Երեւանի օպերային թատրոնում Վերդիի գործը վստահված է գերմանաբնակ մեր հայրենակցին
Բաց տեսարաններով ֆիլմերի, վերջին տարիներին էլ թատերական ներկայացումների մասին ծանոթանում ենք արտասահմանյան մամուլի միջոցով, ինչի շուրջ սկսվում են նաեւ հայաստանյան մասնագետների ու հանդիսատեսի քննարկումները: Նշենք, որ նման տեսարաններով առկա աշխատանքները, օրինակ, Արեւմուտքում էլ միանշանակ չեն ընդունվում: Դրանց շուրջ ընթանում են բուռն քննարկումներ: Հոլիվուդում 2013-15թթ. եղավ փոքրիկ հեղափոխություն. պրոդյուսերները պնդում էին, որ սեքսը կորցրել է հետաքրքրությունը հանդիսատեսի համար, ինչի պատճառով էլ հիմա ավելի շատ պետք է նկարահանվեն «էքշըն» ժանրի ֆիլմեր: Մյուս կողմից՝ արտասահմանյան մամուլը ներկայացնում է համաշխարհային կինոյի պատմության մեջ 6 ամենագեղեցիկ էրոտիկ տեսարանները, որոնք գեղագիտական հաճույք են պատճառում: Այդ թվում են «Օսկարի» արժանացած Սոֆի Լորենի մասնակցությամբ լեգենդար «Երեկ, այսօր, վաղը» (կինոռեժիսոր՝ Վիտորյա Դե Սիկա), Քիմ Բեսենջերի հանրածանոթ պարը «9 1/2» ֆիլմում, «40 օր, 40 գիշեր» կատակերգությունը, որտեղ Ջոն Հայթնետն ու Շաննի Սոսամոնը զբաղվում են սեքսով՝ առանց դիպչելու միմյանց (օգտագործվել են ծաղիկներ ու մեղմ քամի): Մայքլ Դուգլասի ու Շերոն Սթոունի մասնակցությամբ էրոտիկ տեսարաններով լի «Հիմնական բնազդ» ֆիլմը եւ այլն: Ինչ վերաբերում է հայաստանյան ֆիլմերին կամ բեմադրություններին, փաստենք, որ նման տեսարանները մինչ օրս սկսվել եւ ավարտվել են ընդամենը կրքոտ համբույրներով: Ռեժիսորներն էլ հաճախ նեղսրտում են, թե մեր դերասանները պարզապես հրաժարվում են հանդես գալ բաց տեսարաններում:
Ազգային օպերային թատրոնում երբ գարնանը սկսվել էին Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի բեմադրական աշխատանքները, խոսակցություններ էին տարածված, թե ռեժիսորը՝ գերմանաբնակ օպերային բարիտոն եւ դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանը, փորձում է ներկայացումը «համեմել» մեղմ էրոտիկ տեսարաններով: Սակայն ամռանը կայացած պրեմիերային, որն անցավ իսկապես մեծ հաջողությամբ, նման, մեզ համար դեռեւս խորթ տեսարանների չհանդիպեցինք: Այս օրերին արվեստագետը դարձյալ Երեւանում է:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ ձեռնամուխ է եղել Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի աշխատանքներին, որի, ինչպես եւ նախորդ՝ Ռոսինիի օպերայի դեպքում, ինքը եւ բեմադրող դիրիժորն է, եւ բեմադրող ռեժիսորը: Հավելեց նաեւ, թե նախորդ երեւանյան բեմադրության օրինակով «Պարահանդես-դիմակահանդեսը» կներկայանա որպես ոչ ամբողջական բեմադրություն, այլ բեմականացում: Ինչ վերաբերում է «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»-ի շուրջ շրջանառվող խոսակցություններին, մեր զրուցակիցը չհերքեց, ասաց, որ նման մտադրություն ունեցել է, բայց դրանք կլինեին ոչ թե էրոտիկ տեսարաններ, այլ անսովոր տեսարաններ: «Պարահանդես-դիմակահանդես»-ում, քանի որ լիբրետոյի հիմքում հավերժական սեր եւ դավաճանություն թեման է, գուցե դիմեմ անսովոր լուծումներով տեսարանների»,- առանց մանրամասնելու հայտնեց Մկրտիչ Բաբաջանյանը: Շարունակելով կամ ներկայացնելով իր խոսքերով՝ «անսովոր լուծումներով տեսարաններ» արտահայտությունը, փաստեց. «Բառացիորեն օրերս Ֆրանսիայի օպերայում ժամանակակից ռեժիսուրայով ներկայացված Վերդիի «Տրավիատայում» տեսարան կա, որտեղ հերոսուհին՝ Վիոլետան կով է կթում…»: Հետաքրքրությանը՝ 1999-ից հանդես եք եկել օպերային մեծ թատրոններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հոնկոնգի, Ավստրիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի եւ այլն, մասնակցե՞լ եք, ձեր խոսքերով՝ «անսովոր տեսարաններով» ներկայացումների, արվեստագետը պատասխանեց. «Իհարկե՝ այո, այն էլ ոչ մեկ-երկուսը… Եղել են եւ համաշխարհային օպերային գրականության հայտնի գործերից, օրինակ՝ Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք» օպերան, եւ ժամանակակից հեղինակներից, կներեք, այս պահին կոմպոզիտորի անունը չեմ մտաբերում, խոսքը «Հանդիպում Թելգտե քաղաքում» օպերայի մասին է: Իհարկե, հասկանալի է, որ դրանք, ինչպես ընդունված է ասել՝ ժամանակակից ռեժիսուրայով իրականացված բեմադրություններ են»:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում արվեստագետը հավաստիացրեց, որ «Պարահանդես-դիմակահանդեսը» ծրագրված է հանդիսատեսին ներկայացնել խոր աշնանը:
Մենք տարբեր առիթներով անդրադարձել ենք Մկրտիչ Բաբաջանյանի արվեստին: Հիշեցնենք, որ Գերմանիայում գործունեություն ծավալելուց հետո նա որպես մեներգիչ մասնակցել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի օպերային նախագծերին՝ Վերդի՝ «Սիմոն Բոկանեգրա», «Ռիգոլետո», իսկ որպես դիրիժոր՝ Երեւանի թատրոնում 1997թ. Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան ղեկավարելուց հետո որպես դիրիժոր ներկայացել է շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո: Իսկ Երեւանի օպերային թատրոնի հետ սերտ համագործակցության պատճառը մաեստրո Կոնստանտին Օրբելյանն է: Այստեղ Մկրտիչ Բաբաջանյանը ներկայացել է նաեւ դերերգերով (օրինակ, Սկարպիա՝ Պուչինիի «Տոսկայում»), աշխատանքներ է տանում թատրոնի մեներգիչների հետ կատարողական, երաժշտական հարցերով, ասենք՝ ինչպես էլ ավելի ճիշտ արտաբերել գերմաներենը, օրինակ՝ վերջին շրջանում կայացած Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում եւ այլն:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.09.2019
Հա՛, դա էլ լավ է, բայց թույլ տվեք, որ մեր ,,ազգային,, համարվող օպերային թատրոնում զարգանա, նաև, հայկական օպերան: Այսինքն՝ հայ կոմպոզիտորների ստեղծածը, որոնք հայերեն լեզվով են, հայկական թեմայով են, հայերեն հնչերանգներով, հային հոգեհարազատ են: Մի խեղթեք հայ ազգային օպերան եվրոպական, մեր հասարակության համար օտար ներկայացումներով … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան