Լրահոս
Օրվա լրահոսը

«Հումորի՞ ենք եկել, ի՞նչ կապ ունի այս հարցը Արա Բաբլոյանի հետ, մի հատ կարա՞նք իմանանք». Գեւորգ Պետրոսյանն ու Արման Բաբաջանյանն ԱԺ-ում վիճեցին

Սեպտեմբեր 24,2019 13:16

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն եղավ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ Արման Բաբաջանյանի միջեւ:

Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց. «Ես իրապես համոզված եմ, որ անձինք կարեւոր են ՍԴ-ում, որովհետեւ ո՛չ Գագիկ Հարությունյանը կլիներ ՍԴ նախագահ, ո՛չ Հրայր Թովմասյանը, եթե այդ կապերով նախկին իշխանությունների հետ կապված չլինեին : Անվստահությունը, որ մենք տարիներ ի վեր կուտակել ենք ՍԴ-ի նկատմամբ, խորապես առնչվել է այն անձանց, ովքեր գլխավորել են մեր երկրի բարձրագույն դատական մարմինը, ընտրական գործընթացների շրջանում՝ հատկապես: Հետեւաբար, իհարկե, իրավական հիմքեր պետք է լինեն այսօրվա հարցի քննարկման համար, բայց անձերից չենք կարող վերանալ: Եթե Հրայր Թովմասյանը պատշաճ բարձրության վրա մնար եւ թույլ չտար այն խախտումները, որոնք արձանագրված են այս փաստաթղթում՝ հատկապես, որ բացարկի վերաբերյալ քննության չեն ենթարկվել դիմումները…«Իմ քայլի» 4 կետերը հիմնավոր են, դրանք էլ ավելի ցայտուն են դարձնում Հրայր Թովմասյանի՝ նախկինում ՀՀԿ կուսակցության ղեկավար անդամ լինելու, կասկածները ավելի է հաստատվում, որ Հրայր Թովմասյանը շարունակում է հաստատուն կապ ունենալ նախկին իշխանությունների հետ եւ կոնկրետ քրգործով աջակցել այդ անձի փաստաբանական խմբին եւ թիմին»:

Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հետ աշխատելով՝ մի դիմում է պատրաստել ու ցանկանում է այն կցել «Իմ քայլի» դիմումին: Ինչպես նշեց պարոն Բաբաջանյանը, այդ դիմումը նրա մասին է, թե ինչպիսի «կոպտագույն խախտումներով» է 2018-ի փետրվար-մարտ ամիսներին ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանը դադարեցրել Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները: Սա լսելուն պես՝ Գեւորգ Պետրոսյանը միջամտեց ու տեղից սկսեց վիճել. «Հումորի՞ ենք եկել մենք: Ի՞նչ կապ ունի այս հարցը Արա Բաբլոյանի հետ, մի հատ կարա՞նք իմանանք»:

Արման Բաբաջանյանն ասաց. «Թողեք ես ելույթ ունենամ», Գեւորգ Պետրոսյանն էլ հակադարձեց. «Եթե ՍԴ-ի հարցն է, ՍԴ-ին է վերագրվում այդ մեղադրանքը, ինչո՞ւ ենք մենք կոնկրետ մարդու թեկնածություն նայում, մի հատ կարա՞նք իմանանք, եթե կոնկրետ մարմնին է վերաբերվում, ինչի՞ եք մի մարդու հարցը նայում, մարմինն է որոշումը կայացրել»:

Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հորդորեց Պետրոսյանին, որ թույլ տա Արման Բաբաջանյանը ելույթ ունենա, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը միջամտեց՝ հորդորելով միմյանց հարգել:

Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ԱԺ-ն պետք է հետ կանչի այն որոշումը, որով Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարել էին եւ նա դարձել էր ՍԴ անդամ. «Դրան պետք է տալ քրեաիրավական գնահատական»:

Գեւորգ Պետրոսյանը ափերից դուրս եկավ ու նորից բորբոքվեց. «ԱԺ-ն քրեաիրավական գնահատական տվող մարմին չէ»:

Վլադիմիր Վարդանյանը փորձեց սաստել. «Ամեն մարդ իրավունք ունի ելույթ ունենալ, ԱԺ-ն չի կարող քրեաիրավական գնահատական տալ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է սահմանափակենք պարոն Բաբաջանյանի արտահայտվելու իրավունքը: Այդ պարագայում ես ամեն անգամ կարող եմ մտնել ու խառնվել, ասել՝ համաձայն չեմ, էս ի՞նչ ասեցիր»:

Գեւորգ Պետրոսյանը դուրս եկավ քննարկման սրահից: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա իր դժգոհությունները ներկայացրեց, որը կհրապարակենք հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30