Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հանդիպումը։
Էրիկ Գարսեթին ողջունել է Հայաստանի վարչապետին, նրա գլխավորած պատվիրակության անդամներին և կարևորել Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ ու Լոս Անջելես։ «Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ, պարոն Փաշինյան, Լոս Անջելեսի քաղաքապետարանում։ Լոս Անջելեսում բնակվող և գործունեություն ծավալող հայկական համայնքը շատ հաջողակ է և ակտիվ ներգրավված է մեր քաղաքի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։ Լոս Անջելեսը և Երևանը քույր քաղաքներ են, մենք արդյունավետ համագործակցում ենք, և կարևորում ենք ընդհանրապես Հայաստանի հետ գործընկերությունը», – նշել է Լոս Անջելեսի քաղաքապետը։
Կարդացեք նաև
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էրիկ Գարսեթիին ջերմ ընդունելության, ինչպես նաև Գրանդ Փարք կոչվող վայրում նախատեսված հանրահավաքի կազմակերպման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ իր այցի օրակարգի կեսը նվիրված է Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի հետ համագործակցությանը, ինչը վկայում է այդ գործընկերությանը տրվող կարևորության մասին և նոր հնարավորություններ է բացում համագործակցության զարգացման համար։ «Քաղաքական արմատական փոփոխություններից հետո մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման, տնտեսական առաջընթացի արձանագրման ճանապարհով, և այդ գործընթացում մեր գործընկերների հետ համագործակցությունը կարևոր դեր ունի։ Այսօրվա դրությամբ մենք տնտեսական աճի լավ դինամիկա ունենք, լավ արդյունքներ ենք արձանագրում համակարգային կոռուպցիան և մենաշնորհները վերացնելու, տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու, բիզնես միջավայրը բարելավելու ուղղություններով: Ամերիկայի մեր գործընկերների, այդ թվում՝ Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի հետ շարունակական համագործակցությունը, փորձի փոխանակումը կնպաստեն այդ գործընթացների հաջողմանը։ Ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքի համար», – ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և այլ ուղղություններով փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է օդային ուղիղ հաղորդակցության հաստատման կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները փոխշահավետ համագործակցության կոնկրետ ծրագրեր մշակելու և գործնական արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը փոխանակվել են խորհրդանշական հուշանվերներով։
Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ուղևորվել են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայր՝ մասնակցելու հանրահավաքին։ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հանրահավաքի սկզբում հանդես է եկել բացման խոսքով։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ