ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն, Գագիկ Ծառուկյանի ընկեր Սեդրակ Առուստամյանը, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները նախկինում համակարգող Սուրեն Ավագյանն և Գուրգեն Սարգսյանն այժմ գտնվում են ազատության մեջ:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց՝ նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել և մանրամասնեց. «Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Սեդրակ Առուստամյանի խափանման միջոց կալանավորումը դատարանը փոխարինել է գրավով և ազատ արձակել:
Քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող մյուս երկու անձանց նկատմամբ կալանավորումը ևս փոխարինվել է գրավով՝ Սեդրակ Առուստամյանի դեպքում 20 միլիոն դրամ գրավի դիմաց, մյուս երկու անձանց՝ Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի դեպքում 10 միլիոն դրամ գրավի դիմաց»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:
Կարդացեք նաև
Սեդրակ Առուստամյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ