Անցնենք Լոսում Փաշինյանի տված ասուլիսի ամենակարեւոր պահին՝ «աղմկահարույց» հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ուսադիրներին։ Ավելորդ է, կարծում եմ, ասելը, որ Փաշինյանը պարզապես փախավ իր գեներալների հրաժարականի մասին հարցից եւ, պեչենու բաղերն ընկած, փորձում էր մեկնաբանել մի բան, որ անմեկնաբանելի եւ անհասկանալի է ԱՄՆ քաղաքացիների՝ ընդհուպ աֆրոամերիկացհների համար։
Պետք է ասեմ, որ արդյունքն ուղղակի գերազանցեց մեր սպասելիքները՝ Փաշինյանն ըստ էության խոստովանեց, որ, այո, Վանեցյանն ինքն է հրաժարական տվել, եւ ոչ թե նրան «պատիվ են արել», ինչպես Արարատ Միրզոյանն էր ասում Գյումրիում։
Փաշինյանի մեկնաբանությունից հետո ես պատրաստ եմ ստորագրել Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարության ամեն բառի տակ, պատրաստ եմ ստորագրելու նաեւ Վալերի Օսիպյանի հրաժարականի դիմումի տակ, եթե երբեւէ հրապարակվի նրա դիմումը։ «Արագի մեջ» նրան վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելը հուշում է, որ Օսիպյանն էլ առանձնապես հիացած չէր իր վարչապետով, եւ այդ կերպ վարչակազմը փորձել է միայն կանխել Օսիպյանի դիմումի հրապարակումը։ Եթե սխալվում եմ, Օսիպյանին հարցրեք՝ արդյոք, նա գնո՞ւմ է աշխատանքի, թե՞, ինչպես ընդունված է մեր օրերում, միայն աշխատավարձ է ստանում։
Փաշինյանին, անշուշտ, դուր չի եկել իր հրաժարականի հիմքերի մասին Վանեցյանի հայտարարությունը, որը թավշյա հեղափոխության բոլոր կանոններով «դուզ-դուզ» հրապարակվել էր ԱԱԾ պաշտոնական կայքում։ Իսկ ի՞նչ էր արել Փաշինյանը դրանից հետո։ Փաշինյանը, ինչպես կանեին կոմունիստ ղեկավարները, հրամայել էր ԱԱԾ պաշտոնական կայքից հեռացնել հայտարարությունը։ Այսքանից հետո էլ պարծենալ Լոս Անջելեսում եւ ասել՝ լավ ենք արել, բա ի՞նչ պետք է անեինք, մեղմ ասած՝ երկրի ղեկավարի ադեկվատ պահվածք չէ, եթե չասենք՝ այդ «աքլորացումը» անուղղակի հաստատումն էր այն բանի, որ Վանեցյանը հենց այնպես, հավեսի համար չէր նման հայտարարություն արել։
Կարդացեք նաև
Ի՜նչ սպայի պատիվ, ի՜նչ բան, Վանեցյանն իր ուսադիրները նետեց աղբամանի մեջ՝ մեխեց Փաշինյանը՝ չփորձելով որեւէ բացատրություն տալ Վանեցյանի հայտարարության տեքստում առկա մտահոգությունների կապակցությամբ։
Մենք այնպիսի տպավորություն ունենք, որ Փաշինյանը չի ուզում ըմբռնել խնդրո առարկա հրաժարականների նրբությունները։ Բանն այն է, որ դրանք քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հրաժարականներ չեն, եւ ոչ էլ այնպիսի մի իրավիճակ է Հայաստանում, որ դնես ու փողոցում, ծնկիդ վրա ստորագրես դրանք։ Տեղի ունեցածն իսկապես խայտառակություն է, եթե հաշվի առնենք, որ հրաժարական են տալիս իշխանության թիմի կարկառուն ներկայացուցիչները՝ մարդիկ, որոնք ապահովել են այդ նույն իշխանության, այսպես ասենք, կայացման գործընթացը։
Մյուս կողմից էլ՝ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունն այն կառույցները չեն, որ ասես, թե այնտեղ բոլորը Փաշինյանի պես են մտածում։ Վստահաբար, կան նաեւ Վանեցյանի եւ Օսիպյանի նման մտածող մարդիկ, որոնք, եթե ոչ նրանց չափ, ապա որոշակի ծավալի ինֆորմացիայի են տիրապետում եւ նույնպես անհանգստացած են մեր երկրի ապագայով։ Հետեւաբար՝ այս հրաժարականներն ու դրանց շուրջ բարձրացած աղմուկը, ուզես թե չուզես, անդրադառնալու են մեր անվտանգությունն ապահովող այդ կառույցների, ինչպես նաեւ այդ կառույցներին վստահող ժողովրդի հոգեբանության վրա։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում