Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանն ուսման վարձը վճարել է մայրիկի անունով վարկով. հայտնի մարդիկ անկեղծացան «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» համաժողովին

Սեպտեմբեր 22,2019 20:15

«Մարդ սովորելու համար ոչ մի բանի առջև չպետք է կանգնի»,- «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» ավանդույթ դարձած 6-րդ համաժողովին հայտարարեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Համախմբված Երիտասարդական Միություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպող վեցերորդ համաժողովն արտացոլում է երիտասարդությանը հուզող տարբեր ոլորտների առաջնային հիմնահարցեր: Այն այս տարի համախմբում է շուրջ 100 երիտասարդների և չորս տարբեր ոլորտներից առաջատար փորձագետների: Բանախոսների ընտրության հարցում կազմակերպչական թիմն այս անգամ կենտրոնացել է կրթություն և մշակույթ, քաղաքականություն, բիզնես, մեդիա ոլորտների վրա՝ հաշվի առնելով երիտասարդների պահանջներն ու հետաքրքրությունները, ինչպես նաև հիմնվելով նախորդ համաժողովների մասնակիցների շրջանում արված հարցումների հիման վրա: Համաժողովի գործընկերն է Ամերիաբանկ ՓԲԸ-ը:

«Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» ավանդույթ դարձած 6-րդ համաժողովի բացման արարողությանը «Համախմբված Երիտասարդական Միություն» հասարակական կազմակերպության նախագահ Անի Ղազարյանը տեղեկացրեց՝ հավաքվել են լսելու տարբեր ոլորտներում հաջողակների հաջողության պատմությունները և քննարկելու երիտասարդներին հուզող մի շարք հիմնահարցեր. «Այս ձևաչափով համաժողովի նպատակն է հաջողության հասած մարդկանց ու մոտիվացիայով լի երիտասարդների միջև գիտելիքի և փորձի փոխանակումը, մասնագիտական աճի խթանումը և ունակությունների իրացումը մերօրյա աշխատաշուկայում»:

Համաժողովի բանախոսները ներկայացրին իրենց հաջողության պատմությունները, և թե ինչպես են պայքարել ու դիմակայել մարտահրավերներին:

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համաժողովին մասնակցում էր իր որդու հետ: Պատգամավորը պատմեց, որ, օրինակ, ուսման վարձը վճարել է բանկից վերցրած վարկով, որն իր մոր անունով էր ու մանրամասնեց. «Մի քանի եվրոպական երկրներում սովորելուց հետո հնարավորություն ունեցա մեկ տարի մագիստրատուրայում սովորել ԱՄՆ-ում: Դրանից հետո բոլորն ինձ ասում էին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ում չմնացիր: Բոլորին ասում էի, որ ես Հայաստանից ոչ մի տեղ գնալ չեմ կարող, ի սկզբանե ես չէի գնացել սովորելու և հաստատվելու ԱՄՆ-ում: Ես ՀՀ-ում բազում անելիքներ ունեմ»:

«Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա»-ի և Քասթինգ Սքուլի հիմնադիր տնօրեն Աբել Աբելյանը նշեց՝ իր հիմնական հաջողությունն այն էր, որ մի քանի տարի առաջ հիմնադրեց առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան. «Հիմնադրման ժամանակ ոչ ոք չէր օգնում ինձ, ես դա արեցի ինքնուրույն»:

«Մենյու.ԷյԷմ»-ի գործադիր տնօրեն Սևադա Բաղդյանն իր հիմնական հաջողությունները կապեց «Մենյու.ԷյԷմ»-ի հետ և հայտնեց՝ աշխարհի տարբեր երկրներում կան մասնաճյուղեր և պատրաստվում են նոր մասնաճյուղեր բացել:

Հալեպում ծնված հայ լրագրող, հեռուստահաղորդավար, մեկնաբան Աբրահամ Գասպարյանն էլ խոսեց հայրենաճանաչության մասին ու կարծիք հայտնեց. «Իմ տունը Հայաստանն է: Չեմ ընդունում, որ կա հայրենասիրություն ասվածը: Հայրենիքին սիրելը ի՞նչ է նշանակում. կա հայրենաճանաչություն, երբ հայրենիքդ սիրում ես, հայրենիքդ ճանաչում: Դու ճանաչում ես մեր պատմությունը, թանգարանները, հուշարձանները, ուրեմն սիրում ես հայրենիքդ. դառնում ես ոչ թե հայրենասեր, այլ հայրենաճանաչ»Լ

Փորձագետների բանախոսություններին հաջորդեցին նաև պանելային քննարկումները:

Լուսանկարները՝ «Համախմբված Երիտասարդական Միություն» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30