2020 թվականի հունվարի 1-ից ավարտվում է 2015 թվականից ԵԱՏՄ-ում Հայաստանին տրամադրված ավտոներկրման արտոնությունը: Արտոնությունը տրված էր Հայաստանում ավտոարտադրությունը զարգացնելու նպատակով, սակայն զարգացավ առեւտուրը: Արտոնության վերացման հետեւանքով հնարավոր խնդիրներից խուսափելու համար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագիծ է մշակել, այն քննարկվում է կառավարությունում: ՊԵԿ-ը եւ էկոնոմիկայի նախարարությունը կողմ են նախագծով առաջարկվող կարգավորումներին, ՀՀ ֆինանսների նախարարությունը դեմ է: Նախագիծն այսօր քննարկվում էր ԱԺ տարածարջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում`շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Նախագծի հեղինակը հայտարարեց` կարգավորվում է ոլորտում զբաղված 25-30 հազար մարդու հարց: Առաջարկվում է, որպեսզի անհատ ներկրողները միավորվեն եւ դառնան իրավաբանական անձ, վարեն քաղաքակիրթ բիզնես. «Աշխատեն որոշակի ռեժիմով, որպեսզի պետական մարմինների հետ հարաբերություններն ավելի քաղաքակիրթ լինեն»: Առաջարկը մեկ տարվա համար է առայժմ: Խոսքը միայն ԱԱՀ դաշտում աշխատողների մասին է, բայց եթե անհատը ներկրում է իր օգտագործման, այլ ոչ թե վաճառքի համար, ԱԱՀ-ն կգանձվի:
2020 թվականից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ-ի համաձայնագրի տեխնիկական դրույթների, ավտոմեքենաների տարիքի սահմանափակման խնդիր է առաջանում. ԵԱՏՄ տարածք մուտք գործող մեքենաները պետք է էկոլոգիական որոշակի չափանիշների համապատասխանեն, նաեւ անվտանգության որոշակի համակարգեր պետք է ունենան: Եվ որպեսզի Հայաստանը մեքենաների գերեզմանոց չդառնա, քննարկման ներկայացված նախագծով, առաջարկվում է 4-5 տարեկան մեքենաներից բարձր տարիք ունեցող մեքենաների մուտքը մեր երկիր արգելվի: Նախագծի հեղինակը դեմ չէ, որ շեմը բարձրացվի. քննարկվում է 7 տարեկանի շեմի սահմանումը, որպեսզի սահմանափակումները մեղմ լինեն: Ըստ Միքայել Մելքումյանի, սա նշանակում է, որ շրջանառու միջոցների պակաս է լինելու, մեքենաների գինն է ավելանալու: Ուստի, նա առաջարկվում է, որպեսզի ավտոներկրողները սահմանին ԱԱԾ-ն չվճարեն, վճարեն մեքենայի վաճառքից հետո:
Քննարկմանը մասնակցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը չի հասկանում`ովքե՞ր են նախագծի շահառուները. «Այս պահին մեզ նման նախագիծ պետք չէ»: Նա պնդեց, որ ոչ անհատները, որ փոքր, ոչ էլ խոշոր ընկերությունները չունեն խնդիր. «Ավտոներկրողները շրջանառու միջոցների խնդիր չունեն, քանի որ թանկարժեք ավտոմեքենաները պատվերով են ներմուծվում եւ գնորդից կանխավճարով, իսկ դա մոտավորապես այնքան է, որքան ԱԱՀ-ն: Երկրորդ` վաճառքի տեմպը իրենք գիտեն եւ ըստ այդմ են ներմուծումը կատարում, եթե մտավախություն կա, որ հանկարծ լոգիստիկ շղթան կխաթարվի եւ խմբաքանակ են ներկրել` հատուկ ընթացակարգով են հարկվում: Բացի դա, կա ընթացակարգ, որ երեք ամիսը մեկ ԱԱՀ-ն վերադարձվում է»: Փոխնախարարը պնդում է, որ արտոնության դուրս գալը անհատ ներկրողներին էլ չի խանգարում, կարծում է. «Ֆիզիկական անձինք, որոնք ապօրինի ձեռնարկատիրությամբ են զբաղվում, կարող են ընկերություն բացել, առանց ԱԱՀ-ի վճարման մեքենա ներկրել եւ այդպես էլ չվճարել ԱԱՀ-ն»:
Կարդացեք նաև
Իր առարկությունները փոխնախարարը նաեւ այսպես է հիմնավորում` Հայաստանը ոչ թե ավտոներկրող երկիր է տեսնում, այլ ավտոարտադրող: Միքայել Մելքումյանը հարցրեց` ինչո՞ւ ենք բաց թողել այդ հնարավորությունը եւ արտոնյալ ժամկետը չի օգտագործվել ավտոարտադրության զարգացման համար: Փոխնախարարն ասում է` արտոնյալ ժամկետն ընդունել են եւ սխալ են վարվել, քանզի այդ ժամկետի համար մեծ ծավալի մաքսատուրքեր ենք կորցրել, ավտոարտադրություն զարգացնելու հնարավորությունն էլ բաց ենք թողել, հիմա փորձելու ենք: Նաեւ հավելում է, որ մարդիկ եթե հինգ տարի չեն հարմարվել արտոնյալ ժամկետի ավարտին, մեկ տարո՞ւմ պիտի հարմարվեն, իսկ արդյունքում, բյուջեն հսկայական գումարներ է կորցնելու: Միքայել Մելքումյանը շարունակում է`ինչպե՞ս եղավ, որ Ղազախստանում, ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում զարգանում է, Հայաստանում չի զարգանում ավտոհավաքման տեխնոլոգիան:
Մանրամասները`տեսանյութում
Նախագծի`շահառու չունենալու խնդիրը, ավելի ուշ էլ զարգացավ, փոխնախարարն ասաց`հորինված նպատակ է, ինչը կրքեր բորբոքեց: «Հիմա փակագծեր բացե՞մ»,- վրդովվեց Միքայել Մելքումյանը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ