Քաղաքագետ ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ կարծիքով՝ քաղաքական թեժ աշունը ծավալուն քաղաքական գործընթացներ է ենթադրում, որոնք կարող են իշխանական համակարգում վերադասավորումների, կոնյունկտուրայի փոփոխության հանգեցնել: Ըստ նրա՝ թեժ աշունն արդեն իսկ մեկնարկել է, և վերջին տասն օրում բուռն իրադարձությունների ականատեսն ենք լինում՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի հրաժարական, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մեկնարկ խորհրդարանի իշխանական խմբակցության կողմից և այլն: Անգամ տևական դադարից հետո, ասում է մեր զրուցակիցը, վարչապետի սպասված մամուլի ասուլիսը մնաց ստվերում՝ Փաշինյանի նշած հարյուր փաստերից մեկն անգամ չի մտապահվել, որովհետև դրանք ստվերվեցին վերոնշյալ իրադարձություններով:
-Ես չեմ կարծում, թե որևէ մեկն իրեն վատ կզգար, բայց վստահ եմ, որ գործող Սահմանադրության պարագայում եթե հանգամանքներն այլ կերպ դասավորվեն, մենք կունենանք որոշումների կայացման բոլորովին այլ մեխանիզմներ: Տեսեք՝ այժմ իշխանությունում բոլորի դրական վարկանիշը փոխկապակցված է Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի հետ, մնացածի քաղաքական կապիտալիզացիան ձգտում է զրոյի, հետևաբար, պետք է ակնկալել, որ որոշումների կայացումը միանձնյա է լինելու: Եթե մենք ունենանք այլ իրավիճակ, երբ իշխանության կգա մի կուսակցություն, որում կլինեն քիչ թե շատ հավասարազոր քաղաքական դեմքեր, կառավարումն ու որոշումների ընդունումը կիրականացնի կոլեգիալ մարմինը:
-Իշխանությունը ցանկանում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, ուժային կառույցների ղեկավարները հրաժեշտ տվեցին պաշտոնին, ու այժմ օրինագիծ են ընդունում, ըստ որի՝ այդ պաշտոնները քաղաքականացվում են: Տպավորություն է, թե իշխանությունները դիրքերն ամրապնդելու ու ամեն ինչ իրենց հարմարեցնելու խնդիր ունեն:-Ես իդեալիստ չեմ ու հակված չեմ կարծելու, թե որևէ մեկին կհաջողվի կտրուկ լուծել կուտակված բոլոր խնդիրներն ու հարցերը, մյուս կողմից, սակայն, նոր կառավարությունը չի արդարացնում հասարակության ակնկալիքներն ու հակված է, տեղային խնդիրներ լուծելով, այս պահին ընդամենը սեփական իշխանությունը պահելուն: Քաղաքագիտության տեսանկյունից դա նորմալ է, բայց նախապես հռչակած նպատակներից կառավարությունը շեղվել է գրեթե 180 աստիճանով: Արտահերթ ընտրություններից հետո կառավարությունն ԱԺ ներկայացրեց գործադիր իշխանության կառուցվածքի նախագիծը, ու եթե խնդիր էր դրված փոխել ուժային մարմինների ու դրանց ղեկավարների կարգավիճակը, ապա ի՞նչն էր խանգարում դա ներառել կառավարության կառուցվածքի մասին օրինագծում: Ինչ վերաբերում է ՍԴ-ին, ապա Ազգային ժողովը մի փոքր ուշացել է: Եթե պետք է կիրառեին Հրայր Թովմասյանի կամ մյուսների վրա ճնշում գործադրելու գործիքը, դա պետք է անեին համապատասխան որոշումը կայացնելուց առաջ, ոչ հետո: Տպավորություն է, թե կառավարությունը ծրագիր չունի, գործողությունների հերթականություն ու վերաբաշխում չկա: Հասկանալի չէ՝ ինչ է անում Ազգային ժողովը, ինչով է օժանդակում կառավարությանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: