Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է սոլիդություն

Սեպտեմբեր 24,2019 10:00

Հայաստանի Երկրորդ եւ Երրորդ նախագահներն Անկախության տոնի առթիվ ուղերձներով են հանդես եկել: Ինքնին դա նորմալ է: Ես շատ կցանկանայի, սակայն, որ այդ օրն իրենց անդրադարձը լիներ առավել ընդհանրական ու չշոշափեր այս պահի քաղաքական խնդիրները: Ընդհանրապես նախկին նախագահներին, անկախ նրանից, թե ինչ են այդ մարդիկ արել իրենց պաշտոնավարության ժամանակ, ես չեմ պատկերացնում քաղաքական պայքարի հորձանուտում՝ անխուսափելի լեզվակռվում նսեմացվում է նախագահի ինստիտուտը:

Նախկին ղեկավարների հնչեցրած մի շարք գնահատականների հետ ես համաձայն չեմ: Մասնավորապես, չեմ կիսում այն մտահոգությունները, որոնք առնչվում են, պայմանականորեն ասած, «հայու գենի» հետ: «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն եւ փոխադարձ ատելություն է սերմանվում» (Ռոբերտ Քոչարյան): «Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել եւ պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ եւ բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները եւ փոխանցել հետագա սերունդներին» (Սերժ Սարգսյան): Ինձ թվում է, մեր ավանդական արժեքներին ոչինչ չի սպառնում: Բայց պարզ է, որ Սորոսի, տրանսգենդերի, միասեռական ամուսնությունների, Ստամբուլյան կոնվենցիայի, իմ կարծիքով, դատարկ եւ մտացածին թեմաներն այսօր ակտուալ են եւ կարող են քաղաքական միավորներ բերել:

Մյուս կողմից, ինձ համար անընդունելի է այդ ուղերձներին պաշտոնյաների արձագանքը: Որպես մասնավոր անձ ես կաշկանդված չեմ որեւէ ձեւով իմ անհամաձայնությունը հայտնելու նախկին նախագահների հետ: Ինձ միակ կաշկանդողն ընտանիքում ստացած դաստիարակությունն է. որն, ընդունեք, ներկայիս իշխանավորներից շատերին պակասում է: Բայց պաշտոնյաների դեպքում կաշկանդող հանգամանք պետք է լինի նաեւ պետական էթիկան. նրանք չեն կարող, կարծում եմ, բանավիճել երկրի նախկին ղեկավարների հետ ֆեյսբուքյան մեկնաբանությունների ոճով, մոտավորապես՝ դու վաբշե խոսելու տեղ չունես, ա՛յ թալանչի: Դա ուղղակի մեջբերում չէ, բայց «պաշտոնական արձագանքների» ինտոնացիան, մեղմ ասած, սոլիդ չի:

Ինչպես հայտնի է, «ստամբուլյան» թեմաներով սիրում են խոսել նաեւ եկեղեցականները: Գուցե նաեւ ա՞յդ խնդիրը նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Լոս Անջելեսում իր ասուլիսում նշել էր. «Երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք դրա ոտի տակը: Ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով»: Հետաքրքիր է, այդ ո՞ր եկեղեցականներն են ուզում քանդել Հայաստանի կառավարության ոտի տակը՝ զույգ կաթողիկոսնե՞րը, եպիսկոպոսնե՞րը, թե՞ շարքային քահանաները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30