Լրահոս
Օրվա լրահոսը

Հարստացած մեր պատմության բերած մեծ դասերից, դաժան դասերից, փառահեղ դասերից ունենք հնարավորություն՝ փոխելու մեր ժողովրդի պատմական ճակատագիրը. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 23,2019 14:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:

Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սրբազան հայրեր և հոգևոր դասի ներկայացուցիչներ,

հայազգի ընտրված և նշանակված մարզային, քաղաքային ու նահանգային պաշտոնյաներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության հարգելի անդամներ,

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս,

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,

Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսներ Ֆրեզնոյում և Լաս Վեգասում,

Կալիֆորնիահայ քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ղեկավարներ, պատվիրակության անդամներ, ներկայացուցիչներ, լրագրողներ,

Սիրելի հայրենակիցներ,

ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այսօրվա փառահեղ օրվա համար, որովհետև այսօրվա այս հանդիպումը, այս մթնոլորտը, այս օրը, որ մենք միասին անցկացնում ենք, անմոռանալի իրադարձություն է բոլորիս համար, և կարծում եմ, որ նրանք, ովքեր հեռվից են հետևել, ևս այս օրը պիտի հիշարժան համարեն։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի հայությանը, ԱՄՆ հայությանը և ընդհանրապես Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր երկար տարիներ նախանձախնդիր պահպանել են իրենց հայկական ինքնությունը և այդ ինքնությունը փոխանցել և փոխանցում են իրենց զավակներին՝ այն ժառանգություն ստանալով իրենց հայրերից և պապերից։

Ես ուզում եմ ասել, որ ամեն անգամ հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես ապրիլի 24-ին Կալիֆորնիայի հայությունը, ամբողջ աշխարհի հայությունը միասնական ոտքի է կանգնում և հզոր քայլարշավով ամբողջ աշխարհին ազդարարում, որ մենք չենք հրաժարվել մեր ինքնությունից և մենք չենք հրաժարվի մեր ինքնությունից։

Մենք այսօր մեր պատմության կրողն ենք, և մենք հարստացած մեր պատմության բերած մեծ դասերից, դաժան դասերից, փառահեղ դասերից ունենք հնարավորություն՝ փոխելու մեր ժողովրդի պատմական ճակատագիրը և մեր ժողովրդին դուրս բերելու պատմական այն ցիկլից, որը, ցավոք, պարբերաբար վերապրել ենք։

Այդ ցիկլը մոտավորապես հետևյալն է. աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով մենք ստանում ենք շանս, հնարավորություն, ապա աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով հիմնականում կորցնում ենք այդ հնարավորությունը, և դրա հետ կորցնում ենք նաև հայրենիք ու ժողովուրդ։ Եվ այդ պատմության ամենամեծ դասն այն է, որ մենք, ցավոք, շատ հաճախ չենք կառավարում ինքներս մեր ճակատագիրը։ Եվ երբ ասվում է, որ այսօր կա պատմական շանս՝ մեր պետության և ժողովրդի համար, ես դա հասկանում եմ այսպես, որ մենք ունենք հնարավորություն՝ մեր ճակատագրի ղեկը վերցնել մեր ձեռքը։ Մենք այսօր, ամենակարևորը, ունենք ներուժ՝ դա անելու, և այսօրվա ուղերձի ամենակարևոր հատվածը դա է։

Ընդհանրապես ասվում է՝ ո՞րն է Հայաստանում տեղի ունեցած փոփոխության առանցքային գործոնը։ Դա այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի զգաց, զգում է իր անհատական ուժը։ Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք նաև հաջորդ քայլը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք և կարողանանք կիրառել մեր հավաքականության ուժը։ Սա է այն գործոնը, որը պիտի իսկապես պատմական հեղափոխություն իրականացնի մեր ճակատագրի մեջ, և անհատի ինքնագնահատականի փոփոխության տրամաբանական շարունակությունը դա է, երբ անհատը, քաղաքացին զգաց իր ուժը։

Հիմա ժամանակն է, որ անհատների հավաքականությունը, որ կոչվում է հայ ժողովուրդ, որ կոչվում է հայ ազգ, զգա իր ստեղծարար ուժը, և այդ ստեղծարար ուժը կիրառելու կոնկրետ նպատակ դնի, և այդ նպատակը կարող է լինել մեկը՝ ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետությունը, ուժեղ և հզոր Արցախը և միասնական հայրենիքը։ Եկել է ժամանակը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք մեր ուժը, կանգնենք կողք կողքի: Այսօրվա իրադարձությունը սրա մասին է։ Այսօրվա իրադարձությունն այն մասին է, որ հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ, և հայ ժողովուրդը պատրաստ է հաղթանակ առավել, քան երբևէ։

Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ համարում եմ, որ մեր հավաքական ամենամեծ առաքելությունը մեր մեծությունը, մեծության մեր ինքնազգացողությունը վերականգնելն է։ Մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը տնտեսության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը գիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունն արվեստի մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը դիվանագիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը սպորտի մեջ և ընդհանրապես բոլոր բնագավառներում։

Պատահական չէր, որ ես այսօրվա հավաքն սկսեցի Պարույր Սևակի բանաստեղծությամբ, որովհետև այդտեղ շատ կարևոր կերպով համադրված է երկու հանգամանք՝ հարգանքը ուրիշ ազգերի նկատմամբ, որը չպիտի մեզ խանգարի, այլ, հակառակը, մեզ պիտի օգնի, որ մենք ինքներս մեզ առավել ևս հարգենք և մեծացնենք ուրիշների հարգանքը մեր նկատմամբ։ Դրա համար մեզ հարկավոր է այսօր ընդամենը մեկ բան՝ ձևակերպել մեկ միասնական նպատակ և աշխատել միասին հանուն այդ մեկ միասնական նպատակի։ Այդ մեկ նպատակի անունը պարզ է և հստակ՝ այդ նպատակի անունն է Հայաստանի Հանրապետություն, այդ նպատակի անունն է Արցախի Հանրապետություն։

Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախը, կեցցե Սփյուռքը և կեցցե՛ հայ ժողովուրդը։

Շնորհակալ եմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պատվին տրված գալա-ընդունելության ժամանակ ներկայացվել է «Velvet Revolution» ֆիլմի թրեյլերը, որը պատրաստվել է Մկքենզի ընկերության կողմից։ Ֆիլմը պատմում է 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին, ներկայացնում այդ օրերի իրադարձությունները և զարգացումները, ինչպես նաև անդրադառնում Հայաստանի զարգացման ներկայիս միտումներին։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30