«Այս հարցում իմ ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն ունեն իրենց տեսակետն անկախ ամեն ինչից: Մի մասն ասում է՝ Ամուլսարը սար է. աշխարհը կքանդվի. պիտի մնա սար, մյուսը մասն ասում է. Ամուլսարը պետք է շահագործվի»,-Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն է Ձեր վերջնական որոշումը Ամուլսարի հարցում, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իր կարծիքով՝ այս հարցում հայ և միջազգային հանրության հետ պետք է լինել ազնիվ և մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից. «Ես պետք է դե յուրե և դե ֆակտո ստանամ այդ հարցի պատասխանը՝ դա էկոլոգիական աղետ է, թե ոչ: Պարզ չէ: Թեղուտի օրինակը բերեմ: Երբ արձակուրդում էի, մտածում էի ընդհատեմ, վերադառնամ….վերադարձա. կառավարության անդամներն էին մտել իմ սենյակ, ասում էին՝ հենց հիմա Թեղուտը փակի, հազարավոր զոհեր… պարզվեց ճիշտ չէին ասում: Պետք է ազնիվ լինենք: Սա շատ կարևոր տնտեսական, էկոլոգիական հարց է»:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ես երբեք հանքը բացել- չբացելու խնդիր չեմ դրել. «Միշտ ասել եմ. գնալու եմ ճշմարտության հետևից: Լիդիանի ներկայացուցիչներին ասել եմ՝ եթե պարզվի, որ իրոք էն ստանդարտներով, որոնք ասում են, հնարավոր է հանքը շահագործել, իրենց կաջակցեմ, եթե ոչ՝ բացառված է: Ինձ այս հարցում անհանգստացնում է օրթոդոքսությունը, որ մարդիկ ասում են՝ այսպես է ու վերջ. պետք է հանքը բացել և վերջ, կամ պետք է այն չբացել ու վերջ: Ես ո′չ այն տեսակետն եմ կիսում, ո′չ այն: Տեղեկացված որոշում պետք է կայացնել: Այնպես չէ, որ կառավարությունը ճնշման տակ չի գործելու: Մենք և′ հայ, և′ միջազգային հանրության հետ այս հարցում պետք է լինենք ազնիվ, մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից: Այս պահին մենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունենք: Կես ժամից կարող է պարզվել, որ այդ հիմքը ի հայտ է եկել. ոչ մի զգացմունք ու շահ չունենք, կփակենք: Մենակ այն բանի պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, մենք չենք պատրաստվում հանքը փակել: Շատերն էլ ասում են` կառավարությունը հանքի շահագործումը վաղուց են թույլ տվել: Եթե ունենք արգելելու հիմք ու պատճառ, պիտի արգելենք, եթե չունենք, ինչի՞ հիման վրա ենք արգելում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ