Ըստ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների ահազանգերի՝ վերջին օրերին այնտեղ շատացել են ինքնավնասում անողների թիվը։ Պատճառը, ըստ նրանց՝ ՔԿՀ-ի բժիշկ Տիգրան Խաչատրյանի ոչ պատշաճ եւ անբարեխիղճ վերաբերմունքն է ազատազրկվածների նկատմամբ։ «Օրերով ցավերի մեջ ոռնում են, չկա բուժսպասարկում։ Էդ բժիշկը երբ ուզում՝ գալիս է, շտապ օգնություն չեն կանչում, բուժակ չկա»,-նշում է մեր աղբյուրը։
Չորեքշաբթի «Գորիս» ՔԿՀ էր այցելել քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։ Դատապարտյալների խոսքով, նա հանդիպել է միայն վարչակազմի նախընտրած դատապարտյալների հետ եւ թերեւս իրական պատկերը նրան չի ներկայացվել։
Պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, մայոր Նոնա Նավիկյանին, որը նախ անդրադարձավ ահազանգում առկա պնդմանը, թե «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իբր շատացել է ինքնավնասում կատարած դատապարտյալների թիվը. «Հայտնում եմ, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում վերջին անգամ ինքնավնասման մեկ դեպք է գրանցվել մեկ շաբաթ առաջ, պատճառն անձնական խնդիրներն են։
Ինչ վերաբերում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի բժիշկ Տիգրան Խաչատրյանի ոչ պատշաճ վերաբերմունքին դատապարտյալների նկատմամբ և բուժօգնություն չցուցաբերելուն, տեղեկացնեմ, որ յուրաքանչյուր ազատազրկված անձ անհրաժեշտության դեպքում անմիջապես ստանում է համապատասխան բուժօգնություն, հիմնարկը ապահովված է առաջին անհրաժեշտության դեղորայքով։ Անձի մոտ որևէ առողջական խնդրի ի հայտ գալուն պես վերջինիս բուժօգնություն է տրամադրվում թե´ քրեակատարողական հիմնարկում և թե´ քաղաքացիական բուժհաստատությունում։
Կարդացեք նաև
Իսկ այն, որ սեպտեմբերի 18-ին քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանն այցելել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել է հիմնարկի վարչակազմի կողմից նախընտրած ազատազրկված անձանց հետ, ապատեղեկատվություն է, քանի որ Ա. Գոյունյանը քրեակատարողական հիմնարկներում շրջայցի ժամանակ այցելում է պատահական խցեր՝ առանց վարչակազմի ուղղորդման, զրուցում է նաև իր հետ հանդիպելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց հետ»:
Ի դեպ, մեր աղբյուրները նաեւ պնդել էին, որ «Գորիս» ՔԿՀ-ի «զոն նայող» Դավիթ Մովսիսյանը դեռ չի հրաժարվել իր «գործառույթներից» եւ ինքն է փորձում իրավիճակը շտկել։ Հիշեցնենք, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» կառավարության նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար, ինչի համար էլ վերջերս ՔԿՀ-ներում անհնազանդության բողոքներ էին կազմակերպվել։ Կալանավայրերի «զոն նայողները» հայտարարել էին, որ իրենք այլեւս իրավիճակը չեն վերահսկի՝ այսպիսով` պատասխանատվությունը թողնելով ՔԿՀ-ի վարչակազմերին։