Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. Բակո Սահակյանի հեռանալը թուլացող Երևանի ֆոնին կթուլացնի նաև Ստեփանակերտին. «168 ժամ»

Սեպտեմբեր 24,2019 12:17

«168 ժամ»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը

– Բանակցությունները շարունակվում են, սակայն դրանց զուգահեռ՝ կան նաև պատերազմի վերսկսման սպառնալիքներ, և դրանք առաջիկայի համար են։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են այդ սպառնալիքները հիմնավոր։

– Ես հղում կկատարեմ ադրբեջանցի քաղաքագետներին, նրանք հայտարարում են, որ Ադրբեջանը երկու անգամ իր համար բարենպաստ փուլում հրաժարվել է ռազմահարված հասցնել Հայաստանին։ Մեկն այն էր, երբ Փաշինյանը պատրաստվում էր խորհրդարանական ընտրություններին՝ դեկտեմբերին ընդառաջ, մենք անհանգստանում էինք, որ Ադրբեջանը կօգտվի այդ խառնակ փուլում, Փաշինյանն անհանգիստ էր, իշխանության կառուցվածքը խարխլվում էր, երկրում զարգացումներն ընթացքի մեջ էին, սակայն Ադրբեջանը չարեց դա, Ալիևը նույնիսկ աջակցեց նրան՝ կոնտակտի գնալով նրա հետ մինչ այդ ընտրությունները, դրանով իսկ հայտարարելով, որ երկխոսությունը շարունակվում է։ Էլի իրավիճակներ են եղել, երբ Ադրբեջանը կարող էր նման հարված հասցնել, ես չեմ ասում, որ դա հաղթանակող հարված կլիներ, բայց որոշ տարածքներ վերցնել նրանք կկարողանային։ Նրանք դրանից խուսափեցին։

Իսկ ներկայումս ադրբեջանցի փորձագետներն ասում են, որ Ալիևը պլան ունի, պլանի իմաստը հետևյալն է՝ Երևանը եռում է, թույլի տպավորություն է թողնում, ինչ-որ քայլեր, հայտարարություններ են արվում, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ կա իշխանության ճգնաժամ։ Գուցե ներքին տեսանկյունից այդ ամենն այլ տեսք ունի, ամեն դեպքում, չեմ ցանկանում դատավորի դեր ստանձնել։ Ստեփանակերտում կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ այնպիսի տպավորություն է, որ բավականին բարդ են հարաբերությունները Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Բակո Սահակյանի հեռանալը թուլացող Երևանի ֆոնին կթուլացնի նաև Ստեփանակերտին, և այդ իրավիճակում հնարավորություն կստեղծվի հասնել դրված նպատակների իրագործմանը։ Ընտրություններից հետո։ Եթե Բակոն մնա, Մոսկվայում շատ-շատերը համոզված են, որ Ալիևը չի գնա նման քայլերի։

– Ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք տեսել ենք ապրիլյան քառօրյա ռազմագործողություններ։

– Հիմա կասեմ։ Իսկ ի՞նչն է Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի միջև լարված հարաբերությունների պատճառը։ Ես Փաշինյանի փոխարեն՝ կօգտվեի Բակոյի փորձից, Բակոն, որքանով ինձ է հայտնի, չի խոչընդոտում Հայաստանում փոփոխություններին, ալյանսը նրանց միջև կհամապատասխաներ երկրի ազգային շահերին։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետո՝ չենք կարող ասել, սա պարզապես մեր անձնական կարծիքն է։

Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ, քանի որ ադրբեջանցիները կայուն կերպով մտածում են, որ բոլոր գործերը ղեկավարում է, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանը, իսկ հիմա Երևան են եկել մարդիկ, ովքեր ուզում են ղարաբաղցիների «վերջը տալ», և ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխությունը Ադրբեջանի կողմից կողջունվի, կդիտարկվի՝ որպես թուլացում։ Այս բաժանումն անհանգստացնող է։ Ցավոք սրտի, ՀՀ նոր իշխանությունները հիմքեր են տալիս այդկերպ ենթադրելու։ Հայաստանը բավականին բարդ վիճակում է, և հասարակության մեջ նման բաժանարար գծերը մահացու կարող են լինել հայերի համար։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30