Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր «Անտառային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:
Հեղինակը ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն է: Նա առաջարկում է անտառների կատեգորիաները հստակեցնել, սակայն, հաշվի առնելով կառավարության բացասական դիրքորոշումը, առաջարկեց նախագիծը հիմա չքվեարկել ու չդնել քվեարկության, այլ լրամշակել եւ նորից ներկայացնել՝ հաշվի առնելով նաեւ քաղաքացիներից ստացած առաջարկությունները: 2 ամսվա ընթացքում նախագիծը նորից կդրվի շրջանառության մեջ:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացրեց կառավարությունը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է համայնքներում գույքի՝ որպես պետական սեփականություն գրանցելու գործընթացը կանոնակարգելուն.
Կարդացեք նաև
«Խնդիրը վերաբերում է ինքնակամ կառույցներին, որոնք կառավարության սահմանված կարգով երկու ուղղություն ունեն զարգացման՝ կարող են օրիանականացվել, եթե չափանիշներին բավարարում են եւ կան անօրինական կառույցներ, որոնք չեն համապատասխանում նորմատիվային չափանիշներին: Դրանք չեն կարող օրինականացվել: Մենք հայտարարել ենք, որ ապօրինի կառույցները համայնքային սեփականություն են համարվելու: Եթե խնդիրը թիրախավորենք Երեւանի վրա, ստացվում է, որ Երեւանում ապօրինի շինությունները մեծամասնությամբ, եթե ոչ 100%-ով համայնքային սեփականության հողերի վրա են գտնվում, հետեւաբար դրանք պետք է գրանցվեն՝ որպես համայնքային սեփականություն: Դա կօգնի, որ հետագայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելիս պետությունն էլ դատական քաշքշուկների մեջ չընկնի»: Տերտերյանն ասաց, որ գույքի գրանցման 26 հազար դրամ պետտուրքի հարցում քաղաքացուն հարմար ժամկետներ են սահմանում, որ կարողանան վճարել. «Տոտալ քանդման պրոցես չի լինելու, որոշների համար կկնքվեն անժամկետ օգտագործման պայմանագրեր»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ