Ընթանում է վարչապետի այցը ԱՄՆ: Փաշինյանը Լոս Անջելեսում նախ հանդիպեց ավանդական հայ կուսակցությունների ղեկավար կազմերի, ապա Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարության հետ:
Հատկանշական է, որ այդ հանդիպումներում ՀՀ վարչապետը խոսեց համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման անհրաժեշտության մասին: Սակայն Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում վարչապետը համախմբվածության անհրաժեշտությունն ընդգծելու փոխարեն, փորձեց «հաթաթա» տալ բոլորին՝ նախկիններին, մամուլին, դատարաններին, եկեղեցականներին:
Տպավորություն է ստացվում, թե վարչապետն իր գլխավորած կառավարությունը նույնացնում է պետության հետ, սակայն պետք է նկատի ունենալ, որ կառավարությունները կգան ու կգնան, իսկ առաջնայինը պետության ողնաշարն է, որի ամրությունը մշտական պահպանության կարիք ունի: Կառավարությունը պետք է շատ հաճախ նաև քննադատության ենթարկվի, որպեսզի ստիպված լինի աշխատել, ուղղել սխալները և բացթողումները:
Իսկ եթե կառավարության ղեկավարը քննադատություններին պատասխանում է սպառնալիքների լեզվով, սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ընտրել է ոչ թե քննադատությունները լսելու, այլ դրանց հակադարձելու գործելակերպ, այդպես կառավարությանը չի հաջողվի տեսնել իր սխալները և ուղղել դրանք:
Կարդացեք նաև
Եվ այս համատեքստում սպասվում էր, որ Լոս Անջելեսի Գրանդ Պարկում վարչապետի ելույթը յուրահատուկ հնչեղություն է ունենալու, նախանշվելու են Հայաստան-Սփյուռք համագործակցության կոնկրետ ուղղություններ, սակայն վերջինիս ելույթն աչքի ընկավ պաթոսով և ավելի շատ նմանվում էր գրական երեկոյի՝ առանց շեշտադրված մեսիջների: Փաշինյանը իր խոսքի մեծ մասը նվիրեց բանաստեղծություններ արտասանելուն և իր գլխավորած կառավարության գովքին:
Գնահատելի է, որ վարչապետը կարողանում է հայ համայնքի մասնակցությամբ մեծամասշտաբ հավաք կազմակերպել Լոս Անջելեսում, սակայն չպետք է մոռանալ նաև դրա բովանդակային կողմը:
Այդ իմաստով վարչապետի այցին չէր նախորդել բուռն նախապատրաստական աշխատանք, երևի թե դրանով է պայմանավորված, որ Փաշինյանի ելույթներում և ասուլիսում մեծ հաշվով ասելիք չկար, դրանք այն նույն ֆրազներն էին, որոնք արդեն մեկուկես տարի վերջինս կրկնում է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: