Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Հեֆերն. Օրենքներն ու բնապահպանական կանոնները, հակակոռուպցիոն քաղաքականությունն ու թափանցիկությունը պետք է գործի բոլոր ընկերությունների համար, այլ ոչ թե մեկ առանձին ընկերության

Սեպտեմբեր 24,2019 00:33

«Ամերիկայի ձայն». Օրերս կայացած Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսում անդրադարձ եղավ Հայաստանին առնչվող մի շարք հարցերին, ներառյալ օտարերկրյա ներդրումների խրախուսմանն ու Հայաստանի գլոբալ ճանաչելիության մեծացմանը։

Չափազանց կարևոր է պահպանել տնտեսական ազատությունները քաղաքական ազատությունների հետ մեկտեղ, ընդգծեց ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի նախագահի պաշտոնակատար Դեյվիդ Բոհիգյանը Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսի իր ելույթում: Վերջինս կարևորեց տնտեսական ազատությունը և մասնավոր հատվածի զարգացումը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այսօր նրա ղեկավարած կառույցը ավելի քան հարյուր երկրներին աջակցում է՝ ներդրումներ ներգրավելու հարցում:

Ազատ տնտեսական հարաբերությունների բացակայությունն, ըստ նրա, հանգեցնում է ձախողման: Երկրորդ աշխարհամարտից հետո ամերիկյան Մարշալի վերականգնողական պլանին հակառակ առաջադրված խորհրդային Մոլոտովի ծրագրի ձախողումը դրա վառ օրինակներից է:

«Դա խորհրդային ծրագիր էր, որը տնտեսական երկաթյա վարագույր ձևավորեց Հայաստանում և խորհրդային ազդեցության ներքո բազմաթիվ այլ վայրերում: Այն ձախողվեց, քանի որ դեմ էր ազատությանը, ձեռներեցությանն ու այն արժեքներին, որոնք դավանում է ԱՄՆ ու ամբողջ աշխարհը»,- նշում է Բոհիգյանը:

Ներդրումների խրախուսման հարցում անհրաժեշտ է շարունակաբար քրտնաջան աշխատանք տանել՝ ներդրումային լայն փաթեթ ձևավորելու և մրցակցային դառնալու համար: Հայաստանի հարցում Բոհիգյանը լավատես է:

«Համոզված եմ, որ Հայաստանը կարող է դա անել: Երբ գտնվում էի Երեւանի Հանրապետության հրապարակում, տեսա այն հսկայական էներգիան, որ առկա էր այնտեղ առավոտյան ժամը մեկին»,- հիշում է Բոհիգյանը:

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը իր հերթին ընդգծեց օրենքի գերակայության և դրա առջև տնտեսական բոլոր միավորների հավասարության կարևորությունը Հայաստանում անկախ ազգային կամ այլ պատկանելիությունից:

«Ես հավատացած եմ, որ օրենքներն ու բնապահպանական կանոնները, հակակոռուպցիոն քաղաքականությունն ու թափանցիկությունը պետք է գործի բոլոր ընկերությունների համար, այլ ոչ թե մեկ առանձին ընկերության՝ բացառելով այս կամ այն երկրի ընկերության օրենքից վեր հայտնվելը»,- ասում է նախկին դեսպանը:

Հեֆերնը կոչ է անում օգնել Հայաստանին՝ հասնելու հաջողության, քանի որ հաջողված Հայաստանն ավելի գրավիչ է տնտեսական և միջազգային հարաբերություններում:

Նախագահ Թրամփի անցումային թիմի ավագ անդամ, քաղտեխնոլոգ Քիյթ Նահիգյանի կարծիքով էլ այսօր առկա են լավ պայմաններ Հայաստանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու հարցում: Նա ընդգծում է հայ մշակութային ժառանգության և պատմության կարևորությունը այս հարցում, սակայն այս ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան:

«Հայաստանը փայլուն խոսք ունի ասելու, սակայն բոլորը չէ, որ տեղյակ են դրա մասին: Չափազանց կարևոր է պատմել Հայաստանի մշակույթի, ժառանգության, որպես առաջին քրիստոնյա երկիր քրիստոնեության բնօրրան հանդիսանալու մասին»,- կարծում է Նահիգյանը:

Նա ընդգծում է, որ մեր օրերին ճիշտ քարոզչություն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտվել ժամանակակից թվային տեխնոլոգիաներից, ներառյալ սոցցանցերից՝ կառուցելով հստակ, արագ և անձնական ուղերձ: Նահիգյանը վստահ է՝ չափազանց լավ պահ է այսօր Հայաստանի ուղերձն աշխարհին հասցնելու համար:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30