Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Խառատյան. «Դա հայկականության ծես էր, աղոթքի նման մի բան, որը պաշտպանում է մեր ազգը չարից». «Հրապարակ»

Սեպտեմբեր 24,2019 12:25

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի միջոցառումների շրջանակում, Գյումրու Սեւ բերդում ներկայացված բալետային խմբի պարը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց, քննադատության վեկտորն ուղղվեց հիմնականում պարողների երկարափեշ հագուստների կողմը՝ ստանալով «յուբկաներով պար» անվանումը։ Այս առիթով զրուցեցինք բալետային համարի հեղինակ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ։

– Բեմում նախաքրիստոնեական ծե՞ս էր ներկայացված։

– Դա հայկականության ծես էր, աղոթքի նման մի բան, որը պաշտպանում է մեր ազգը չարից։ Գուցե դրա համար նման ռեակցիա եղավ, ժողովուրդն արթնացավ ու հասկացավ, թե ինքն ինչի կրողն է, ինչ պատասխանատվություններ ունի ու ինչ պետք է անի՝ վաղը իրեն հաստատելու համար։ Դա նաեւ քաղաքականացվեց, առանց իմանալու, որ այդ զգեստներն օգտագործվել են 2015-ին՝ «Զույգ արեգակներ» բալետում, որը հովանավորվեց նախկին կառավարության կողմից, ու մենք կարողացանք միջազգային բալետային խումբ կազմել, մի քանի անգամ ներկայացանք քաղաքում, հետո շրջագայեցինք մարզերում։ «Զույգ արեգակները» ստացավ տարվա լավագույն ներկայացում։ Մենապարողների՝ այդ հագուստով նկարը նաեւ աֆիշի վրա տեղադրվեց, ու ոչ մեկի մտքով չէր անցել, որ կարելի է հայհոյել կամ չգիտեմ ինչեր ասել, նման բուռն ձեւով արձագանքել։

Բայց նորից եմ ընդգծում՝ ես ուրախ եմ այս բուռն արձագանքների համար, որովհետեւ մեր ազգը կարծես թե քնած լիներ ու հանկարծ արթնացավ։ Ընդունեց կամ չընդունեց, դա այլ հարց է, որովհետեւ պետք է ուսուցանեն՝ մենք որտեղից ենք գալիս եւ ինչքան ճանապարհ ունենք անցնելու։ Իմ բալետների մեջ ես հենց դա եմ ուզեցել ցույց տալ, որովհետեւ այսօր մեր օպերային թատրոնի առաքելությունը լիարժեք չի կատարվում, ու փոխանակ այսօր մեր հայկական արվեստի մասին խոսվեր, հայկական խաղացանկ ձեւավորվեր, «Չիպոլինո» են բեմադրում, որն էլի կարելի էր ունենալ, եթե մենք ունենայինք բարձր մակարդակի հարուստ հայկական խաղացանկ։

– Բեմադրությունը քննադատվեց նաեւ մտավորականների կողմից՝ իբրեւ «անճաշակ բեմադրություն», մի մասն էլ ասաց, թե դա «տուրք էր արեւմտյան պիղծ բարքերին»։

– Գիտեք, բալետում նույն Սպարտակը բաց մարմնով եւ կարճ կիսաշրջազգեստով է ներկայացվում, այսինքն՝ «բալետ» գաղափարը զգեստ չի ուզում, ասելիքը պետք է մարմնով լինի, ու մենք մարմնով էլ աշխատում էինք՝ սիմվոլների մակարդակում։ Եղան մարդիկ, որ ասացին՝ դերվիշների կամ թուրքական պար էր։ Սա չիմացությունից է, թուրքերը շատ խելացի ձեւով կարողացել են վերցնել եւ օգտվել այդ ողջ գաղափարներից, մտքերից, իսկ մենք մեր ունեցածը չենք կարողանում մատուցենք եւ բերենք առաջ, ամաչում ենք ու շատ սահմանափակ ենք դարձել։ Ժողովուրդը սիրում է միայն մի տեսակ կերակուր ուտել ու չգիտի մեր հարստության մասին։ Սրա մասին է խոսքը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30