«Չեմ կարող ասել, թե այս փուլում հակառակորդի նման ակտիվությունն ինչով է պայմանավորված եղել: Այդ գործողության ժամի, ներգրավված անձնակազմի թվաքանակի, հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավվածության առումով իրավիճակը տարօրինակ է: Գուցե եւ մոլորվել են»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի սեպտեմբերի 22-ի ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձին, որի ընթացքում Ադրբեջանի բանակի մեկ զինվոր է մահացել, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք տալու պատասխան չունենք: Հակառակը, մենք մարդասիրական պարտք ենք կատարել: Պաշտպանության բանակն իրականացրել է այն, ինչ պետք է իրականացներ»,-նկատի ունենալով ադրբեջանցի զինվորի մարմնի վերադարձը՝ ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա շեշտեց. «Հիմա կխուսափեմ գնահատական տալ, թե ինչ է կատարվել: Մենք էլ ենք վերլուծում, թե իրականում ինչ է կատարվել: Պետք է նաեւ հասկանալ ՊԲ-ի գնահատականը, որովհետեւ ժամի եւ ներգրավվածության առումով շատ տարօրինակ բան է կատարվել տեղում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ