Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն եղավ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ Արման Բաբաջանյանի միջեւ, ինչից հետո քննարկման սրահից Գեւորգ Պետրոսյանը դուրս եկավ:
Լրագրողների հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն ասաց. «ՍԴ-ն այս կամ այն որոշումն է կայացրել, հիմա, եթե խախտում են արել, ինչո՞ւ են մի անձի պաշտոնանկության հարցը բարձրացնում, այդտեղ քվեարկություն է, չէ՞, եղել: Աշխատակարգային որոշումներ կայացնելիս քվեարկություն է լինում: Հիմա, եթե սա անձի խնդիր չի, ինչի՞ է դրված միայն Հրայր Թովմասյանի խնդիրը: Դե թող ամբողջ դատական կազմի գործունեության իրավաչափությունը վերանայեն»:
Երբ Արման Բաբաջանյանը ելույթ ունեցավ, Գեւորգ Պետրոսյանը բորբոքվեց՝ ասելով՝ հումորի հո չե՞նք եկել: Հարցրեցինք՝ ի՞նչը ձեզ հունից հանեց, որ բորբոքվեցիք՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ, կոնկրետ հարց է քննարկվում, ոչ մեկը ավելորդ ժամանակ չուներ գար ինչ ուզեր խոսար ստեղ՝ մենք էլ լսենք: Կոնկրետ հիմքը կա, ուրեմն գնահատենք այդ հիմքը եւ մեր քվեարկությամբ մեր դիրքորոշումն արտահայտենք: Բաբաջանյանը խոսում էր ինչ-որ տարիներ առաջ ինչ-որ դեպքերի մասին, ես էլ դրա համար ասում եմ՝ մենք չենք եկել, որ ինչ-որ տարիների դեպքեր քննենք: Մենք կոնկրետ օրակարգային հարց ունենք»:
Հարցին՝ ըստ ձեզ, «Իմ քայլի» ներկայացրած այդ 4 հիմքերը էական կարգապահական խախտման մասին չե՞ն վկայում՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Խմբակցությունում քննարկում չի եղել, ես չեմ այն անձը, ով իրավասու է խմբակցության անունից հրապարակային դիրքորոշումներ հայտնել: Իմ անձնական կարծիքն ասել եմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ