Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանն իր կամքի տերը չէ»

Սեպտեմբեր 23,2019 13:00

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ վարչապետն իրավունք չունի ապօրինի որակել ՍԴ որոշումը

Սեպտեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը: Մինչ այդ դատարանը մերժել էր նաեւ ՍԴ որոշման հիմքով Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

«Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումն էլ ավելի ծանրակշիռ է դարձնում Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի այն պնդումը, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրավաչափ չէ կալանքը կիրառել որպես փախանման միջոց: Հիշեցնենք, որ ըստ ՍԴ որոշման՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչվել է Սահմանադրության 4 հոդվածներին հակասող եւ անվավեր։

«Այնպես չէ, որ պաշտպանական կողմի փաստարկները մինչեւ այդ ծանրակշիռ չէին: Պնդում եմ, որ շատ ավելի համոզիչ են պաշտպանության կողմի հիմնավորումներն այն մասին, որ իրավաշափ չէ Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը: Մեղադրող-դատախազների հիմքերը, թե նա կարող է փախնել, ճնշել վկաներին, ինձ չեն համոզում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Ռուբեն Մելիքյանը: Ինչ վերաբերում է դատախազության հակափաստարկներին այն մասին, որ ըստ գործում առկա ապացույցների՝ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ նախագահականի մարդիկ աշխատել են քողարկել բանակի ներգրավվածության փաստը, Ռուբեն Մելիքյանը նշեց. «Եթե համադրենք պաշտպանական եւ մեղադրող կողմերի փաստարկները, ապա ինձ համար ավելի համոզիչ են պաշտպանական կողմի ասածները»:

Ռուբեն Մելիքյանը մտավախություն ունի, որ Ռոբերտ Քոչարյանի գործի պարագայում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված երաշխիքները չկան. «Դատարանն իր կամքի տերը չէ»: Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ ՍԴ որոշման շուրջ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այն ապօրինի է: Վարչապետն ակնարկել էր այն մասին, թե ով է ՍԴ նախագահը եւ ինչպես է ընտրվել այդ պաշտոնում: Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ վարչապետի նման որակումներն անգամ մեկնաբանման ենթակա չեն. «Դրանք հակաիրավական են: Վարչապետն իրավունք չունի ապօրինի որակել ՍԴ որոշումը: Այդ հայտարարությունը նպատակ ուներ ազդելու Սահմանադրական դատարանի վրա: Այս գործընթացը քաղաքական ճնշման չքողարկված փորձ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30