Լրահոս
Օրվա լրահոսը

«Հը՞ն, արա, ի՞նչ ես ասում» ու քարով գլխին». մարզպետի օգնականի եւ փոխգնդապետի միջադեպի մասին

Սեպտեմբեր 23,2019 15:48

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընկերները:

Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակիցների եւ զինվորականների միջեւ տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը՝ մարմնական ծանր վնասվածքներով: Ներկայումս բժիշկները նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:

Մխիթարյանի ընկերներն այսօր բողոքի ցույցի ժամանակ կառավարությանը պահանջ ներկայացրեցին՝ իրականացնել արդար քննություն, պատժել մեղավորներին, գործի քննությունը Վայոց ձորից տեղափոխել Երեւան՝ գլխավոր դատախազի հսկողության տակ, եւ կասեցնել մարզպետի լիազորությունները, որպեսզի քննության վրա ճնշում չգործադրի:

Հարություն Գրիգորյանը ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել:

Գրիգորյանը օրերս «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է. «Ես մեր շքամուտքից դուրս եմ եկել, ինքը անշարժ այնտեղ պառկած է եղել… Ես վեճի ժամանակ այնտեղ եմ եղել, քաշքշոց է եղել, բայց հետո նա դուրս է եկել քայլելով, իր ընկերներն իրեն տարել են՝ քանի որ նա հարբած վիճակում ինչ-որ կռիվ էր ուզում ստեղծել։ Երեւի սայթաքել ընկել է, չգիտեմ ինչ է եղել, ով է քաշել գցել»։

Գրիգորյանը նաեւ հերքել է, թե մարզպետ Տրդատ Սարգսյանը միջադեպին ներկա է եղել: Մինչդեռ այսօր բողոքի ցույցի ժամանակ ծեծի ենթարկված Մխիթարյանի ընկերները հայտարարեցին՝ մարզպետը եւս մասնակից է եղել:

Ցույցի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանն էլ ասաց. «Մարզպետի շքախումբը եղել է հարբած վիճակում, ոչ մի տեղ դա չի արձանագրվում, իրենց դատաբժշկական փորձաքննության չեն տարել, 2 սպա էլ մարմնական վնասվածք է ստացել, դատաբժիշկ են կանչել, չի արձագանքում: Հիմա Արայի ապրելու հնարավորությունը մեկ տոկոս է, աստված չանի մահանա, չգիտեմ ինչ կարող է լինել։ Դրանից հետո էդ միջադեպի մասնակիցները լավ կանեն անցնեն Նախիջևանի կողմը։ Միայն դա իրենց կփրկի»:

Հակոբյանն ասաց, որ դեպքին ականատեսներ եղել են: Փոխգնդապետը վրդովված պատմեց. «Իրանք էլ են խմած եղել: Ո՞նց ա լինում, որ էդ լակոտը, հրաշամանուկը թրաշով, կարում ա փախնի 3-րդ հարկ, սպասի, որ 2 ավտոյով մարզպետի գլխավորությամբ գան, հասնի, «պադյեզդի» դռան դեմի մեծ քարը վերցնի ու «հը՞ն, արա, ի՞նչ ես ասում» ու քարով գլխին: Հարցազրույց է տալիս, ասում՝ խելոք տուն էի գնում, մարդ է, կարող է՝ ոտքը սղացել է, հետո էլ մարզպետը հայտարարություն անի՝ բոլորի հետ կարա ստացվի, ոտքը սղա՝ գլուխը կպնի քարին»:

Բացի այս, Կարեն Հակոբյանը նաեւ ասաց. «Չի կարա տենց բան լինի՝ մի հատ օգնական կարանա երեք սպայի… անկախ նրա խմածության վիճակից, Արան 3 անգամ դրա նմանին կարա առնի ոտքերի տակ: Արան որ խմում էլ է, դառնում է 3 տարեկան էրեխա»:

Իսկ թե վեճն ինչից է ծագել, Հակոբյանը չասաց, քննություն է գնում, մարզպետին էլ խորհուրդ տվեց. «Բերանդ փակի՛ր»:

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարն այսօր հայտարարել է, որ կատարվում են քննչական գործողություններ՝ մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ. «Առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով: Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30