Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Կ. Պոլսի պատրիարքի ընտրության վերաբերյալ Թուրքիայի ՆԳՆ-ի կանոնագրից. Ermenihaber

Սեպտեմբեր 24,2019 18:06

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրից (կանոնադրությունից):

Նշվում է, որ այդ փաստաթուղթը պատրիարքարանից ստացել է Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը և փոխանցել պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որին էլ հասցեագրված է եղել կանոնադրությունը:

6 էջից բաղկացած կանոնագիրն ընթերցվել է սեպտեմբերի 23-ի երեկոյան` նախաձեռնարկ մարմնի հերթական նիստին:

Նախաձեռնարկ մարմնի անդամները կանոնագիրը խորապես ուսումնասիրելու, քննարկելու և նախաձեռնարկ մարմնի դիրքորոշումը հստակեցնելու համար որոշել են արտահերթ ժողով գումարել սեպտեմբերի 25-ին:

«Ժամանակը» գրում է, որ երեկ երեկոյան խոսակցություններ են շրջանառվել, որ պետք է այսօր` սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան, կրոնական ժողով գումարվեր, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ այդպիսի ժողով տեղի չի ունեցել: Փոխարենը նշվում է, որ տեղապահ Մաշալյանը, որին տրված է այդ լիազորություններն ու պատասխանատվությունը, թեկնածու սրբազանների վերաբերյալ անհրաժեշտ աշխատանքներ կատարելուց հետո նախատեսելու է կրոնական ժողով հրավիրել, որի նիստին զուգահեռ պետք է կազմակերպվի եկեղեցականների համագումար:

Օրաթերթի տեղեկացմամբ` այս նոր կանոնագրի մեջ մեծ տարբերություն չկա, սակայն պարբերաբար ավելի զգալի է 1863թ. «Ազգային Սահմանադրության» ազդեցությունը: Կանոնագրում կա մի կետ, որում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարքական թեկնածու պետք է լինեն պատրիարքական աթոռին ենթակա սրբազանները:

Աղբյուրը հայտնում է. «Սա Սահմանադրութեամբ նախատեսուած պարագայ մըն է, որու շուրջ նախկին կանոնադրութիւններուն մէջ յարաբերաբար աւելի ճկուն մօտեցում մը կը ցուցաբերուէր՝ արտասահմանէ այլ թեկնածուներու մասնակցութեան տեսակէտէ»:

Օրաթերթը նկատել է տալիս, որ այդ նոր սահմանումը գործնականորեն որոշ չափով սահմանափակումներ է նշանակում և հավելում, որ համայնքը այդպիսի իրավիճակում պետք է վարվի որոշակի հավասարակշռությամբ` տարուբերումներից խուսափելու և հակասական պահանջներից զերծ մնալու համար:

Կանոնագրի նորություններից մեկն էլ Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի բարձրացումն է: Նախկին 89 պատվիրակների փոխարեն այս անգամ թիվը բարձրացրել են 120-ի:

Թերթն ուշագրավ է համարել Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի բարձրացումը, հայտնելով, որ այն բարձրացրել են 1863թ. Ազգային Սահմանադրության մեջ նախատեսված թվից:

Ըստ նոր կանոնադրության` թե ընտրողների և թե պատվիրակների թեկնածուների դեպքում նվազագույն տարիքի շեմը իջեցվել է 18-ի:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30