Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Ես շատ կուզենայի, որ Հայկ Հարությունյանը, որպես վկա, դատարանում հանդես գար»

Սեպտեմբեր 24,2019 17:02

«Ցանկացած ինքնասպանություն ինձ համար տարօրինակ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ արդյոք իր համար տարօրինակ չէ Մարտի 1-ի գործով ցուցմունք տված կարեւոր վկայի՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը, որը նախնական վարկածով՝ ինքնասպանություն է եղել:

Մեր դիտարկմանը՝ բայց սա արդյոք «սովորական» ինքնասպանություն էր, երբ անձը բարձրաստիճան պաշտոնյա է եղել, քաղաքական կարեւոր իրադարձությունների մասնակից, Ալումյանը պատասխանեց. «Իմ մասնագիտության մեջ սովորական ինքնասպանության չեմ հանդիպել: Ես չգիտեմ՝ քաղաքակա՞ն հողի վրա է, թե՞ անձնական»:

Հարությունյանն ի վերջո Մարտի 1-2 իրադարձություններից լավ տեղեկացված է եղել, օպերատիվ խմբի ձեւավորման կազմակերպիչներից է եղել, այս առնչությամբ էլ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց. «Ես շատ կուզենայի, որ Հայկ Հարությունյանը, որպես վկա, դատարանում հանդես գար, որովհետեւ ես ծանոթ եմ քրեական գործի շրջանակներում նրա ցուցմունքներին, երբ մեզ տրամադրվեցին քրեական գործի նյութերը: Երբ ծանոթացա նրա ցուցմունքին՝ հայտնաբերեցի, որ ամբողջությամբ այնպիսի ցուցմունքներ էին, որ մեզ համար շատ կարեւոր կլիներ, եթե հնչեին դատարանում եւ կարողանայինք ավելի դետալացնել: Ինքը մեզ համար շատ կարեւոր վկա էր: Ես ափսոսում եմ նաեւ այդ առումով»:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանն ասել է, որ հակված չէ այն վարկածին, որ ինքնասպանություն է եղել, քանի դեռ քննություն չի տարվել. «Ինչո՞ւ են ինքնասպանության վարկածը, որպես առաջնային վարկած շրջանառում, քննեն, տեսնենք՝ ինչ ՝է կատարվել»:

«Այստեղ հավատալ-չհավատալու դաշտում կարող է սխալվենք: Երբ կա քրեական գործ՝ հավատալ-չհավատալ կարող են այլ մասնագիտության մարդիկ, իսկ մենք կարող ենք գնահատական տալ, երբ գործի նյութերն ամբողջությամբ հավաքված կլինեն եւ կծանոթանանք այս դեպքի բոլոր նյութերին»,-ասաց Ալումյանը:

Կարծիքներին, թե Հարությունյանը ցուցմունքից դուրս շատ ավելի տեղեկություններ ուներ, եւ արդյոք Ալումյանը Քոչարյանի գործով Հարությունյանի հետ շփում ունեցել է, Ալումյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ցուցմունքից դուրս ինչ գիտեր: Ես երբեք նրան չեմ տեսել: Իսկ նման կարծիքներ ասողները, եթե իրական փաստերի վրա են, առանց րոպե կորցնելու պետք է գնան քննչական կոմիտե ու ցուցմունք գրեն, որ այդ մարդուն այս ինչ փաստերն են հայտնի եղել: Ես իրավունք չունեմ փաստերից դուրս խոսեմ, եթե խոսեմ՝ կստացվի ոչ թե խոսել, կստացվի՝ դուրս տալ: Ցանկություն ու բնավորություն չունեմ դուրս տալու: Մինչեւ քրեական գործի նյութերն ամբողջությամբ չլինեն՝ ոչինչ չեմ կարող ասել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30