Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում ակտիվ քննարկվում էր Գագիկ Ջհանգիրյանի համակարգ վերադառնալու հավանականության հարցը, նույնիսկ լուրեր կային, որ նրան ՀՀ գլխավոր դատախազ են նշանակելու։ Այստեղ, սակայն, օրենսդրական արգելք կա։
Մասնավորապես, դատախազ նշանակվելու կարգը «Դատախազության մասին» օրենքն է սահմանում, որի 34-րդ հոդվածով կան հստակ սահմանափակումներ։
Մասնավորապես, դատախազ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում չի կարող նշանակվել, մինչեւ դատվածությունը չի մարվել կամ հանվել։
Հետեւաբար, հաշվի առնելով, որ Գագիկ Ջհանգիրյանը 2019 թվականի սեպտեմբերի 18-ին արդարացվեց, Գլխավոր դատախազությունում ակտիվ քննարկումները նոր փուլ են թեւակոխել։ Այստեղ տարածված լուրերի համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը կարող է վերականգնվել իր նախկին՝ դատախազի տեղակալի պաշտոնում։ Ավելին, դատախազությունում ասում են, որ Գագիկ Ջհանգիրյանը մեկ տարի անց անցնելու է թոշակի, ուստի համակարգում չեն բացառում, որ նա կվերականգնվի իր նախկին աշխատանքում, որից հետո էլ, հաշվի առնելով ներկայիս իշխանությունների հետ իր կապը, կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազ։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունում տարածված տեղեկությունները փորձեց պարզել հենց Գագիկ Ջհանգիրյանից՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ նա վերականգնվելու է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում։ Ջհանգիրյանն ասաց, թե որեւէ տեղեկություն չունի։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ցանկություն էլ չունի, Գագիկ Ջհանգիրյանը չպատասխանեց՝ կրկնելով՝ որեւէ տեղեկություն չունի։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում