Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասում եք մի բան, անում` հակառակը»

Սեպտեմբեր 23,2019 11:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեղեկացնում ենք, որ 2019թ. հունիսի 24-ին եւ 27-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ի «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի, Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի «կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, հանրապետության ավագ դպրոցների համար գույքի եւ լաբորատոր սարքերի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթին նախարարության կողմից ներկայացված N2 խմբաքանակի (քիմիայի լաբորատոր սարքավորումներ) փաթեթը խիստ թերի է եւ այնպիսի տպավորություն է, որ քիմիայի փորձագետը բոլորովին անտեղյակ է ավագ դպրոցի քիմիա առարկայի ծրագրերից եւ չափորոշիչներից:

Մասնավորապես՝ ըստ մրցույթով հայտարարված դ2 խմբաքանակի (քիմիայի լաբորատոր սարքավորումներ) ցուցակի N1,6,9 ապրանքատեսակները լաբորատոր սարքեր չեն, իսկ ընդհանրապես մրցույթին ներկայացված ցուցակում տարբերակված չեն լաբորատոր ապակեղենը լաբորատոր սարքերից: Նշենք նաեւ, որ ցուցակով նախատեսված N2, 12, 14, 15, 31, 42, 46 ապրանքատեսակները ավելորդ են եւ նրանց միջոցով լաբորատոր փորձեր ծրագրով նախատեսված չեն:

Այդ թերությունների եւ բացթողումների մասին Ձեզ եւ ԿԳՄՍ նախարարին տեղեկացրել ենք (15.07.2019) գրավոր դիմումով, որի պատասխանը մինչեւ օրս չենք ստացել: Այժմ նկատի ունենալով քննարկվող հարցի կրթական եւ ֆինանսական մասշտաբայնությունը այդ համատեքստում, անհրաժեշտ ենք համարում Ձեզ հայտնել հետեւյալը:

Հաշվի առնելով հանրակրթական դպրոցներում քիմիա առարկայի ուսուցումը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար լաբորատոր փորձերի կատարման եւ ցուցադրման կարեւորությունը, մեր լավագույն մասնագետների կողմից 2000-2002 թթ. Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մշակվել է քիմիայի դպրոցական լաբորատորիայի լրակազմ (կոմպլեկտ), որը 2001-2002թթ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հայտարարված դպրոցական լաբորատոր կոմպլեկտների մրցույթում ճանաչվել է լավագույնը, եւ նախարարության քիմիայի առարկայական հանձնաժողովի երաշխավորությամբ, ԿԳ նախարարի հրամանով (Հր.NՄ-97) ներդրվել է ՀՀ եւ ԱՀ-ն շուրջ 200 դպրոցներում, 4 ռազմական վարժարաններում, 2 բուհում՝ արժանանալով մասնագետների հավանությանը: Հետագայում լաբորատոր լրակազմը վերանայվել եւ վերամշակվել է ավագ դպրոցներում քիմիա առարկայի դասավանդման նոր ծրագրերի չափորոշիչներին համապատասխան, որն իր մեջ ներառում է անհրաժեշտ քիմիական նյութեր, լաբորատոր սարքեր եւ ապակեղեն, լաբորատոր կահույք, ցուցանմուշներ, ցուցապաստառներ, մոդելներ եւ օժանդակ գրականություն:

Սակայն սկսած 2008թ.-ից, պետական բյուջեի միջոցներով, ՀՀ է ներկրվել չինական արտադրության անորակ քիմիա առարկայի լրակազմ, որը բացարձակապես չի համապատասխանում  ՀՀ կառավարության կողմից հաստատված քիմիա առարկայի ծրագրային դրույթներին եւ չափորոշիչներին: Այս արատավոր գործընթացը շարունակվում է մինչ օրս, քանի որ Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկ է ներկայացվել քիմիայի լաբորատորիայի լրակազմ մեկ փորձագետի եզրակացությամբ՝ շատ թերություններով եւ բացթողումներով: Այնինչ, անհրաժեշտ էր մասնագիտական խմբի կամ առարկայական մասնագիտական հանձնաժողովի քննարկման արդյունքում ձեւավորել այդ լրակազմը: Այլապես ստացվում է, որ ՀՀ ԿԳՄՍՆ «Ծրագրերի կենտրոն»-ի կողմից  27.06.2019 թ. հայտարարված մրցույթի փաթեթում բերված ավագ դպրոցների համար նախատեսված լաբորատոր սարքավորումները եւ պարագաները հազիվ բավարարեն ավագ դպրոցների քիմիայի ծրագրերով նախատեսված փորձերի եւ ցուցադրումների 30-40%-ը իրականացնելու համար:

Նշենք նաեւ, որ հայտարարված մրցույթի պայմանները անհաղթահարելի են տեղական արտադրողի համար, ինչը հակասում է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությանը, այն է՝ խթանել տեղական արտադրողին, ինչի մասին Դուք հայտարարում եք Ձեր բոլոր ելույթներում: Ստացվում է,  տվյալ դեպքում ասում եք մի բան, անում՝ հակառակը, որի արդյունքում ծախսվում են վարկային եւ բյուջետային միջոցները, իսկ դրանցից սպասվելիք ակնկալիքները դառնում են, մեղմ ասած, նվազ արդյունավետ: Հաշվի չառնելով մեր կողմից բերված փաստարկները եւ հիմնավորումները՝ ԿԳՄՍՆ-ի ԾԻԳ ՊՀ-ն, այնուամենայնիվ, անցկացրեց մրցույթը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաեւ մեր ներկայացուցիչը: Վերլուծելով մրցույթին մասնակցող չորս արտասահմանյան կազմակերպությունների առաջարկած գները N2 խմբաքանակի (քիմիայի լաբորատոր սարքավորումներ) համար եւ այն համադրելով նույն սարքավորումների խմբաքանակի համար մեր կազմակերպության գործող գների հետ,  հանգում ենք հետեւյալին՝ բոլոր չորս առաջարկվող գները գերազանցում են մեր գործող գներին հետեւյալ համամասնությամբ՝

Իտալիա  – 2.2 անգամ,

Ղազախստան – 3 անգամ,

Ռուսաստան  – 1.65 անգամ,

Հայաստան-Չինաստան – 2.27 անգամ:

Ո՞ւմ է սա ձեռնտու: Ակնկալում ենք Ձեր անաչառ միջամտությունը:

Բ. ԲԱՅԱԹՅԱՆ

Քիմիական գիտությունների թեկնածու,
ՌԴ բնական գիտությունների
ակադեմիայի պատվավոր դոկտոր

«Առավոտ» օրաթերթ
21.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30