Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովում (HDIM) սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ անդամ երկրների քաղհասարակության անդամները և դիվանագետները ներկայացրել են իրենց երկրներում դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման առաջարկներ արել:
Հայաստանի արդարադատության նախկին նախարար, կասեցված անդամակցությամբ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, որն այժմ հանդես է գալիս «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի անունից, խոսել է Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրների մասին: Նա, մասնավորապես, մտահոգիչ է համարել, որ խուզարկություն է իրականացվել «ոչ ցանկալի որոշում» կայացրած դատավորի գրասենյակում, երբ նա արձակուրդում էր: Հովհաննիսյանը կիսվել է նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագծի շուրջ իր մտահոգություններով, ինչպես նաև կասկածի տակ է դրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընտրության օրինականությունը:
Արփինե Հովհաննիսյանի ելույթը զարմացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: «Զավեշտալի է, որ դատական համակարգի խնդիրների մասին է խոսում մի մարդ, որն անձնապես պատասխանատու է եղել դատական համակարգի անկախության երաշխավորման համար, որը փաստացի եղել է լիարժեք զավթված»,- ասել է Իոաննիսյանն իր ելույթում:
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները հապաղել են դատական համակարգի բարեփոխումների հարցում:
Կարդացեք նաև
«Վրաստանի, Ուկրաինայի և ժողովրդավարական անցում ապրած այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դատական ռեֆորմը իրոք ամենադժվարն է: Սակայն ես նաև չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանությունները բավականին ուշացան դատական ռեֆորմի մեկնարկի հարցում: Այն գործնականում սկսվեց մի քանի ամիս առաջ, այնինչ կարող էր սկսվել դեռևս անցյալ տարի»,- ասել է նա՝ հավելելով, որ դատական համակարգը պետք է ազատվի թե՛ կոռումպացված իշխանությունների հրահանգները կատարած անձանցից և թե՛ դատական անկախությունը ոտնահարող ավանդույթներից:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շարունակել է նույն միտքը՝ ընդգծելով,որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դատական իշխանությունը նույնն է մնացել: Նա նշել է, որ նոր իշխանությունները պարտավոր են իրականացնել համակարգային արմատական օրենսդրական փոփոխություններ՝ իրական անկախ դատական համակարգ ձևավորելու համար: Սաքունցը նաև կոչ է արել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին մշտապես օգնել Հայաստանի իշխանություններին՝ այդ ճանապարհին դժվարությունները հաղթահարելու համար, ինչպես նաև սերտորեն համագործակցել Հայաստանի քաղհասարակության հետ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովը Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու Հյուսիսային Ասիայի ամենածավալուն ամենամյա միջոցառումն է՝ նվիրված մարդու իրավունքներին։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»