Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացել նախկինում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է հետևյալը։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Ավան վարչական շրջանի սոցիալական ու բարեգործական ծրագրերին աջակցելու, տոնական և հիշատակի օրերին սոցիալական և բարեգործական ծրագրեր իրականացնելու, ինչպես և զորակոչի կազմակերպմանն աջակցելու նպատակով 2014-2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանը Ավանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին փոխանցել է 190․770․000 դրամ։
Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից մեկը, խմբային և անձնական այլ շահերից ելնելով, շինարարության կատարման թույլտվություն տալու համար տարբեր անձանց պետական տուրքի վճարից բացի պարտադրել է «Խութ» հիմնադրամին փոխանցել խոշոր չափի գումարներ։ Բացի այդ՝ նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ «Խութ» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները սոցիալապես անապահով անձանց միանվագ օգնություն տրամադրելու պատրվակով կազմել են գումարների դուրս գրման կարգադրություններ և գումարի ստացման ցուցակներում քաղաքացիների փոխարեն ստորագրել՝ այդ կերպ յուրացնելով տարբեր չափի գումարներ։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։
ՀՀ ոստիկանություն