Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկ Հարությունյանը հայտնել էր՝ տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի միջոցառումից». Սեդա Սաֆարյան

Սեպտեմբեր 24,2019 12:08

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի համար անհավատալի է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքը:
Ըստ Մելքոնյանի՝ ճանաչելով Հարությունյանին, ոչ մի պատճառ չէր կարող նրան դրդել ինքնասպանության. «Ինքը շատ հավասարակշռված, շատ սառը դատողությամբ, ամուր բնավորությամբ մարդ էր, նաեւ բռնցքամարտիկ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ է եղել երկար տարիներ, բայց դա ոչինչ չի նշանակում, ես նրա հետ երկար տարիներ չեմ շփվել, ու մարդը տարբեր իրավիճակներում այս ժամանակահատվածում կարող է այնպիսի ապրումներ ունենար, որ ես տեղյակ չեմ»:

Ռոբերտ Մելքոնյան

Հայկ Հարությունյանը «Մարտի 1-ի» գործով անցնող վկա էր, մեր զրուցակիցն ասաց՝ չի կարծում, որ այդ գործով որեւէ բան կարող էր նրան դրդել ինքնասպանության. «Ես չեմ կարծում, որ նա «Մարտի 1-ով» այնպիսի բան է արել, որը կարող էր դրդել նրան այդ քայլին: «Մարտի 1-ով» ավելի շատ այն մարդիկ են մեղավոր, որոնք հիմա դրսում են, խոսքս մյուս թեւին է վերաբերում: Իր աշխատած տարիներին որեւէ բիծ, որեւէ չարաշահում, խոսակցություն նրա հասցեին չի եղել»:

Սեդա Սաֆարյան

«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցում նշեց. «Հայկ Հարությունյանը 2008-ին եղել է «միջոցառումների» կազմակերպիչը եւ օպերատիվ խումբը ձեւավորվել է Հայկ Հարությունյանի ու մյուսների համատեղ ջանքերով եւ նա լավ իրազեկված էր, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին: Բնականաբար, երբ խոսքը գնում է, որ առավոտվա գործողությունները սարքված գործողություններ են ու համաչափություն չեն պարունակում, միայն այդքանի համար Հայկ Հարությունյանը պատասխանատու էր: Պատասխանատու է նաեւ, որ իր ստորաբաժանման մեջ կեղծ իմիտացիա են ստեղծել իբր միջոցառում կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում, հանձնաժողովում Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի միջոցառումից, ինչը խոսում է այն մասին, որ այդ ամեն ինչը անմիջական կապ ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, այսինքն՝ Հայկ Հարությունյան-Ռոբերտ Քոչարյան եւ մյուս պետական պաշտոնյաների համատեղ գործունեության արդյունքում են ծնվել առավոտից մինչեւ երեկո ընթացող գործողությունները»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման գործընթացում, իսկ այդ տարիներին ԱՆ ՔԿՀ-ների վարչության պետ էր Հայկ Հարությունյանը:

Անդրադառնալով այս չարաշահումներին՝ Սեդա Սաֆարյանն ասաց. «Իրենց համար այդ օղակը պետք է նեղանար, որովհետեւ մինչեւ 2008 թվականը ու դրանից հետո իրենք շատ գործողությունների մեջ կարող էին լինել, այդ թվում նաեւ պետական ունեցվածքի յուրացումները իրենցից հեռու չէին: Ես հակված չեմ այն վարկածին, որ ինքնասպանություն է եղել, քանի դեռ քննություն չի տարվել, ինչու են ինքնասպանության վարկածը, որպես առաջնային վարկած շրջանառում, քննեն, տեսնենք՝ ինչ ՝է կատարվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30