Թողնենք մի կողմ բարոյախոսությունը, այն ընդամենը փաստարկների թուլության վկայությունն է, սակայն, այնուամենայնիվ, ամենամեծ վիրավորանքը մարդկային բանականության հասցեին այն է, երբ անկախությունը մանրածախ եւ մեծածախ վաճառքի հանած, իսկ տեղ-տեղ էլ պարզապես նվիրաբերած անձինք մեկ էլ առանց ամաչելու «ուղերձ են հղում հայրենակիցներին» Անկախության օրվա առթիվ, մի բան էլ կշտամբում ազատ եւ արդար ընտրություններով ընտրված գործող իշխանությանը, թե «բաժանարար գծեր եք անցկացնում», ինչպես նաեւ՝ խոսում «ազգային միասնության», մի շարք այլ լավ բաների մասին, եւ որ «թշնամու կրակոցից էլ վտանգավոր է» այդ բաժանարար գծերն ունենալը։
Ուղղակի հարց է ծագում. բաժանարար գծեր ինչի եւ ինչի՞ միջեւ։ Եվ պե՞տք են, արդյոք, այդ բաժանարար գծերը, թե՝ ոչ։ Ինչպես նաեւ՝ իսկ ո՞վ է այդ բաժանարար գծերից խոսում այդ տոնական օրով եւ ինչի՞ց հետո։
Առաջին բաժանարար գծերն անկախ Հայաստանում քաշվեցին 1995-96 թվականի ընտրական ցիկլի արդյունքում, երբ ակնհայտ դարձավ, որ սերտաճող «բիզնես-իշխանությունն» անազնիվ սեփականաշնորհման գլխավոր շահառուն դարձավ, եւ այդ անառողջ սիմբիոզը կարիք ուներ ուժային պաշտպանության, քանզի մեծամասնության կողմից մերժված էր։ Արդյունքում ստացանք հենց առաջին խոշոր բաժանարար գիծը, համընդհանուր դեպրեսիան եւ ապաթիան, խորը անվստահությունը գործող իշխանության նկատմամբ, ինչից էլ օգտվեց պետական հեղաշրջում կազմակերպած խմբակը։
Այդ հեղաշրջումն էլ էր «հանուն ազգային միասնության», եւ հենց դա «կերակրեցին» դեպրեսիայի մեջ գտնվող, փրկիչ փնտրող հանրությանը, որպեսզի լռեցնեն։ Նույնկերպ լռեցրեցին հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, եւ նույնիսկ այն գործիչները, որոնք միանշանակորեն դեմ էին ձեւավորվող ընթացքին, նրանք էլ էին խոսում «ազգային միասնությունից», ինչը գործնականում ուղերձ էր պարունակում՝ հաշտվել անխուսափելիի հետ»։ Այո, պետությունը զավթած, պետությունը կրիմինալ բուրգի վերածած չարիքն, ըստ այդմ, համարվում էր անխուսափելի՝ «հանուն ազգային միասնության», եւ դա կշտամբանք չէ այդ գործիչների հասցեին, այլ պարզ նկարագրություն։
Կարդացեք նաև
2003-ի գողացված ընտրություններից, Սահմանադրական դատարանը եւ նրա որոշումը վստահության հանրաքվեի վերաբերյալ տրորելուց հետո այդ բաժանարար գիծն անասելի ընդլայնվեց. մի կողմում նույն մեծամասնությունն էր՝ հանրությունը, մյուսում՝ արդեն ոչ միայն իշխանությունն, այլեւ պետությունը զավթած խմբավորումը, որը հասցրել էր Արցախը հանել բանակցություններից, իսկ «գույք պարտքի դիմաց» հանցավոր գործարքով ռուսների մոտ լեգիտիմացվել, այսինքն, փաստացի վերածելով այն «ինքնիշխանություն՝ իշխանության դիմաց» գործարքի։ Իսկ 2004-ին Բաղրամյան պողոտայի վրա զանգվածային ծեծով, զանգվածային ձերբակալություններով այդ բաժանարար գիծը դարձավ անհաղթահարելի, եւ արդեն այդ ժամանակ էր, որ «Մարտի մեկի» դռները բացվել էին, եւ դա բացել էր պետությունը զավթած այդ խմբակը, մնացածը ժամանակի եւ առիթի հարց էր։
Այդ բաժանարար գիծն էր, որ հանրությունը 2018-ի ապրիլին խաղաղ ճանապարհով, առանց կրակոցի, առանց ծեծի եւ բռնության՝ պաշարեց եւ պարտադրեց իր կամքը, իրենց տներով ճանապարհելով այդ խմբակին՝ իր սպասարկող կառույցներով եւ պրոպագանդիստական սուբյեկտներով։
Իսկ հիմա միակ ճիշտ բանը, որ նրանք ասում են, որ բաժանարար գիծ կա։ Այո, այսօրվա բաժանարար գիծը կա՛, եւ այն պե՛տք է լինի, դա հասարակության եւ պետության իմունային համակարգն է, որը պետք է ապահովագրի հասարակական-պետական համակարգերը տարբեր համակարգային ախտերից։ Եվ «ազգային միասնության» խաբկանքով այլեւս պետք է անհնարին դառնա «թացը չորին» խառնելը, անհնարին դառնա լայնամասշտաբ պետական խաբեությունը։
Ներկայիս իշխանությունը ձեւավորել է մեծամասնությունը, սա մեծամասնության իշխանություն է, որն ընդհանրապես կարիքը չունի հանրության միջով բաժանարար գծեր քաշելու։ Սակայն, այդ մեծամասնության կողմից ձեւավորված իշխանությունն ուղղակի պարտավոր է բաժանարար գծեր քաշելու՝ հանրության ընտրությունը, ազատությունը եւ ժողովրդավարությունը պաշտպանելու համար այն ամենից, ինչը եղել եւ մնում է դրա ոխերիմ թշնամին, իսկ այսօր պարզապես երկրի դեմ վարվող հիբրիդային պատերազմի՝ ներքին լեգեոնի է վերածվում, ինչ է թե երկու տասնամյակ գործած կենտրոնացված կոռուպցիոն համակարգի արդյունքը մնա անսասան։
Իհարկե, այս խնդիրները լուծվում են բացառապես իրավական ճանապարհով, եւ դրանից ամենակարեւորը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է խոսքի ազատության պայմաններում։ Եվ խոսքի ազատության պաշտպանության շահերն են պահանջում, որ այդ բաժանարար գիծը քաշվի նաեւ իրականության եւ միտումնավոր կեղծիքի, իրականության եւ դավադրապաշտության, հանցագործության բացահայտման եւ մանիպուլյացիայով այդ բացահայտումը խափանելու, ինքնիշխանության ամրապնդման եւ ինքնիշխանությունը վտանգելու միջեւ հրապարակային դաշտում։
Ամբողջապես մերժելի է, երբ պետական ինստիտուտները կազմակերպված քրեական խմբավորման ինստիտուտների, իսկ Թեմիսին՝ հարճի վերածածն այսօր ինքն է փորձում բանտից կշտամբել գործող իշխանությանը «պետական ինստիտուտները կազմաքանդելու» մեջ։ Հասկացություններն այլասերելը եւ նենգափոխելը չի կարող մնալ առանց համարժեք պատասխանի եւ իրերն իրենց անուններով կոչելու։ Հենց ա՛յդ բաժանարար գծերի կարիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, եւ դա՛ է բխում պետության համակարգային առողջության շահերից։
Նրանք Անկախության հետ վարվել են այնպես, ինչպես Հին Հունաստանի հակահերոս Հերոստրատը՝ տաճարի։ Սակայն, եթե Եփեսոսի այդ մոլագարը դա արել էր փառքի մասին այլասերված պատկերացումներից դրդված, ապա Անկախության հերոստրատները՝ զուտ փողի համար, շատ փողի, որպեսզի նրանց մոտ ամեն ինչ լինի, եւ դրա համար նրանց ոչինչ չլինի։ Եվ հիմա խոսում են պետական ինստիտուտներից, բաժանարար գծերից, թույլատրելիից եւ անթույլատրելիից, բայց հիմա ուզում են չմոռացվել…
Իմաստուն եփեսոսցիների արդար դատավճիռը եւս մնաց պատմության մեջ. մահապատժից բացի՝ մոռանա՛լ Հերոստրատին: Եվ ի՞նչ էր դա, եթե ոչ բաժանարար գիծ։ Հայաստանում չկա մահապատիժ, բայց մոռանալն արգելված չէ։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.09.2019