Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրի նախարարությունը խուսանավում է Ամուլսարի հարցով գործուն քայլերից․ ՀԲՃ

Սեպտեմբեր 24,2019 16:14

2019թ-ի օգոստոսի 20-ին դիմում էինք հղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, որի պահանջն էր ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին 2016թ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը։ Որպես հիմք ներկայացրել էինք լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների մեջ ներկայացված բազմաթիվ փաստերից ընդամենը մեկը, որը մեր կարծիքով էկոլոգիական նոր գործոն է և լիովին բավարար իրավական հիմք կարող է հանդիսանալ, որպեսզի նախարարությունն այդ պահանջը կատարի։

Օգոստոսի 28-ին նախարարությունից տեղեկացրեցին, որ մեր հարցադրմանը կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Այս պատասխանն ենթադրում էր, որ նախարարությունը կգնա իրավական ճիշտ ճանապարհով, որը կանոնակարգված է ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով ու լիարժեք կվերլուծի դիմումի մեջ ներկայացված մասնագիտական փաստերը և կներկայացնի հիմնավոր ու իրավական առումով անխոցելի պատասխան կամ որոշում։

Սակայն այդ ամենի փոխարեն, սեպտեմբերի 19-ին ստանում ենք հետևյալ «պատասխանը»․

«Ի պատասխան Ձեր 2019թ. օգոստոսի 20-ի գրության հայտնում եմ, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության վերաբերյալ շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը 03.09.2019թ. N 1/02.1/12310 գրությամբ ներկայացվել է վարչապետի աշխատակազմի քննարկմանը»: Այս «պատասխանին» կցված էր նաև նախարարության վերոնշյալ եզրակացություն-գրությունը:

Նախ հակիրճ բացատրենք, թե ինչո՞ւ ենք պատասխան բառը վերցրել չակերտների մեջ։ Բանը նրանում է, որ նախարարության պատասխանն ու կցված գրության բովանդակությունն առնչություն չունեն մեր դիմումի մեջ ներկայացված փաստերի ու պահանջի հետ, այլ ընդամենը օրենքով սահմանված կարգով հստակ գործողություններ իրականացնելուց և պատասխանատվություն ստանձնելուց խուսափելու միջոց են։

Հիմա ներկայացնենք, թե ինչ ընթացակարգ է սահմանված նման դեպքերում և ինչ պետք է իրականում աներ նախարարությունը՝ այս խուսափողական պատասխանը գրելու փոխարեն։ Քանի որ դիմումի մեջ հղում էինք արել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և պահանջել փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոնները հաշվի առնելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը, ապա նախարարությունը կամ պետք է ուսումնասիրեր մեր ներկայացրած փաստերը և մերժեր մեր պահանջը՝ նոր էկոլոգիական գործոնների բացակայության հիմքով, կամ էլ համապատասխան գրությամբ ուղարկեր փորձաքննական կենտրոն, որը համաձայն «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի» 10-րդ կետի՝ այդ գործոններն ի հայտ գալուց հետո եռամսյա ժամկետում կվերլուծեր Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած գրությունը և հանդես կգար նոր եզրակացությամբ։

Համաձայն նույն կարգի 11-րդ կետի, եթե այդ վերլուծության արդյունքում պարզվում է, որ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված պայմաններում գործունեության շարունակման դեպքում շրջակա միջավայրին կարող է հասցվել զգալի վնաս, ըստ սահմանված թույլատրելի նորմաների, եզրակացությունը այդ կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ուժը կորցրած է ճանաչվում:

Իսկ կարգի 12-րդ կետում էլ նշված է․ «Եթե վերլուծության արդյունքում պարզվում է, որ շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է գործունեությունում կատարել ամբողջական կամ մասնակի փոփոխություններ, իրականացնել առանձին միջոցառումներ կամ ձեռնարկումներ, ապա փորձաքննական կենտրոնը դրա մասին գրավոր հիմնավորումներով տեղեկացնում է ձեռնարկողին»:

Կարգի 13 և 14-րդ կետերում ևս նշված են մի շարք գործողություններ, որոնք պետք է իրականացնեն ինչպես ձեռնարկողն, այնպես էլ փորձաքննական կենտրոնն ու լիազոր մարմինը (նախարարությունը)՝ մինչև վերջնական որոշման կայացումը։

Մեր դիմումը քննարկելիս նախարարությունը վերոնշյալ գործողություններից ոչ մեկը չի կատարել, փոխարենը հղում է արել մի գրության, որն ընդհանրապես առնչություն չունի մեր ներկայացրած փաստերի և պահանջի հետ։ Նախարարության այդ գրության մեջ մատնանշած են լրիվ այլ փաստարկներ և այլ իրավական գործընթացի առաջարկներ։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն փաստերը, որ նախարարությունը պատշաճ չի ուսումնասիրել և պատասխանել մեր դիմումին՝ սեպտեմբերի 24-ին կրկին պաշտոնական դիմում ենք ուղարկել Շրջակա միջավայրի նախարարին և խնդրել իրականացնել հետևյալ քայլերը․

1․ Պատշաճ ուսումնասիրել մեր օգոստոսի 20-ի դիմումը, ինչպես նաև համանման պահանջով սեպտեմբերի 19-ի դիմումը և հստակ գործողություններ կատարել դրանցում ներկայացված փաստերի վերաբերյալ։ Եթե մեր ներկայացրած փաստերը չեն կարող համարվել փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոններ, ապա հիմնավորել մեր դիմումի պահանջի կատարման մերժումը։

2․ Եթե մեր ներկայացրած փաստերը համարվում են փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոններ, ապա առաջնորդվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի» համապատասխան կետերի պահանջներով՝ առաջնորդվել ընթացակարգով և լիարժեք իրականացնել համապատասխան բոլոր գործողությունները։

 

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30