Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն և յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում է հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է:
Նման մի դեպք օրերս, ոչ ստուգայցի ժամանակ այլ` օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով ապօրինի ծառ է հատել, փայտանյութը տեղափոխել տուն: Նույն օրը տղամարդը բաժին հրավիրվեց, խոստովանեց, որ ծառն օգոստոս ամսին է հատել, բայց, ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, դա նրա միակ ապօրինի ծառահատումը չէր:
Կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-ից 10-ը Եղեգնուտ գյուղի «Մքլոյի թալա» կոչվող հանդամասում բենզասղոցով տարբեր տեսակի ու տրամագծի 65 ծառ է հատել, փայտանյութը թողել է հանդում` հետագայում տուն տեղափոխելու նպատակով:
Կարդացեք նաև
Դեպքի վայրի զննության ընթացքում 60-ամյա տղամարդը մատնացույց է արել և՛ մասնատված փայտանյութը, և՛ հատված ծառերի կոճղերը, 3խմ փայտանյութ էլ ոստիկանները հայտնաբերել են նրա տան բակում:
Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսության աշխատակիցներին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բնության պատճառած վնասի չափը ճշտվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն