Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյան. «Նա, ով մաքուր դաշտում է աշխատում, անհանգստանալու որեւէ բան չունի». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 24,2019 12:34

Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հավանության արժանացած «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում մտավախության էր հայտնել, որ սա կնպաստի կանխիկ գործարքների ավելացմանը, ինչը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում։ Տեսակետներ են հնչում նաեւ, որ այս նախագծի ռիսկերը շատ ավելի մեծ են, քան հնարավոր դրական ազդեցությունը։

Կառավարության հավանությանն արժանացած նախագիծը սահմանում է որոշակի փոփոխություններ, որոնք թույլ են տալիս քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլեւ նրա ընտանիքի անդամների եւ փոխկապակցված անձանց բանկային տվյալները։ Նոր նախագիծը սահմանում է նաեւ բոլոր այն հանցագործությունները, որոնց դեպքում թույլատրվում է նշված տեղեկատվության փոխանցումը։ Օրենքի փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ ներկա կարգավորումները թույլ չեն տալիս բացահայտել հանցագործությունների այնպիսի դեպքեր, երբ գործարքները կատարվել են ոչ թե հանցագործությունը կատարող անձի, այլ մեկ ուրիշի բանկային հաշվի միջոցով։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետի եւ իրավաբանի որակավորում ունեցող Արթուր Դավթյանը, սակայն, կարծում է, որ նախագիծը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ։

– Պարոն Դավթյան, վերջին օրերին հանրության տարբեր շրջանակներում շատ է քննարկվում «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ի՞նչ կարծիք ունեք նախագծի մասին եւ որքանո՞վ են հիմնավոր այն կարծիքները, որ այն կարող է վատ հետեւանք ունենալ։

– Ես չեմ կարող այդ մասին կարծիքները մեկնաբանել, բայց կարող եմ ասել իմ կարծիքը. իրավական տեսանկյունից ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ հենց սրանով շատ հանցագործություններ կարող են բացահայտվել ու նաեւ կանխվել։ Իսկ  ներդրումների  վերաբերյալ թող որոշակի հետազոտություն անցկացնեն, կարող է օտարերկրյա ներդրողները անհանգստանան, որ իրենց շարժը երեւալու է։ Ամեն դեպքում իրավական տեսակետից, կարծում եմ, խնդիր չէ, այն անձը, որը պատրաստվում է մաքուր դաշտում աշխատել, սա իր համար պետք է, որ խնդիր չլինի։ Եթե դու չես որոշել ինչ-որ խախտումներ անել, կամ փողերի լվացմամբ զբաղվել կամ, ասենք, այլ ֆինանսական  հանցագործություններ կատարել, ապա չպետք է անհանգստանաս։

Օրինակ՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խստացումները ձեզ չի կարող անհանգստացնել, եթե դուք պարկեշտ վարորդ եք։ Եթե, ասենք, տուգանքի գինը բարձրանա՝ 5 հազարից դառնա 10 հազար դրամ, ձեզ համար ի՞նչ տարբերություն, մեկ է խախտում չեք անում։ Իսկ թե օտարերկրացիները ինչպես կնայեն այս հանգամանքին՝ ներդրում անելիս, չեմ կարող ասել, ամեն դեպքում պետք է հետազոտել:

– Այսինքն՝ կարծում եք, որ մտահոգությունները պայմանավորված են վախո՞վ, եւ նախագծի ընդունման դեպքում անօրինական գործողություններ իրականացնողների մոտ խնդիրնե՞ր կառաջանան։

– Իհարկե։ Նաեւ այդ փողերի ծագման հետ կապված էլ մարդիկ անհանգստություն ունեն, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ, ովքեր գումարներ ունեն՝ այդ գումարների իրական տերերը չեն։ Ու նաեւ խնդիրներ են ունենալու՝ հիմնավորելու հետ կապված, թե որտեղի՞ց այդ գումարներն իրենց։ Ուզում եմ ասել, որ նա, ով մաքուր դաշտում է աշխատում, անհանգստանալու որեւէ բան չունի։

– Ո՞րն է պատճառը, որ փորձում են հասարակության մեջ խուճապ առաջացնել, թե տեսեք՝ բոլորի բանկային տվյալները հաղորդելու են։

– Ես չեմ կարծում, թե այսօր հասարակության մեջ խուճապ կա։ Եթե այդ փորձերը կան էլ, ապա հենց իրական խուճապը չկա։ Եթե դուք պատրաստվում եք նորմալ, արդար բիզնես վարել կամ գործունեություն ծավալել, ու ձեր հաշիվները թափանցիկ են, ապա դուք անհանգստանալու ոչինչ չունեք, այս նախագծից չպետք է նեղվեք ընդհանրապես։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30