, թեև հսկայական տարածքներ են զբաղեցնում ու քայքայում՝ մշտապես : Հետևաբար՝ արդյունահանման ընթացքում առաջացող ավելի քան 100 մլն.տ երկրորդ կարգի տոքսիկ թափոններին համարժեք 5 մլրդ $-ը, ինչպես նաև՝ 300 մլն.տ դատարկ ապարներին համարժեք 375 մլն.$-ը վճարման ենթակա չեն, թեև այդ թափոնները մշտապես 420-540 հա տարածք են զբաղեցնելու՝ սակավահող, փոքր երկրում: Հարկ է նաև՝ նշել, որ թափոնների նշված քանակները սովորաբար համարժեք են 280-440 տ ոսկու ստացմանը:

Անտեսելով վերը նշված օրենսդրական թերությունը, նախագծային թերություններն ու տնտեսական խոցելիությունը, որոնք նախագիծը մերժելու հիմնավորումներ են, Գեոթիմին կանաչ ուղի են մաղթել լեռնահանքային գործի ՀՀ լավագույն վարպետները՝ ընդերքի գործակալությունում և արդյունքում Գեոթիմը կազմակերպել է նաև այդ մերժելի նախագծի Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատումը, որի նախագիծը ներկայացրել է էկո-փորձաքննության լիազոր մարմին՝ բնապահպան նախարարություն:

3.Հանքային իրավունքը տրվում է էկո-փորձաքննության դրական եզրակացության հիման վրա: Ուստի ներկայացնում ենք Գեոթիմի ՇՄԱԳ-ի փորձաքննության բացասական հիմնավորվածությունը.

3.1. Հայաստանի Հանրապետությունը սակավահող, սակավանտառ երկիր է և բազմաթիվ մետաղական հանքերի բարձր ազդեցությանը դիմանալու ներուժ չունի՝ շատ փոքր է: Բնորոշ են չոր ցամաքային կլիման, բարդ երկրաբանական կառուցվածքը՝ բարձունքային գոտիականությունը: ՀՀ տարածքում բնագոյացման գործոնները նվազ են ու սակավ, բնության քայքայման գործոններն ագրեսիվ են ու բազմազան: Այս բնութագիրը հարկ է հաշվի առնել բնօգտագործման նախաձեռնությունների նախնական գնահատման, նաև՝ որոշումների կայացման հիմքերում: ՀՀ բնության խիստ բնութագիրը պայմանավորված է նաև լեռներով, որոնք ջրագոյացման գործոններ են, ջրբաժան դեր են կատարում և ուրեմն «իրավասու են» պայմաններ թելադրել: Ամուլ սարի լանջերից բխում են ավելի քան 100 ջինջ աղբյուրներ, Ամուլ սարը Որոտան, Արփա գետերի ջրբաժանն է ՀՀ երկու մարզերի՝ Վայոց Ձորի և Սյունիքի սահմանին: Արփան հոսում է Ամուլ սարի արևմտյան կողմով, Որոտանն Ամուլ սարը երիզում է արևելքից: Երկուսն էլ  ջրառատ, արագահոս, քայքայման բարձր ունակությամբ գետեր են:

3.2. Ամուլ սարում հանք-արդյունահանումը սկսվում է բուսահողն ու կավաշերտը հեռացնելով, հարկ է հողի փորման, մակաբացման միջոցով առաջացնել բացահանք՝ 135 հա: Ծովի մակարդակից 2988-2600մ բարձրություններում բացվելու է սուլֆիդային հանքավայր (FeS, ZnS, CuFeS, PbS, …, MS), որի սուլֆիդները ջրի և թթվածնի ազդեցությամբ կառաջացնեն անկանոն, անվերահսկելի՝ ցրված թթվային հոսքեր, որոնց քայքայիչ ազդեցությունը կտարածվի դեպի հարավ՝ մինչև Սպանդարյան ջրամբար, ընդգրկելով Սևանի ստորգետնյա ջրատարը, հյուսիսում մոտենալով՝ Ջերմուկի հանքային ջրերի ավազանին, արևելքում՝ Սյունիքի նախալեռներին: Անկախ նրանից, թե ով ինչ կապ կտեսնի կամ չի տեսնի Ջերմուկի և Ամուլ սարի միջև, հաստատ այս միջակայքում վակուում չկա, այլ՝ նյութեղեն բնական միջավայր գոյություն ունի, որը թթվային հոսքերը քայքայում են (օքսիդիչ քաղց ունեն):

3.3.Ջերմուկ առողջարանի հեռավորությունը բացահանքից ուղիղ գծով կազմում է 8 կմ, որտեղ գտնվում է բուժիչ հանքային ջրերի ավազանը, որն աշխարհահռչակ 70-ամյա համբավ ունի: Ամուլ սարում բացահանքի պայթեցումների՝ կոշտ մասնիկներով գերհագեցած արտանետումները, բարձր դիրքի և քամիների պատճառով շրջակա միջավայրում առավել ընդգրկուն տարածում կունենան՝ հյուսիսում հասնելով մինչև Ջերմուկ, հարավում՝ Սպանդարյան ջրամբար:

3.4.Ամուլ սարի հիմքում առկա են տեկտոնիկ խզումներ, որով պայմանավորված Վայքի, Վարդենիսի լեռնաշղթաների, Սյունյաց նախալեռների միջակայքը բնութագրվում է սեյսմիկ բարձր ակտիվությամբ, որը հնարավոր չէ կարգավորել (իսկ Գեոթիմի նախագիծը «դիմանում է» 7 մագնիտուդ երկրաշարժին)՝ 7-ից բարձր մագնիտուդով երկրաշարժի դեպքում բացահանքն արագորեն կշարժվի դեպի Որոտանի գետահուն:

3.5.Նախատեսվել է հանքանյութը տարրալուծել կույտային տարրալվացման հարթակում՝ նատրիումի ցիանիդի լուծույթով, որը նախագծով տեղակայված է Սպանդարյան-Որոտան-Արփա-Կեչուտ-Սևանա լիճ ստորգետնյա ջրատար թունելին զուգահեռ, վերգետնյա՝ Արփայից դեպի Եղեգիս գետի ուղղությամբ: Թեև CN- ցիանիդ իոններն ակտիվ օքսիդիչներ են, բայց նախագծով բետոնե հարթակի մեկուսացումը լիարժեք ապահովված չէ: Առկա է բարձր ռիսկ, որ ցիանային տարրալվացման քայքայիչ ազդեցությունը կտարածվի դեպի ստորգետնյա թունել և Կեչուտ (Սևանա լիճ), Արփայով՝ Հերհերի ջրամբար, Արփա-Եղեգիս միջակայքում, ընդգրկելով նաև Ջերմուկի հանքային ջրերի ավազանը:

3.6.Արփայից տարրալվացման հարթակը հեռու է 1 կմ՝ 7 մագնիտուդից բարձր երկրաշարժի դեպքում ցիանային կույտերով հարթակը կհայտնվի Արփա գետում, վտանգելով Հերհերի ջրամբարը, անդարձելի վնասելով Սևանի ստորգետնյա ջրատարը, Ջերմուկի հանքային ջրերի ավազանը:

3.7.Հանք-արդյունահանման վերը նկարագրված բարդ ազդեցությունը Ամուլ սարի դիրքի և ուժգին քամիների պատճառով արագորեն կտարածվի շրջակա բնական միջավայրում՝ սկզբում ընդգրկելով 280 կմ2, որն աստիճանաբար կանցնի 640 կմ2-ն: Ամուլ սարի հարավային ստորոտը պարփակված է Սյունիքի նախալեռների և Վայքի լեռնաշղթայի միջև, որը ՀՀ ամենանեղ լայնությունն է: Ամուլ սարի հանք-արդյունահանումը խեղդում ու փշրում է այս նեղ պարանոցը՝ Սյունիքի մարզն անջատելով «մեծ» երկրից՝ իր ենթակառույցներով, բնակավայրերով, անտառներով, հանքերով ու երկրաշարժերով հանդերձ: Սա ազգային, պետական անվտանգության հարց է:

3.8.Նախապատրաստական որոշ աշխատանքների ընթացքում արդեն հատվել են Գնդևազի ծիրանի այգիները, և մեղրածոր ծիրան այլևս չի աճում: Հանքի փոշին որևէ կերպ չի վնասազերծվում և արդեն տարածվում է մինչև Ջերմուկ: Նաև անդարձելի վնասվել, վերացել են լեռնային մարգագետինները, մեղվապահներին զրկելով իրենց գործից՝ մեղրատու բուսականություն այլևս չկա, որ մեղուները նեկտար հավաքեն, մեղր սարքեն: Թեև հանքի շահագործումը դեռ չի սկսվել, բայց արդեն ակնհայտ է կենսագործունեության պահանջները բավարարող միջավայրում ապրելու, գործելու, բուժվելու մարդկանց իրավունքի խախտումը:

3.9.Հարկ է ընդգծել, որ որոշումների կայացման գործընթացներում և Գեոթիմը, և էկո-փորձաքննության լիազոր մարմինը անտեսել են բազմաթիվ փորձառու մասնագետների հիմնավոր դիտողությունները, լայն հանրային բացասական վերաբերմունքը և հիմնավոր դիմակայությունը: Այդ անտեսումը մարդու էկոլոգիական իրավունքի խախտում է և ԷՓ բացասական եզրակացության հիմք է, նշված խախտումը նաև ուղեկցվում է միջազգային համապատասխան պատժամիջոցներով:

3.10.Գեոթիմ/Լիդիանը և էկո-փորձաքննության լիազոր մարմինը Ջերմուկի բնակչությանն ազդակիր համայնք չեն համարել՝ ակնհայտ դիտավորությամբ, որով խոչնդոտել են իրենց կենսագործունեության վրա ազդող գործունեության քննարկմանը մասնակցելու և որոշման վրա ներգործելու՝ մարդու իրավունքի իրացմանը:  Սա ևս ԷՓ բացասական եզրակացության հիմք է, այս խախտումը նույնպես՝ ուղեկցվում է միջազգային համապատասխան պատժամիջոցներով:

Նկարագրված հիմնավոր խախտումներից որևէ մեկի առկայությունը ՇՄԱԳ նախագծում՝ բացասական եզրակացություն է թելադրում էկո-փորձաքննության արդյունքում: Ի վերջո բոլոր 3.1-3.10 հիմքերը միասին՝ մեկ ամբողջական բացասական հիմնավորված եզրակացություն են պարտադրում, քանի որ գործնականում չեն բացառվում վտանգները՝ Արփա, Որոտան գետերի նկատմամբ և նրանց բարձր էրոզիոն հատկությունները, ցրված թթվային հոսքերի, բացահանքի արտանետումների, ուժգին երկրաշարժի, կույտային տարրալվացման ցիանային հոսքերի, նաև ռադիոակտիվության վտանգները և կարգավորման ոչ մի միջոցով հնարավոր չէ ապահովել՝

Ջերմուկ առողջարանի և հանքային ջրերի բնական ավազանի անվտանգությունը,

Կեչուտի ջրամբարի, հետևաբար նաև՝ Սևանա լճի անվտանգությունը,

Արփա, Որոտան գետերի, Սպանդարյան և Հերհեր ջրամբարների անվտանգությունը:

Բայց բնապահպան նախարար Ա.Գրիգորյանը նշված բոլոր հիմքերը հաշվառել է հակառակ կողմից (իր նախորդների նման) և 2017թ. ապրիլի 29-ին հաստատել է ԲՓ-35 «դրական» եզրակացությունը, որը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է:

4.Հիմա էկո-փորձաքննության լիազոր մարմնի և նախաձեռնողի պատասխանատվության մասին.

4.1.Էկո-փորձաքննության լիազոր մարմինը պարտադիր պետք է լրամշակի ներկայացված ՇՄԱԳ-ը ռիսկերի «կարգավորումներով», նաև մոնիթորինգի պլանով (անհերքելի հիմնավոր, հեշտ չափելի մոնիթորինգի ցուցիչներով), նաև պարտադրի նախաձեռնողին՝ նախագծում օգտագործել միջազգային լավագույն տեխնիկական փորձը՝ մաքուր տեխնոլոգիաները: Սա տեղի չի ունեցել:

4.2.Նախաձեռնող ընկերության տնօրենների խորհուրդը պետք է որոշում կայացնի ռիսկերը կարգավորող միջոցառումների կատարումը ֆինանսավորելու և մոնիթորինգի պատասխանատուներ նշանակելու վերաբերյալ: Սա ևս տեղի չի ունեցել, որը նույնպես արգելման հիմք է:

Հանրագումարի դեպքում առկա են քսանչորս հիմնավորումներ՝ տնտեսագիտական, երկրաբանական, էկոլոգիական, իրավական բնույթի, որոնք Գեոթիմ/Լիդիանի նախագիծն արգելելու իրավական հիմքերն են, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել (հանքի շահագործման ընթացքում բազմաթիվ և բազմաստիճան արտակարգ իրավիճակներ կառաջանան): Բացի դրանից՝ մինչև 2017թ. ապրիլի 29-ը Լիդիանը չի գործարկել Ամուլ սարի ոսկեբեր քվարցիտների հանքի արդյունահանման համալիրը (թեև տաս տարվա ընթացքում որոշում կայացնող պետական պաշտոնյաները մի քանի անգամ կանաչ ուղի են բացել այդ նպատակով) և սպառել է ԲՓ-35-ով իրեն հատկացված վերջին ժամանակը՝ չիրացնելով հանքի շահագործման իրավունքը: Հետևաբար՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է ԲՓ-35-ի ուժը կորցրած համարել՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն: Սա Ամուլ սարի հանքի շահագործումն արգելելու 25-րդ իրավական հիմքն է:

Ամուլ սարի հանքի շահագործման դեպքում առկա են հիմնավոր անդարձելի և չկարգավորվող ռիսկեր, որոնց մի մասն արդեն իրական վտանգ են: Ամուլ սարը բազմաթիվ ՏԱԲՈւՆԵՐ ունի: Ուստի հարկ է ամեն ինչ անել, հնարավոր բոլոր միջոցները գործադրել, որ Ամուլ սարում ոչ մի հանքի, ոչ մի արդյունահանում ոչ մի դեպքում չլինի՝ այս «ներդրումը» մեր ԵՐԿՐԻ՝ մեր Քարե Բարձունքի համար խիստ վտանգավոր է:


Սրբուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Էկո-փորձաքննության խորհրդատու 

2019 թ. սեպտեմբերի 24

Սկզբնաղբյուրներ

  1. ՀՀ վավերացրած՝ Կոնվենցիա Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին (Էսպո, Ֆինլանդիա)
  2. ՀՀ վավերացրած՝ Կոնվենցիա Էկոլոգիական տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին (Աարհուս, Դանիա)
  3. ՀՀ օրենքը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին
  4. Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրք
  5. ԲՓ-35 փորձաքննական եզրակացություն, 2016-4-29. ՀՀ բնապահպան նախ. Ա.Գրիգորյան
  6. Հայկական լեռնաշխարհի ֆիզիկական քարտեզ https://www.cadastre.am/atlasA-14,15
  7. Լիդիան Արմենիա ընկերության պաշտոնական կայք https://www.lydianarmenia.am/
  8. Հոդված «Թեղուտի անիծյալ հետևանքը» https://mamul.am/am/news/160500, 2019-9-16
  9. Հոդված «Ամուլ սարի շահագործման պաթոլոգիան» https://www.lragir.am/2019/08/24/469705/ 2019-8-24, կամ՝ https://www.aravot.am/2019/08/25/1062234/ 2019-8-25.
  10. Հոդված «Ջրել, ոռոգել անտառները նախօրոք» https://www.lragir.am/2019/07/30/463890/, 2019-7-30. կամ՝ https://www.aravot.am/2019/07/30/1058281/,2019-7-30,
  11. Հոդված «Սևանի վերջին մենամարտը» https://www.lragir.am/2019/07/24/462330/ 2019-7-24, կամ՝ https://www.aravot.am/2019/07/24/1057471/ 2019-7-24, կամ՝ https://mamul.am/am/news/156282, 2019-7-23, կամ՝ http://www.irates.am/hy/1563961913, 2019-7-24.
  12. Հոդված «Լեռների օրենքով» https://www.lragir.am/2019/05/21/444954/, 2019-5-21.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30