Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելես կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետի ելույթը Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությանը

Սեպտեմբեր 23,2019 11:09

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս,

Հարգարժան քաղաքապետ Գարսեթի և քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան,

Պատվավոր պետական այրեր,

Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր և տիկին Սոլիս,

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ,

Գերաշնորհ հոգևոր հայրեր,

Ձերդ Գերազանցություններ,

Ընտրյալ և առաջադրված պաշտոնյաներ,

Հարգելի հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Շատ ուրախալի է ինձ համար այսօր այստեղ գտնվել: Ես կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ պարոն Գարսեթիին՝ այս գեղեցիկ իրադարձությունը կազմակերպելու և մեր հաղորդակցության համար առիթ ընձեռելու համար:

Պարոն Գարսեթի, մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունն ու աջակցությունը հայ համայնքին: Օգտվելով առիթից` ես կցանկանայի նաև իմ խորին գնահատանքը հայտնել Խորհրդի անդամ Փոլ Քրեկորյանին, վերահսկիչներ Քեթրին Բարգերին և Հիլդա Սոլիսին` հանրային միջոցառման կազմակերպման գործում իրենց արժեքավոր ներդրման համար:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուզոմին, ով չկարողացավ մասնակցել այս հանդիպմանը, և ում հետ հանդիպելու եմ ավելի ուշ Նյու Յորքում՝ բարեկամության և Հայաստան-Կալիֆորնիա գործընկերությունն առաջ մղելու գործին իր նվիրվածության համար: Այդ հանդիպմանը Հայաստանի և Կալիֆորնիայի միջև կստորագրվի համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։

Իմ անկեղծ շնորհակալությունը փոխնահանգապետ Ելենի Կունալակիսին` մեզ հետ այսօր լինելու համար:

Հայաստանը մեծապես գնահատում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների, Կալիֆորնիա մեծ նահանգի և Լոս Անջելես քաղաքի հետ: Սա աշխարհի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ մենք ունենք հայկական մտավոր, մշակութային, կրոնական և ֆինանսական ներուժի մեծ կենտրոնացում: Եվ սա շատ առումներով ծնում է հզոր կենտրոնաձիգ ուժ աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի համար:

Ես ուրախ եմ այսօր, երբ տեսնում եմ այս միջոցառմանը ներկա հայկական ավանդական բոլոր կուսակցություններին և կազմակերպություններին: Ես ուրախ եմ, որ տեսնում եմ բոլոր քրիստոնեական դավանանքների ծաղկուն համայնքները: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ տեսնում մշակութային, կրթական, ֆինանսական և փաստաբանական կազմակերպություններ: Լոս Անջելեսը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով հայերի հիմնարար ինտեգրման հիանալի օրինակ է ամերիկյան հասարակության մեջ:

Սա շատ ամուր հիմք է, մնայուն կռվան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում, որն իսկապես փոխլրացնող և օգտակար է:

Այսօր մեր ամուր կապերը շարունակում են էլ ավելի ամրապնդվել մշակութային փոխանակումներով, համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն անշեղորեն բարձրացնում է մեր փոխվստահության, փոխադարձ աջակցության ու փոխըմբռնման մակարդակը:

Հաջորդ տարի մենք նշելու ենք Երևանի և Լոս Անջելեսի միջև Քույր քաղաքների համաձայնագրի 15-ամյակը, ինչը կնշանավորվի մի շարք նախաձեռնություններով, որոնք կնպաստեն երկու քաղաքների միջև համագործակցությանը: Մենք բարձր ենք գնահատում նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի և ներկայիս քաղաքապետ Էրիկ Գարսեթիի` այս համագործակցությունը խթանելու և ընդլայնված գործընկերության նոր հնարավորություններ դիտարկելու ջանքերը:

Այս այցի ընթացքում մենք ևս մեկ քայլ կձեռնարկենք մեր բարեկամությունն առավել գործնական և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Վաղը մենք ունենք մեծ Կալիֆորնիա-Հայաստան գործարար սիմպոզիում, որին կհաջորդի երկու կարևոր պայմանագրերի կնքման արարողությունը` ուղղված մեր առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Սա լավ առիթ է՝ մեր երախտագիտությունը հայտնելու Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի իշխանություններին՝ մեր երկրի մշակութային և ավանդույթային արժեքները մշտապես ի ցույց դնելու համար: Դա արժեքավոր ներդրում է այս երկրում Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու և այն ամերիկյան տուրիստական քարտեզների վրա երևակելու ուղղությամբ: Բոլոր այդ փառատոնները, կինոցուցադրությունները, համերգները և մյուս միջոցառումներն ազդակներ են ստեղծում Հայաստանի և Կալիֆորնիայի միջև ավելի ակտիվ փոխանակումների, մարդկանց միջև ավելի ինտենսիվ շփումների համար։

Կցանկանայի նաև հավաստել մեր երախտագիտությունը Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի իշխանություններին` այս մեծ քաղաքի հենց սրտում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացմանն օժանդակելու համար: Այն վեր է հառնում որպես Լոս Անջելեսի հանրային տարածքի վրա կառուցված առաջին հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Այն նաև մեր համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկացի ժողովրդին, Կալիֆորնիա նահանգին և այս գեղեցիկ քաղաքին:

Մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը Կալիֆորնիայի իշխանությունների հետ: Մենք ակնկալում ենք սերտացնել մեր փոխանակումները Լոս Անջելես քաղաքի հետ: Մենք պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Կալիֆորնիայում ընտրված պաշտոնյաների հետ, որոնցից շատերը Հայաստանի նվիրյալ բարեկամներն են Կալիֆորնիայի հայամետ պատգամավորական խմբում, Սենատի Կալիֆորնիայի հանձնախմբում, Հայաստանի և Արցախի հետ փոխադարձ առևտրի կենտրոններում, արվեստի և մշակութային փոխանակման օջախներում, և իհարկե, Կոնգրեսի հայկական հարցեր ով հանձնախմբում:

Մենք առաջ կշարժվենք հայ-կալիֆորնիական համագործակցության խորացմանն ուղղված մեր ջանքերում, իսկ Լոս Անջելես քաղաքը կլինի հիմնական կիզակետը՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Վստահ եմ, որ այդ հարաբերությունները դինամիկ կերպով կզարգանան՝ ընդգրկելով նորանոր նախաձեռնություններ և համատեղ ջանքեր:

Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք»։

Ելույթներով են հանդես եկել նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30