Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բոլոր խնդիրները կարող ենք լուծել միայն աշխատանքով՝ հույսներս դնելով մեր տաղանդի վրա». վարչապետը հանդիպել է Սիլիկոնյան հովտում աշխատող հայազգի մասնագետներին

Սեպտեմբեր 24,2019 14:50

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիլիկոնյան հովտում ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարության հետ հանդիպումներից և քննարկումներից հետո «Սինոփսիս» ընկերության գրասենյակում հանդիպել է Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող հայազգի մասնագետների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին 100-ից ավելի ՏՏ ոլորտի մասնագետներ։

Հանդիպման սկզբում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ցուցանիշների և զարգացման հեռանկարների մասին տեղեկատվություն, ապա խոսքը փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Իր ելույթում Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ,

շատ ուրախ եմ այսօր այստեղ ձեզ տեսնելու համար։ Մենք մեր երկօրյա այցը Կալիֆորնիայի նահանգ ավարտում ենք, և այսօր պետք է մեկնենք Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու։ Ասեմ, որ այցը Կալիֆորնիա շատ տպավորիչ ստացվեց և շատ արդյունավետ։ Երեկ մենք Լոս Անջելեսում կարևոր միջոցառում ունեցանք, ըստ էության, հանդիպում-հավաք, հանրահավաք, այսօր Սիլիկոնյան հովտում մի շարք հանդիպումներ ունեցանք և նաև այս հանդիպումը։

Ինչի՞ մասին է այս ամենը և ինչո՞վ է պայմանավորված մեր հետաքրքրությունն առանձնապես, առանձնահատուկ Սիլիկոնյան հովտով։ Իհարկե, մենք տեխնոլոգիական ոլորտը հայտարարել ենք առաջնահերթություն մեր կառավարության համար՝ նաև զուգահեռ ունենալով զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, ինտենսիվ կամ արդյունաբերական գյուղատնտեսությունը։ Ընդհանուր առմամբ, սա կապված է Հայաստանի ապագայի մեր տեսլականի հետ, որովհետև մենք կարծում ենք, որ Հայաստանը պիտի լինի բարձր որակավորման աշխատուժ ունեցող երկիր, և Հայաստանը չպիտի լինի ցածր որակավորմամբ աշխատուժի երկիր։

Ընդհանրապես Հայաստանում շատ է խոսվում և անկախությունից ի վեր շատ է խոսվել լավ ապրելու բանաձևի մասին։ Ինչ-որ մի ժամանակ համարվել է, որ լավ ապրելու համար պետք է լինել օլիգարխ կամ կապ ունենալ որևէ օլիգարխի հետ, ինչ-որ մի շրջանում եղել է, որ լավ ապրելու բանաձևը կոռուպցիան է, և այլն։

Մեր հիմնական ուղերձը հետևյալն է. լավ ապրելու բանաձևը կրթությունն է։ Լավ ապրելու բանաձևն այն կրթությունն է, որ մասնագիտական հմտություններ է տալիս մեր քաղաքացիներին և իհարկե, կրթության ոլորտի բարեփոխումները մեզ համար ամենակարևոր և առաջնահերթ նշանակություն ունեն։ Քիչ առաջ մենք խոսում էինք ավելի նեղ կազմով։ Վերջերս ես Ստեփանակերտում հրապարակեցի մինչև 2050 թվականի ռազմավարության նախագիծը, և այնտեղ կա մի տող, որտեղ ասվում է, որ մեր ռազմավարական նպատակներից մեկը կրթությունն ազգային, հանրային գործելակերպ դարձնելն է, ինչը մեզ համար նշանակում է, որ կրթական պրոցեսը Հայաստանի Հանրապետությունում պետք է սկսվի 3 տարեկանից, որ մեր երկրում 3 տարեկան բոլոր երեխաները պետք է հասանելիություն ունենան նախակրթարաններին, և կրթական պրոցեսը երբեք չպետք է ավարտվի, այսինքն՝ նույնիսկ համալսարանն ավարտելու, հաջող աշխատանքային կարիերա ունենալու պարագայում կրթության պրոցեսը պետք է չավարտվի։

Մեր հաջորդ պատկերացումն այն է, ինչի մասին ես մի քանի անգամ խոսել եմ՝ յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետությունում, սկսած տաքսու վարորդից մինչև վարչապետ, ամեն հաջորդ օրը պիտի թեկուզ մի փոքր ավելի բարձր կրթական մակարդակ ունենա, քան նախորդ օրը։ Ընդհանրապես, այս ամեն ինչն ինձ համար առաջին հերթին կրթական գործընթաց է, որովհետև ամեն աշխատանքային կամ պաշտոնական այցի, նաև այսօրվա այցի կարևորագույն նպատակներից մեկն այն է, որ մենք նոր ինֆորմացիա ենք ստանում, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում և այդ գիտելիքները պետք է կարողանանք օգտագործել մեր հետագա աշխատանքներում։

Իհարկե, ասելով, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն առաջնահերթություն է, քաղաքական արձանագրում է, շատ կարևոր է, թե մենք գործնականում ինչ ենք անում դա իրականություն դարձնելու և Հայաստանը տեխնոլոգիական ոլորտի համար գրավիչ դարձնելու համար։ Շատ կարևոր փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հարկային օրենսգրքում, որն, իհարկե շատ մեծ բանավեճերի տեղիք տվեց։ Ես ուրախ եմ արձանագրել, որ 2020 թվականի հունվարի 1-ից մենք կունենանք 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, և ամեն տարի այդ եկամտային հարկն առաջիկա 4 տարիների ընթացքում կնվազի 0.5 տոկոսով, և արդյունքում 4 կամ 5 տարի հետո մենք կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ։

Ի՞նչ կապ ունի սա տեխնոլոգիական ոլորտի հետ։ Մենք հիմա ունենք, այսպես ասած, երեք հարկանի եկամտային հարկ՝ մինչև 150.000 դրամ աշխատավարձերը հարկվում էին 23 տոկոս եկամտային հարկով, մինչև 2 մլն դրամ աշխատավարձերը հարկվում էին 28 տոկոս եկամտային հարկով և 2 մլն դրամից ավելի աշխատավարձերը հարկվում էին 36 տոկոսով։ Հասկանալի է, որ 23 տոկոսից բարձր հարկվող ամենահիշարժան ոլորտներից մեկը ՏՏ ոլորտն է, որովհետև այնտեղ աշխատավարձերը 500.000 դրամ և ավելի բարձր են։ Սա նշանակում է, որ մենք այդ ոլորտի համար եկամտային հարկը, եթե վերին առաստաղից հաշվարկենք, 13 տոկոսով նվազեցնում ենք, և առաջիկայում ավելի շատ` 16 տոկոսով կնվազեցնենք, ինչի արդյունքում, հույս ունենք, որ ներդրողների համար ավելի գրավիչ կլինի միջավայրը՝ Հայաստանում ՏՏ ոլորտի համար աշխատատեղ ստեղծելու առումով։

Հաջորդը, գիտեք, որ մեր երկրում փոփոխությունների է ենթարկվել ստարտափների մասին օրենսդրությունը։ Այդ օրենսդրության համաձայն՝ Հայաստանում հիմնադրված նոր գրանցված տեխնոլոգիական ընկերությունները մինչև 2023 թվականն ազատված կլինեն հարկերից, և այդ ընթացքում իրենք արդեն եկամտային հարկն աշխատողների համար կվճարեն 10 տոկոս: Այսինքն՝ այս պարագայում, բացի եկամտային հարկի այն ընդհանուր իջեցումից, ևս 13 տոկոս նվազեցում ունենք, և մենք հույս ունենք, որ սա նաև ստարտափների համար մեր երկիրն առավել գրավիչ կդարձնի։

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել հետևյալը. կարծում եմ՝ շատ կարևոր է արձանագրել, թե հիմա մեր երկրում ինչ տնտեսական վիճակ է։ Ես կարծում եմ, և տվյալները դա ցույց են տալիս, որ մեր երկրի տնտեսությունը թափ է հավաքում, և դա ցույց են տալիս նաև այս տարվա մեր տնտեսական աճի մասին կանխատեսումները, որոնք անընդհատ ավելի ու ավելի բարելավվում են։ Վերջին ամենաթարմ տվյալով՝ Կենտրոնական բանկը Հայաստանի 2019 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է՝ 6.9-ից դարձնելով 7.2։ Ընդհանրապես մեր նպատակն է՝ հասնել տնտեսական աճի առնվազն 8-9 տոկոսի և անցում կատարել տնտեսական աճի երկնիշ զարգացման, բայց դրա համար հարկավոր է, իհարկե, որ այսօրվա, երեկվա մեր ուղերձները որոշակի ըմբռնում ստանան, հատկապես Սփյուռքի, հատկապես հայության շրջանում, և ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։

Տնտեսական առումով այլ կարգի փոփոխություններ են եղել. ուզում եմ ասել, որ, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկինում ընդունված փաստաթղթերի համաձայն՝ եթե Հայաստանում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը տարեկան ավելանա, փոխվի 0.3 տոկոսով, ԱՄՀ-ի փորձագետները համարել են, որ դա կլինի շատ լավ, շատ դրական զարգացում։ Բայց, մեր հաշվարկներով, միայն 2019 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշն ավելանալու է 1.3 տոկոսով, այսինքն՝ ԱՄՀ-ի ռեկոմենդացիան մենք 3-4 անգամ գերազանցելու ենք։ Այս տարի էլի, մեր հաշվարկներով, ստվերային տնտեսությունը 3 տոկոսով կկրճատվի։ Առաջին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են մոտ 25 տոկոսով, և այս ավելացումները մեզ հնարավորություն են տվել բարձրացնել զինվորականների, ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը, հոկտեմբերի 1-ից կբարձրացնենք հրշեջների, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը, և 2020 թվականի հունվարի 1-ից 10 տոկոսով կավելանան թոշակները։

Մենք այսօր Հայաստանում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ ենք իրականացնում։ Երեկ ես հանրահավաքի ժամանակ ասացի, որ վերջին անգամ Հայաստանի ճանապարհային ցանցը կարգի է բերվել Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով, և ուրախ եմ հայտարարել, որ մենք այսօր, մյուս տարի ու առաջիկա տարիներին ի վիճակի կլինենք պետական բյուջեի հաշվին և միջոցներով իրականացնել առնվազն նույն ծավալի աշխատանք կամ ընդհանուր առմամբ նույնքան աշխատանք, ինչքան կատարվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով։

Եվս մեկ տվյալ՝ իհարկե, այդ բոլոր տվյալները հրապարակված են, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել 65000 նոր աշխատատեղ։ Սրանց մի մասն ի հայտ է եկել ստվերի կրճատման արդյունքում, մյուս մասը՝ նոր ստեղծված աշխատատեղերն են։

Մեզ համար շատ կարևոր է քաջալերել ՀՀ քաղաքացիներին և նրանց համար մի այսպիսի տնտեսական բանաձև սահմանել, որ մենք ընդհանրապես մեր բոլոր խնդիրները կարող ենք լուծել միայն աշխատանքով՝ հույսներս դնելով մեր տաղանդի, մեր տաղանդի զարգացման, այդ տաղանդի նախնական փուլում հայտնաբերման վրա, և ես ուրախ եմ, որ մեր ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի հանրությունը ընկալում են այն քաղաքական ուղերձները, որ մենք հղում ենք նրանց։

Սա շատ կարևոր բան է, որովհետև հավատում են, որ տնտեսական հեղափոխության համար ամենակարևոր գործոնը քաղաքական իշխանության, կառավարության և քաղաքացիների միջև իրական երկխոսության ծավալումն է, և այն երկխոսությունը, որը սկսվել է մեր միջև դեռևս հեղափոխության օրերին, երբ մենք հեղափոխական հարթակում էինք, նաև կառավարություն դառնալով՝ մենք այդ երկխոսությունն արդյունավետ շարունակում ենք։ Ես համոզված եմ, որ դա շարունակելու է բերել իր արդյունքները, այն արդյունքները, որոնք այսօր արդեն կան: Վերջին 5 ամսվա ընթացքում արդյունքները ներկայացրել եմ երկու փաստաթղթով, որոնք կոչվում են «100 փաստ Նոր Հայաստանի մասին»։ Հետևաբար, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ ունենք 200 փաստ Նոր Հայաստանի մասին, և բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել կոնկրետ շոշափելի, չափելի, տեսանելի, թե ինչ է փոխվել ՀՀ-ում հեղափոխությունից հետո, կարող են այդ 2 փաստաթղթերին ծանոթանալ և կտեսնեն այն 200 փոփոխությունները, որ այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել: Մեր կառավարության գործունեության նպատակն է՝ ամեն ամիս, ամեն եռամսյակ, ամեն տարի 100-ավոր փոփոխություններ բերել Հայաստանի Հանրապետությանը, այնպիսի փոփոխություններ, որոնցով մենք բոլորս հպարտ կլինենք։

Շնորհակալ եմ»։

Հաջորդիվ ծավալված հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի զարգացմանը, ՏՏ ոլորտի զարգացման ուղղություններին, կրթության, գիտության ոլորտի բարեփոխումներին, Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ իրավիճակին և այլն։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայ բարեգործական ընդհանուր միության միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր՝ ԱՄՆ այցի շրջանակում սա արդեն ստորագրվող չորրորդ փաստաթուղթն է, ինչը վկայում է այցի հագեցած և նպատակային օրակարգի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Կալիֆորնիա նահանգ ավարտվել է։ Սան Հոզեից Հայաստանի վարչապետը մեկնել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, հանդես կգա ելույթով։

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30