Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը պարբերաբար ահազանգեր է ստանում տարբեր մասնավոր տարածքներում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների, հատկապես՝ արջերի մասին։ Օրերս մեզ են դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի բնակիչները՝ հայտնելով 44/1 հասցեում պահվող երկու գորշ արջերի մասին։ Բնակիչները հայտնել են, որ արջերը վերջին շրջանում անհանգիստ են, իսկ առհասարակ զուրկ են պատշաճ խնամքից և անազատության մեջ պահվող կենդանու բարեկեցության ապահովման նվազագույն պայմաններից։
FPWC ևս մեկ անգամ հաստատում է, որ մասնավոր տարածքում վայրի կենդանիներ պահելն անթույլատրելի է մասնագիտական խնամքի, կենդանու բարեկեցության ապահովման պայմանների բացակայության և մի շարք այլ հանգամանքների պատճառներով։ Մասնավորապես, նշված դեպքում երկու խոշոր գիշատիչ կենդանիները պահվում են բնակելի վայրում առանց անվտանգության կանոնների պահպանման, ինչը հղի է մի շարք վտանգներով, այդ թվում՝ անմիջապես կենդանիների և մարդու կյանքին սպառնացող։ Բացի այդ, նշված իրավիճակը հարիր չէ զարգացած և կիրթ հասարակություն ունեցող պետությունների համար։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները և հղում անելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի, հոդված 27.1 և 27․2 կետերին, հրավիրում ենք պետական մարմինների, մասնավորապես՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը՝ հայտնելով, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել մի շարք անցանկալի հետևանքների։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ