«Հայաստանում պալատ կա՞, որ պալատական հեղաշրջում լինի»,-հարցին`մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականով կանխվել է ներպալատական հեղաշրջման փորձ, դա այդպե՞ս է թե՞ ոչ, Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հստակեցմանը՝ կառավարական հեղաշրջման մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց՝ իսկ կառավարական հեղաշրջումը ո՞րն է: Լրագրողի դիտարկմանը՝ փոխկապակցված մարդկանց միջոցով գալ իշխանության, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց՝ ասելով, որ ինքն այդ բոլոր հարցերին արդեն պատասխանել է:
Արթուր Վանեցյանի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, այն, որ նա, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում ըստ էության իր գերագույն հրամանատարի դեմ և լինելով վարչապետի ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր ղեկավարի, գերագույն հրամանատարի դեմ՝ դրանցից ավելի մեծ անարգանք սպայի պատվի, չկա: Հասկանում եք, չէ՞ դա ինչ է նշանակում….ես հետո եմ իմացել, որ այդ նյութը ԱԱԾ կայքում է տեղադրվել, հանել են, բա ի՞նչ պիտի անեին: Բա պիտի շարունակեր մնա՞լ: Ինձ թվացել էր, թե այդ պահին արդեն հրամանագիրը ստորագրվել է: Սպան այդպիսի բան անի՞. դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Այդպիսի բան արել են 91-ի պուտչիստները….դա անարգանք է ՀՀ զինված ուժերի նկատմամբ: Ուրախ եմ, որ ՀՀ հանրությունը հստակ այդ երևույթին իր գնահատականը տվել է»:
Մյուս հարցին՝ Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ Արթուր Վանեցյանը մնա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, դա նորմալ համարո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինչի, ես երբևէ պնդե՞լ եմ…ես էն ինֆորմացիան եմ փոխանցել, ինչը մենք խոսել ենք: Ես այդ հանձնարարությունն եմ տվել իրեն, և ոնց որ թե այդ հանձնարարությունն ընդունվել է ի գիտություն: Իսկ ֆեդերացիան ունի անդամներ. իրենք կքննարկեն, կորոշեն»:
Մյուս հարցին՝ որպես վարչապետի՝ Ձեզ ՀՀ ԱԱԾ ծառայության պետի և ոստիկանապետի արժեքային, մասնագիտական ո՞ր որակներն են, որ բավարարելու են ապագայի համար, քանի որ անցյալի էջը փակված է, կարիք չկա մեկնաբանելու, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե էջը փակվել է, կարիք չկա»: Լրագրողն արձագանքեց՝ կարող եք, միայն ուրախ կլինենք: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ոչ անձամբ ես, մեկնաբանությունները հնչել են կառավարության ներկայացուցիչների կողմից: Չափանիշները շատ հստակ են. դրանք սահմանված են, բայց դա չի նշանակում, որ մենք մտածում ենք, որ ոստիկանության կամ պետը կամ ԱԱԾ տնօրենը պետք է այսպես ասած իդեալական լինեն, կատարելություն լինեն. շատ հարցեր կան: Չափանիշներ սահմանելը, սահմանել, բայց ծագում են գործնական հարցեր, որոնք, օրինակ, կանխատեսված չէին: Այդպես չէ, որ չափանիշները սահմանված են ու վերջ, հավերժական լուծում ստացավ: Երբեմն հընթացս ի հայտ են գալիս նրբություններ, որոնք սահմանված չափանիշների հարթությունից դուրս են լինում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ