«Բաց դատաքննություն է ընթանում, հասարակությունը ուշի-ուշով հետեւում է եւ ոչ մի դատավոր չի կարող այլ վարքագիծ դրսեւորել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում`հակադարձելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն հայտարարություններին, որ առաջին նախագահին կալանքի տակ պահելու համար դատարանների վրա ճնշումներ են իրականացվում, ասաց «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Օրինակ բերելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` երկիրը լքելու թույլտվության որոշումը, Սեդա Սաֆարյանը հայտարարում է, որ տիկին Դանիբեկյանն օբյեկտիվություն ապահովում է այս գործի քննության փուլում. «Սեյրան Օհանյանի գործով դատարանը տեղում որոշում ընդունեց`իր կամոք, արդարության պահանջների ներքո, չգնաց խորհրդակցական սենյակ, ինչպես ենթադրում են Քոչարյանի պաշտպանները, որ զանգով որոշում կայացնի»:
Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալուն, Սեդա Սաֆարյանը պնդում է, որ դա միանգամայն արդարացված է, քանզի այն ժամանակ առաջին դեմքերը`շահագրգռությունից ելնելով, թույլ են տվել կեղծիքներ, այդ թվում նաեւ փաստաթղթերի. «Այնպես, որ կալանքը միանգամայն տեղին է, մանավանդ, որ Քոչարյանը ներկա պահին էլ իր գործողությունները ճիշտ է համարում»: Նա վստահեցնում է`սա հենց այն ծայրահեղ դեպքն է, որ կալանքը պետք է խափանման միջոց լինի, քանի որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ցուցմունքներ են տվել, անուղղակիորեն ընդունելով նաեւ մեղքը եւ վտանգ կա, որ Ռոբերտ Քոչարյանի`ազատության մեջ լինելով, այդ անձանց վրա ճնշումներ կլինեն:
Նա չի բացառում, որ ԱԱԾ-ում այժմ էլ կան մարդիկ, որոնք պատրաստ են Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել. «Անմիջական ազդեցություն այլ խնդիր է, միջնորդավորված ազդեցությունն այլ, մանավանդ, ներկա վիճակում, շատերը հնարավոր է իրենց վրա չվերցնեն միջնորդ առաքելությունը»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ