Հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Մաննեի (Մանե Բաղդասարյան) եւ պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի հետ
– «Ադապտացիան» եւ «Ճայը» հաղթարշավ են սկսել, խնդրում եմ մի փոքր փակագծեր բացեք:
Մաննե– «Ադապտացիա» եւ «Ճայը» ֆիլմերն այժմ շրջում են մի քանի երկրներում՝ Իտալիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Բելառուսում եւ այլուր: Բազում հրավերներ կան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում օտարազգի մշակութային գործիչները եւ հանդիսատեսը: Այս պահին ֆիլմերը ցուցադրվելու են եւ մրցութային ծրագրերում, եւ որպես հրավիրյալ ֆիլմ: Բելառուսում կայանալիք «ԵվրազիաԴոկ» միջազգային կինոփառատոնի փակման ֆիլմը «Ադապտացիա»-ն է: Դա մեծ պատիվ է մեզ համար:
– Ո՞րն է ձեր ֆիլմերի առանձնահատկությունը, որով գրավիչ են դառնում օտարեկրացիների համար:
Արարատ Գրիգորյան– Ի սկզբանե ֆիլմի գաղափարը ծագում է քո մտահոգություններից, այն ամենից, ինչի մասին ուզում ես ստեղծագործել, արարել: Առանձնահատկությունը ստեղծագործողը երբեք չի կարող բնորոշել: Միայն հանդիսատեսը եւ մասնագետները կարող են դա ձեւակերպել, որոնք ընտրում են մեր ֆիլմերը:
Կարդացեք նաև
– Վերջերս «Շապիտո»-ի պրեմիերան էր, ո՞րն է այդ ֆիլմին տված ամենատպավորիչ գնահատականը:
Մաննե– «Շապիտո»-ն դեռ մեկ անգամ է ցուցադրվել եւ վաղ է խոսել գնահատականների մասին, սակայն չեմ կարող չփաստել, որ պրեմիերայի օրը ես հանդիսատեսից մեծ ջերմություն եւ հիացմունք ստացա: Այդ օրն ինձ համար տոն դարձավ: Շատ կարեւոր էր իմ ֆիլմի հերոսների գնահատականը: Նրանք մինչ այդ չէին տեսել ֆիլմը: Շատ տպավորված եմ եւ երջանիկ, որ նույնիսկ մինչ օրս չեն դադարում արձագանքները: «Շապիտո»-ն դեռ նոր է սկսելու իր ճանապարհը: Այն դեռեւս միայն տեսել են հայրենակիցները:
– Ի՞նչը կարող է ֆիլմի նյութ դառնալ ձեզ համար:
Մաննե– Ֆիլմի նյութ կարող է դառնալ ցանկացած տեսարան, ցանկացած մարդ եւ ցանկացած խոսք: Պարզապես նյութը պետք է լինի իր տեղում: Ես չգիտեմ աշխարհում մի բան, որը ֆիլմի կամ արվեստի այլ ստեղծագործության հիմք չի կարող դառնալ: Իմ դեպքում սահմանափակումներ չեմ դնում, քանի որ երբեք չգիտեմ, թե նախասիրություններս որ կողմ կթեքվեն վաղը առավոտյան կամ մեկ ժամ անց: Կարեւորը հիացումի զգացումն է: Երբ ես հիանում եմ ինչ-որ բանով որոշակի ժամանակ, ապա ինքս լավ գիտեմ, որ այն օդում չի մնա եւ ինչ-որ կերպ կարտահայտվի:
– Ի՞նչ նշաձող եք սահմանել ձեզ համար, որը միշտ փորձում եք պահել:
Արարատ Գրիգորյան– Սկզբունքը՝ ստեղծել ֆիլմ, որն առաջին հերթին քեզ համար է հետաքրքիր:
-Ներկայումս ինչի՞ վրա եք աշխատում:
Մաննե– Այժմ նոր ֆիլմի վրա ենք աշխատում: Կա նաեւ մոնոներկայացման գաղափար, որը սկսել եմ իրագործել: Բեմը նույնպես հոգեհարազատ է, եթե ոչ առաջնային: Կինոն այնքան լայն աշխարհ է, որ վարակում է քեզ ամեն ինչով: Հուսով եմ, որ կարճ ժամանակ անց նորից այստեղ կլինեն ցուցադրություններ: Այժմ պատրաստվում եմ դրսում կայանալիք փառատոներին:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Մաննեն:
«Առավոտ» օրաթերթ
21.09.2019