Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է շուրջ 2835 հարկ վճարողի նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ դեբետային գումարը՝ պարտքը վերադարձնել: ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը զարմացած էր, որ այսքան լավ նախագիծ են բերել, անգամ կասկածում էր՝ «որտեղ են ուզում մեզ քցել»:
Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում պահանջեց, որ հրապարակվեն առնվազն խոշոր տնտեսվարողների անունները, որոնց պետությունը պետք է վերադարձնի գումարները. «Դա քողարկվում է անընդհատ գաղտնիության տակ: Մենք պետք է իմանանք՝ բյուջեից գումարներն ում ենք վերադարձնում: Ես ունեմ տվյալներ, որ այդ գումարներից զգալի գումար՝ մոտ 1,5 մլրդ դրամ վերադարձվում է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որ այս պահին սնանկության մեջ չէ, լուծարման մեջ չէ: Այս պահին, ըստ էության, ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիք, ընտանիքի անդամներ, ում կազմակերպությանը վերադարձնելու ենք գումարները: Ես ունեմ տվյալներ, որ սա միակը չէ»: Նա պնդեց, որ կայացնեն որոշում դադարեցնել քվեարկությունը եւ առնվազն փակ ռեժիմով տեղեկացնեն, թե ովքեր են այդ տնտեսվարողները:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նախորդ նիստում ասաց, որ հարկային գաղտնիք է եւ չեն կարող հրապարակել տնտեսվարողների անունները:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց, որից հետո ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկում նախագծին: Նրա խոսքով՝ «Հնչեցված մտահոգությունը համարում ենք, որ տեղին է եւ 183 խոշոր ընկերություններին, որոնք պետք է խոշոր դեբետային գումարներ ստանան, մեր խմբակցությունը պահանջելու է, որպեսզի ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում այդ բոլոր տվյալները ստանանք մենք ու մեր գործիքակազմի շրջանակներում տվյալներ ունենանք, որ այդ գումարները հասնեն ճիշտ հասցեատերերին»:
Իսկ հետո Մարուքյանը հայտարարեց, որ 20 րոպե ընդմիջման ընթացքում համաձայնության են եկել. «Չի կարող խորհրդարանից լինել գաղտնի ցանկ, առ այն, որ համապատասխան ընկերություններին տրվում է գումար: Խորհրդարանը գումարը տվողն է, չի կարող ԱԺ-ն չիմանալով՝ կուրորեն տալ գումար: Մեզ ասել են, որ սա հարկային գաղտնիք է: Պատգամավորները հույժ գաղտնի տեղեկություն ստանալու իրավունք ունեն, եւ մենք հետեւողական ենք լինելու, որ ցանկը ստանան»: Նա ասաց, որ ՊԵԿ ղեկավարին կհրավիրեն ԱԺ իրենց խմբակցություն՝ հանդիպման, ՊԵԿ-ից նաեւ հավաստիացրել են, որ այն ընկերությունները, որոնք 40 մլն-ից բարձր գումար են ստանալու, պետք է անցնեն ուսումնասիրության, որի շրջանակներում կարող է լինել պատասխանատվության ենթարկելու հնարավորություններ. «Այն ընկերությունները, որոնք ժամանակին արտոնյալ պայմաններում մոնոպոլ դիրք են ունեցել ու այս գումարները գրանցել են, չպետք է այդ գումարները ստանան»:
Մանե Թանդիլյանն էլ հավելեց, որ Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքը միակը չէ, հյուրանոցային խոշոր տնտեսություններ էլ կան. «Ես չեմ քվեարկել՝ զուտ այն պատճառով, որ փոքր ընկերություններ էլ կան, որոնք շահելու են, բայց ակնհայտորեն,սա անընդունելի պրակտիկա է, որ մենք կուրորեն գումարներ ենք վերադարձնում չգիտեք ում: Մարդիկ, որոնք թալանի միջոցով կուտակել են գումարներ եւ այսօր քրեական հետապնդման մեջ են գտնվում, մենք ուղղակի չենք կարող նրանց մեր բյուջեից գումարներ տանք՝ այն դեպքում, երբ մենք հաշմանդամություն ունեցող անձանց անվճար կրթությանը դեմ ենք քվեարկում՝ հասկանալով, որ գումարի խնդիր կա»:
«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ ասաց, որ ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, խտրականությունն է տնտեսվարողների նկատմամբ, խաղի կանոնների միասնականությունն է ընդունելի: Նա չհերքեց, որ ռիսկ կա եւ խորհրդարանը կարող է իր ունեցած լծակներով հարկային գաղտնիքը բացել, ավելին՝ նա այդ մասին նոր նախագիծ է ներկայացրել:
«Հարկային օրենսգրքի» նախագիծն ընդունվեց 92 կողմ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ