Լրահոս
Օրվա լրահոսը

«Դերասան աշխատելու համար որեւէ նշանակություն չունի՝ տվյալ անձը ՀՀ արվեստի վաստակավոր գործի՞չ է, թե՞ վաստակավոր արտիստ»

Սեպտեմբեր 23,2019 12:30

Դատարանը բավարարել է բեմադրիչի հայցապահանջը

Մայր թատրոնում Հրաչյա Ղափլանյանը բեմադրել է 13 ներկայացում, Խորեն Աբրահամյանը՝ 11, Վահե Շահվերդյանը՝ 12, թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը՝ 9, Տիգրան Գասպարյանը՝ 11։ Այս մասին բարձրաձայնվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն դատարանում, երբ քննության էր դրվել  Մայր թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Տ. Գասպարյանի հայցը: Պատասխանող կողմը փաստում էր, որ  Տիգրան Գասպարյանը վերջին անգամ բեմադրություն է իրականացրել 2015 թվականի փետրվարի 21-ին:

Մինչդեռ, պարզվեց, որ 2016 թվականին Տ. Գասպարյանը, երբ սկսել էր բեմադրել Լ. Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ փնտրելիս» պիեսը,  թատրոնի տնօրենի կողմից հայցվորի ստեղծած ստուդիայից նրան հեռացրել են։

Տիգրան Գասպարյանի հայցը՝ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 27.12.2018 թվականի թիվ 183-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, դրա անհնարինության դեպքում մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան այլ պաշտոնում վերականգնելու, իսկ աշխատանքում չվերականգնելու դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցման գումարների բռնագանձման պահանջների մասին, դատարանը բավարարել է:

«Առավոտի» տեղեկություններով, Մայր թատրոնը բողոք է բերել:

Դատարանն անվավեր է ճանաչել Մայր թատրոնի՝ Տիգրան Գասպարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 27.12.2018 թվականի թիվ 183-Ա հրամանը, դատարանը վճռել էր կազմակերպությունից հօգուտ Տիգրան Գասպարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 28.12.2018 թվականից մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը, միջին աշխատավարձի չափով հատուցման գումարը, բռնագանձել աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի եռապատիկի չափով հատուցման գումարը:

Նշեմ, որ Տիգրան Գասպարյանն աշխատում էր Մայր թատրոնում 1983թ.-ից:

Ըստ վերջինի, իր ազատման հրամանի «հիմք» էր հանդիսացել 28.12.2018թ.-ի ծանուցումը. «2019թ. հունվարի 1-ից կազմակերպությունը գործում է հաստատված նոր կառուցվածքով եւ նույն հիմքով պայմանավորված՝ կազմակերպության աշխատողների թվաքանակի կրճատման պատճառով»:

Ինչպես նախորդ մեր հրապարակումներում տեղեկացրել էինք, թատրոնի տնօրենը նույն օրը աշխատանքից ազատել էր նաեւ Տ.Գասպարյանի կնոջը՝ Էռնա Ավետիսյանին։

Դատական գործընթացի ժամանակ կողմը հայտնել էր, որ իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքի, նշված հրամանը, ծանուցումները կայացվել են օրենքի տառին անհամապատասխան, ինչպես նաեւ օրենսդրության սահմանված կարգի խախտումներով։ Աշխատանքից ազատելու հրամանը ընդունվել է 27.12.2018թ.-ին, իսկ ծանուցումը կայացվել է 28.12.2018թ.-ին։

Ըստ հայցվորի, «Պատասխանողը, փաստորեն, չի տարբերակում «կառուցվածք» եւ «հաստիքացուցակ» իրավական հասկացությունները, ինչի պատճառով էլ ի պատասխան հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան  Մ. Վարդանյանի 21.02.2019թ. թիվ 2 հարցման՝ անհիմն կերպով չի տրամադրել 2018թ.-ի, 2019թ.-ի հաստիքացուցակները, թատրոնի տնօրենի 27.12.2018թ.-ի թիվ 12-Ա հրամանի քաղվածքը»:

Տ. Գասպարյանն առաջարկել էր նշանակել իրեն մեկ այլ աշխատանքի,  եթե իսկապես ռեժիսոր պետք չէ թատրոնին, մասնավորապես, բեմի առաջատար վարպետի պաշտոնին: Պատասխանել էին՝ «հնարավոր չէ», հաշվի չառնելով այն, որ Տիգրան Գասպարյանն ունի թատերական արվեստի ոլորտում բարձրագույն կրթություն, արվեստի վաստակավոր գործչի կոչում, եւ բազմաթիվ դերերում է խաղում (խաղացել), եւ իր բեմադրած ներկայացումներում (նաեւ թատրոնում), եւ հեռուստասերիալներում։ Տիգրան Գասպարյանը «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչ օրս դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնում աշխատում է որպես «Դերասանի վարպետություն» առարկայի դասախոս եւ Թատերական արվեստ մասնագիտությամբ «Դերասանական արվեստ» մագիստրոսական կրթական ծրագրով 1-ին կուրսի ղեկավար:

31.05.2019թ.  դատական նիստի ժամանակ պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել էր թատրոնի կառուցվածքով նախատեսված բեմի առաջատար վարպետի թվով քսան հաստիքային միավոր, առանց Տ. Գասպարյանի:  Հայցվոր կողմի ներկայացուցիչը նշել էր, որ ռեժիսորի որակավորում ունեցող Դավիթ Հակոբյանը նույն ժամանակ նշանակվել էր բեմի վարպետ։

2018թ.-ի համար հաստատված թատրոնի կառուցվածքում առկա էր բարձր կարգի դերասանի հաստիքային 14 միավոր, բեմի առաջատար վարպետի 19 հաստիքային միավոր, իսկ 2019թ.-ի կառուցվածքում՝ բարձր կարգի դերասանի հաստիքային 15 միավոր, բեմի առաջատար վարպետի 20 հաստիքային միավոր։

22.04.2019թ. դատական նիստի ընթացքում պատասխանողի կողմից արվել է հայտարարություն, որ տվյալ ժամանակահատվածում առկա է եղել բեմի առաջատար վարպետի թափուր հաստիք, ինչը հայցվորին չի առաջարկվել։ Ստացվում է, որ թատրոնը  կարող էր արվեստի վաստակավոր գործիչ Տ.Գասպարյանին թատրոնի արտաբյուջետային միջոցների հաշվին մինչեւ տարեվերջ ապահովել մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքով, իսկ հաջորդ տարի՝ ընդգրկել հաստիքացուցակում:

Առանձին մասնագետների անհրաժեշտություն առաջացավ այն ժամանակ, երբ դատարանը պետք է տարբերակեր առաջատար վարպետ, վարպետ, բարձր կարգի դերասան …հաստիքները:

2019թ. հունիսի 12-ին «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Դերասանի վարպետություն եւ ռեժիսուրայի» ամբիոնի վարիչին փաստաբան-ներկայացուցիչ Մ. Վարդանյանը հարցրել էր. «ռեժիսորի որակավորմանը եւ դերասանի աշխատանքային փորձով անձը կարո՞ղ է աշխատել թատրոնում, որպես դերասան», պարզվում է՝ այո: Դերասան աշխատելու համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունեն ոչ կոչումները, ոչ էլ պետական եւ միջազգային պարգեւները։ 18.06.2019թ. դատական նիստին ներկայացվեց նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հ. Գասպարյանի պատասխանը, որը հարցմանն ի պատասխան նշել է. «Ռեժիսոր լինելը արգելք չի կարող լինել դերասան աշխատելու համար, դերասան աշխատելու համար որեւէ նշանակություն չունի՝ տվյալ անձը ՀՀ արվեստի վաստակավոր գործի՞չ է, թե՞ վաստակավոր արտիստ»:

Պարզվեց՝ Տ. Գասպարյանը թատրոնում աշխատել է 2009թ. հունվարից 2010թ. դեկտեմբերը դերասան (մեկ հաստիքային միավորով):

Ներկայացվել էր  լուսանկարներ՝ Տիգրան Գասպարյանի տարիներ շարունակ դերասան հանդիսանալու փաստի վերաբերյալ։

Գործի դատաքննության ընթացքում դատարանը կողմերի հետ քննարկել է նախկին աշխատանքում վերականգնելու հարցը: Թատրոնի ներկայացուցիչը հայտնել էր. «Իրենց ղեկավարության, այդ թվում՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի ու հայցվորի միջեւ կան որոշակի լարված հարաբերություններ եւ տարաձայնություններ: Դրանց մասին են վկայում մամուլում կատարված հրապարակումները եւ հայցվոր կողմի քննադատությունները, իսկ հայցվոր կողմը, չնայած ընդունել է կազմակերպության ներկայացուցչի նշած փաստերը, սակայն նշել է, որ ինքը պատրաստ է աշխատել եւ որեւէ խնդիր չի տեսնում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30