Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 5 անգամ՝ կազմելով 7,8 միլիարդ դրամ. Մարինե Առաքելյան. «Փաստ»

Սեպտեմբեր 24,2019 13:24

Օրերս Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 100 փաստ «նոր Հայաստանի» մասին: Դրանք վերաբերում էին տնտեսության տարբեր ճյուղերում, առողջապահական, կրթական ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին: Ամեն ինչի մասին խոսվեց թվերի տեսքով, որոնք վկայում են աճի, զարգացման տեմպերի մասին: Մինչդեռ, օրինակ, տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը շտապեց 10 հակափաստարկ ներկայացնել` վարչապետի ներկայացրած 100 փաստերից 10 տնտեսական հարցերի վերաբերյալ:«Փաստն» այս հարցերի շուրջ զրուցել է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի հետ:

-Տիկին Առաքել յան, վարչապետը նշել էր, որ 2019 թվականի առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են փոփոխություններ, մասնավորապես ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48 տոկոսով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսը՝ 56 տոկոսով և այլն: Որպես հակափաստարկ նշել էիք, որ տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս իրականացվող փոփոխությունների արդյունավետությունը, քանի որ 2019 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտը 7,4 տոկոս անկում է գրանցել: Ի վերջո, ի՞նչ պատկեր ունենք գյուղատնտեսության ոլորտում:

-Այո՛, գյուղատնտեսության ոլորտը նվազել է 7,4 տոկոսով` հանգեցնելով տնտեսության ակտիվության դանդաղեցմանը: Ընդ որում՝ բուսաբուծությունն անկում է գրանցել 15,3 տոկոսով, իսկ անասնաբուծությունը՝ 3 տոկոսով: Բուսաբուծության նվազումը պայմանավորված է եղել պտղի և հատապտուղների, հացահատիկի և կարտոֆիլի բերքի նվազմամբ՝ համապատասխանաբար 51,4 տոկոսով, 18,7 տոկոսով և 13,5 տոկոսով: Անասնաբուծության վրա իր ազդեցությունն է թողել կենդանիների և թռչնի սպանդը՝ գրանցելով 4,1 տոկոս անկում:

Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները համակարգային լուծումների կարիք ունեն, ինչը ենթադրում է մեծածավալ ներդրումներ գյուղատնտեսության և գյուղատնտեսության վերամշակման ոլորտում՝ այդ բնագավառում առնվազն դրական միտումներ արձանագրելու և բնակլիմայական ոչ բարենպաստ գործոնները չեզոքացնելու համար:

-Վարչապետը, կարծես թե, չխոսեց օտարերկրյա ներդրումների մասին: Ի՞նչ պատկեր ունենք այս առումով:

-Օտարերկրյա ուղղակի ներդրումների կիսամյակային ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն նախնական պատկեր ստանալու համար կարող ենք դիտարկել նաև տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի դինամիկան, ինչը ստացումների և մարումների տարբերությունն է: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 5 անգամ՝ կազմելով 7,8 միլիարդ դրամ: Նշեմ, որ վիճակագրական կոմիտեի ցանկում ներառված են երեք տասնյակից ավելի երկրներ, և ուշագրավ է, որ դրանցից ավելի քան 50 տոկոսի դեպքում արձանագրվել է ներդրումային զուտ հոսքերի նվազում:

Ջերսիի դեպքում արձանագրվել է ամենամեծ փոփոխությունը, որտեղից ներդրումները 2019 թվականի առաջին կիսամյակում կազմել է 0 դրամ: Ներդրումներն այս երկրից կատարում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, և սա պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի սառեցմամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30