Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի տարի մեզանից ԱԱՀ չուզեք, ինչ ուզում եք` արեք». Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհանիսյանի պահանջը` կառավարությանը

Սեպտեմբեր 24,2019 14:25

«Մարդիկ գնում 150-200 հազար դոլարանոց ավտոբուս են ման գալիս, մեր ինժեներական խումբն առաջարկում է 30 հազար դոլարով անել, հարյուր դրամով էլ սպասարկել»,- այսօր ԱԺ-ում կազմակերպված քննարկման ժամանակ իր վրդովմունքը հայտնեց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` կառավարությանը մեղադրելով Հայաստանում ավտոարտադրության ոլորտը հատուկ չզարգացնելու մեջ: «Տավուշի մարզպետին էլ ասեք, որ ադրբեջանցիները գնացել էին, էդ գյուղերում պիտի գործարանը կառուցվեր… ամեն ինչ խոսացել ենք… կառավարությունը մատը մատին չի տալիս, որպեսզի ավտոպրոմը զարգանա: Մեզ ասում են` ԱԱՀ-ն չտաք, բա ո՞նց բանակ պահենք: Գործազրկության խնդիր ա, ավտո չեմ բերի, բանակ չես պահի»,- վրդովվեց Տիգրան Հովհաննիսյանը` իմպերատիվ հայտարարելով. «Մի տարի մեզանից ԱԱՀ չուզեք, ինչ ուզում եք`արեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, 2020 թվականի հունվարի 1-ից ավարտվում է 2015 թվականից ԵԱՏՄ-ում Հայաստանին տրամադրված ավտոներկրման արտոնությունը: Արտոնությունը տրված էր Հայաստանում ավտոարտադրությունը զարգացնելու նպատակով, սակայն զարգացավ առեւտուրը: Արտոնության վերացման հետեւանքով հնարավոր խնդիրներից խուսափելու համար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագիծ է մշակել, այն քննարկվում է կառավարությունում: ՊԵԿ-ը եւ էկոնոմիկայի նախարարությունը կողմ են նախագծով առաջարկվող կարգավորումներին, ՀՀ ֆինանսների նախարարությունը դեմ է:  Նախագիծն այսօր քննարկվում էր ԱԺ տարածարջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում`շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Իշխող ուժի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ համամիտ է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ՝ պետք չէ արտոնության ժամկետը եւս մեկ տարով երկարաձգել. «Եթե հինգ տարի չեք ադապտացվել, մեկ տարում էլ չեք ադապտացվելու»: Նա կողմ է տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումներին, ոչ թե առեւտրի ոլորտում եւ չի կիսում ավտոներկրողների մտահոգությունները, թե ինչո՞ւ ԿԲ-ն արտոնյալ վարկեր չի տալիս իրենց: Պատգամավորը նկատում է`արտոնյալ վարկեր պետք է տալ երիտասարդ ընտանիքներին, մատչելի բնակարանաշինությանը եւ այլն: Ասում է նաեւ, եթե հինգ հազար դոլար ունենար, իր երեխային կրթություն կտա, համակարգիչ կգնի, ավտոմեքենա գնելը կլինի ամենավերջին բանը, որտեղ ինքը ներդրում կանի:

Ավտոներկրողներն էլ առաջարկում են`ավտոարտադրություն չենք կարողանում զարգացնել, եկեք կամաց քայլերով գնանք ավտովերանորոգման, ինչը լավ հիմք կլինի հետագա զարգացման համար: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը համամիտ է այս առաջարկի հետ`վերանորոգման ինստիտուտը զարգացնելու շրջանակներում քայլ առ քայլ գնալ մեքենաշինության ինդուստրիայի զարգացմանը, մանավանդ, հիմա կառավարությունում` Տիգրան Ավինյանի գլխավորությամբ արդյունաբերության, ավտոմոբիլաշինության զարգացման ծրագրեր են քննարկվում:

Միքայել Մելքումյանը տեղյակ է, որ մոտ 30 հազար ավտոմեքենայի կուտակում կա Հայաստանում, մարդիկ սպասում են, որ հունվարի 1-ից թանկանան`վաճառեն: Կառավարության ներկայացուցիչը հստակ թվերի չէր տիրապետում, բայց Մելքումյանը դա էլ է խնդիր համարում, որը լուծման կարիք ունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30