«Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումները շատ դեպքերում հիմք են հանդիսանում ամբողջ իրավական գործընթացների փոփոխման համար: ՍԴ-ի հեղինակությունն իջեցնելու արդյունքում մենք ունենալու ենք իրավիճակ, երբ երկրում սահմանադրական անվտանգությունը վտանգվում է», – այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Կարեւոր է, որ բոլոր գործընթացները հանրության համար լինեն բացարձակապես թափանցիկ եւ ընկալելի: Այն, որ ՍԴ-ի նկատմամբ երբեւէ չի եղել խորը ակնածանք, պարզ է»: Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանին դեմ էր քվեարկել ՝ ՍԴ անդամ ընտրելիս. «Ինքը չի համապատասխանում այդ չափորոշիչներին եւ չէր կարող լինել ՍԴ նախագահ, մենք մեր պատճառներն ու հիմնավորումներն ունեինք: Մենք լսեցինք, ձեր բոլոր 4 հիմնավորումները: Առաջիկայում մենք մեր որոշումը կկայացնենք, ԲՀԿ-ն երբեւէ չի եղել կաշկանդված ոչ քաղաքական, ոչ իրավական ինչ-ինչ հարցերով: Հանրությունը պիտի բացարձակապես վստահ լինի, որ եթե մենք մերժում ենք մի բան, որովհետեւ հիմքում տեսնում ենք անաչառություն, ապա մեր բոլոր քայլերը պիտի լինեն օրինական, սուբյեկտիվիզմը մեր քայլերից պիտի բացառվի»: Նա ասաց, որ ԲՀԿ-ն իր որոշումը կհրապարակի առաջիկա 1-2 օրերին:
Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Այս գործընթացն իմ համար հեշտ չի՝ հաշվի առնելով, որ ես բավականին երկար ժամանակ աշխատել եմ ՍԴ-ում: Հավատացեք,ՍԴ-ում չի եղել այնպիսի պաշտոն, որ ես թռնելով գնամ: ՍԴ-ին որ անդրադառնում ենք, ասում ենք՝ երկու դժբախտություն ունի ՍԴ-ն՝ առաջինը, որ գտնվում է Բաղրամյան փողոցի վրա, երկրորդը՝ լուծում է ընտրությունների հետ կապված վեճերի հարցը: Ընտրական գործընթացների հետ կապված վստահությունն ընկնում է ՍԴ-ի նկատմամբ: Օրենքների սահմանադրականության հետ կապված խնդիրներ չեն եղել: Ընտրություններին չեմ անդրադառնում: Բոլոր գործերը քննվում էին առաջ բանավոր, այնուհետեւ զուգակցվեց՝ գրավոր եւ բանավոր, գործերը շատ էին, դա արվում էր, որ եւ ծավալը չավելանա, եւ տեսանելիությունը ապահովվի, վերջին շրջանում բացառապես գրավոր ընթացակարգերով է»:
Ինչ վերաբերում է ԱԺ-ի նախաձեռնած գործընթացին՝ նա ասաց, որ այն պետք է մնա իրավական տիրույթում. «Այն հիմքերը, որոնք վկայակոչված են, իրավական տիրույթում են, մեր զեկուցումները իրավական տիրույթում են եւ ՍԴ-ից ակնկալում ենք, որ վերջինս կայացնի իրավական, ոչ թե քաղաքական տրամաբանությունից ելնելով որոշում»:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ասաց. «Երկար ժամանակ այս դատարանը հանրային ընկալման մեջ վստահություն չի ունեցել, ինչո՞ւ ենք համարում, որ դատավորին փոխելով՝ լուրջ փոփոխություն ենք, անում, մի՞թե ավելի ճիշտ չի ինստիտուցիոնալ լուծում տալ ու գնանք այն ուղղությամբ, որ Գերագույն դատարան ստեղծվի, ոչ թե չորս ատյան դատարան ունենանք»: Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Դա մոդել է, առաջարկ է, օրինակ, Ղըրղզստանը փորձ կատարեց անցնել այդ մոդելի: Եթե գնում ենք այդ ճանապարհով, դա առանձին գործընթաց է, հանրաքվե պահանջող»:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Եթե կան մարդիկ, ում կարծիքով մենք էստեղ անձի խնդիր ենք քննարկում, իրենց ստիպված եմ ծանուցել, որ այստեղ անձի հարց չկա: Մենք շատ ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնած: ԲՀԿ-ն շահագրգռված է, որ ցանկացած գործընթաց կազմակերպվի օրենքի շրջանակներում: Մեզ համար անձինք չեն կարեւոր: Այստեղ դրված է ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը: Մենք մի խնդիր պիտի լուծենք, ոնց որ շեղվել ենք մեր օրակարգից՝ կա՞ն օրենքով ու սահմանված հիմքերը, թե՞ ոչ: Մեր համար Հրայր Թովմասյանը չի կարեւոր, զոռով ինձ ստիպում եք ասել՝ նա իմ աչքի լույսը չի, ոչ էլ իր նմանները, բայց մենք պետք է մշակույթ ձեւավորենք՝ վերանանք անձի տիրույթից՝ էսինչյանի բարեկամն է, դրա համար եկեք իրան սենց անենք….Մենք պետք է այստեղ քննարկեինք՝ օրենքում որ նշված է՝ էական կարգապահական խախտում, կա՞ այդպիսի հանգամանք, թե՞ ոչ»:
Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց. «Մենք որեւէ մեկին չենք խոստացել պաշտպանել Հրայր Թովմասյանին: Ես չհամոզվեցի, չտեսա՝ էական խախտումը ո՞րն է, սա իմ անձնական կարծիքն է: Եթե կա, թող պատժվի ինքը: Ես չտեսա, չկարողացա հասկանալ՝ կարգապահական էական ի՞նչ խախտում է թույլ տվել Հրայր Թովմասյանը: Որ տենամ իրան, հարցնելու եմ՝ բա չե՞ս ամաչում՝ էական կարգապահական խախտում ես թույլ տալիս, ինքն էլ ինձ հարցնելու է՝ բայց ո՞րն է, ու կարող է ես իրեն պատասխան չունենամ տալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ