Քաղաքացի Նաթելլա Բաղդասարյանը Քաղաքացիական օրենսգրքի մեջ մի սխալ է հայտնաբերել, որով էապես սահմանափակվել են բուժհաստատությունում գտնվող քաղաքացիների իրավունքները: Ստացիոնար բուժման մեջ գտնվող անձինք իրենց ամսական թոշակները չէին կարողանում ստանալ, որովհետեւ բուժհաստատությունից լիազորագիր չէին տալիս: Օրենսգրքում լիազորագիր տրամադրողի փոխարեն լիազորագիր ստացող են գրել, հավանաբար թարգմանության սխալ է: Այս կարգի լիազորագրերը պետք է տրվեն անվճար:
Քաղաքացին ԱԺ հանձնաժողովին ուղղված իր նամակում ուշագրավ խնդրանքով էր հանդես եկել «շաբլոն» պատասխաններից խուսափելու համար. «Խնդրում եմ՝ ինձ չպատախանեք՝ օրենսդրությունը փոփոխելու դեպքում ձեր առաջարկությունը հաշվի կառնվի: Խնդրում եմ իմ նամակը չուղարկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն»:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացուն, ծաղկեփունջ նվիրեց ու հայցեց ներողամտությունը, որ նման խնդիրը ավելի շուտ չեն նկատել, որի արդյունքում քաղաքացիներին անհարմարություն է պատճառվել. «Պետք է շտկենք օրենսդրական անթույլատրելի իրավիճակը»:
Հանձնաժողովի նիստում Նաթելլա Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն հիվանդների անունից, ովքեր նման խնդրի են բախվում՝ գտնվելով ստացիոնար բուժման մեջ. «Ես իմ ընտանիքում չունեմ նման մարդ, որ ասեմ՝ որեւէ մեկի համար եմ արել: Իմ աշխատանքի բնույթից ելնելով՝ ես անընդհատ նրանց մերժում եմ, ինքս եմ պատասխանում նրանց դիմումներին ու անընդհատ վատ էի զգում: Մի անգամ Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերից դիմում եղավ երկու հոգու համար, մինչեւ մերժումը գրեցինք, մեկը մահացավ, դա արդեն վերջն էր»:
Կարդացեք նաև
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ