Սեպտեմբերի 16-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Լուսավոր Հայաստան խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները պետք է համարվեն քաղաքական, և դրանք կարող են զբաղեցվել պատգամավորին ներկայացվող պահանջները բավարարող ցանկացած անձի կողմից, այսինքն ՝ այլևս պարտադիր պայման չի համարվի տվյալ բնագավառներում աշխատանքային գործունեությունը, զբաղեցրած պաշտոնը և զինվորական կոչումը։
Ծավալվող իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ իշխող մեծամասնությունը տրամադրված է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել օրենքների նախագծերը։
Բնականաբար, նախագծի հետ կապված կան մի շարք մտահոգություններ ։
Կարդացեք նաև
Մտահոգություններից մեկը վերաբերվում է Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ ղեկավարման ռիսկին, որը կարող է առաջանալ համակարգերից անտեղյակ անձերի հնարավոր նշանակման հետևանքով, իսկ հիմնական հաջորդ մտահոգությունը վերաբերվում է կառույցների քաղաքականացման վտանգին։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ խնդիր ենք փորձում լուծել ԱԱԾ տնօրենին և Ոստիկանության պետին քաղաքական պաշտոնյաներ դարձնելով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծի ընդունման պարագայում նրանց պաշտոնի նշանակելու միջնորդություն ներկայացնող անձը այլևս կաշկանդված չի լինելու ընտրություն կատարել համակարգը ներկայացնող սահմանափակ թվով աշխատակիցների շրջանակից, ինչպես նաև, որպես քաղաքական պաշտոնյաներ, նրանք այլևս քաղաքական պատասխանատվություն կկրեն իրենց գործունեության համար, այդ թվում նաև խորհրդարանի առաջ։
Սրանք, թերևս, փաստարկներ են, որոնց հետ դժվար է չհամաձայնել։
Սակայն, մյուս կողմից, փոփոխությունների նախագիծը որևէ կերպ չի փարատում կարևորագույն ուժային կառույցների հնարավոր ոչ պրոֆեսիոնալ կառավարման և քաղաքականացման հետ կապված մտահոգությունները։
Վերոնշյալ բոլոր խնդիրների ամբողջական կարգավորման համար, ըստ իս, անհրաժեշտ է այլ լուծման գնալ։
Սահմանված նպատակը, ըստ իս, հետևյալն է․ Վարչապետին հնարավորություն տալ քաղաքական պաշտոնում անկաշկանդ նշանակում կատարել, սահմանել քաղաքական վերահսկողության մեխանիզմներ, միևնույն ժամանակ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը զերծ պահելով ոչ պրոֆեսիոնալ ղեկավարման և համակարգերի քաղաքականացման վտանգից։
Այս նպատակին հասնելու լավագույն ճանապարհը, իմ կարծիքով, Ներքին գործերի նախարարության ստեղծումն է։ Անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում, ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը հանել վարչապետին ենթակա մարմինների ցանկից և որպես նախարարությանը ենթակա մարմիններ ընդգրկել Ներքին գործերի նախարարության կազմում։
Այսպիսով, ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը կշարունակեն մնալ համակարգի ներսից նշանակված պրոֆեսիոնալ սպաներ, որոնք հաշվետու կլինեն արդեն քաղաքական պաշտոնյա հանդիսացող Ներքին գործերի նախարարին, որն էլ կկրի ոլորտների գործունեության քաղաքական պատասխանատվությունը։
Միևնույն ժամանակ, վարչապետը այլևս կաշկանդված չի լինի քաղաքական նշանակում կատարելու հարցում, քաղաքական պաշտոնյան կգտնվի խորհրդարանական վերահսկողության տիրույթում, իսկ ուժային կառույցներում կշարունակվի օրենքով երաշխավորված պրոֆեսիոնալ ղեկավարումը՝ համակարգերը հնարավորինս զերծ պահելով քաղաքական ուղիղ ազդեցությունից։
Հիմա էլ մենք ունենք նախարարություններին ենթակա ռազմականացված կառույցների գործունեության օրինակներ, որոնք ղեկավարվում են սպաների կողմից, և ըստ իս, այս մոդելը կարելի է հաջողված համարել։
Օրինակ՝ Պաշտպանության նախարարությանը ենթակա մարմին է Զինված ուժերի գլխավոր շտաբը, Արդարադատության նախարարությանը ենթակա մարմիններից են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և Քրեակատարողական ծառայությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմին է Փրկարար ծառայությունը, և թվարկված բոլոր մարմիններում, մեծ իմաստով, հաջողվել է ապահովել և պրոֆեսիոնալ գործունեություն, և քաղաքական չեզոքություն, և միևնույն ժամանակ, այս մարմինների գործունեության համար քաղաքական պատասխանատվություն են կրել համապատասխան նախարարները։
Պետք է նաև արձանագրել, որ սա որևէ կերպ չի սահմանափակի վարչապետի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի, ազդեցությունը և վերահսկողության հնարավորությունը ուժային կառույցների նկատմամբ։
Ավելին, գործող օրենսդրության համաձայն, նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, այսինքն ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը կարող են նշանակվել ոչ թե Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի միջնորդությամբ, այլ անմիջապես վարչապետի որոշմամբ։
Ինչ վերաբերվում է «նախարար» և «վարչապետին ենթակա մարմնի ղեկավար» պաշտոնների տարբերությունների գնահատմանը՝ նրանց նկատմամբ Վարչապետի ունեցած ազդեցության տեսանկյունից, ապա պետք է փաստել, որ ՀՀ Սահմանադրության և օրենքների համաձայն վարչապետը ունի նախարարների նկատմամբ խելամիտ ազդեցության բոլոր լծակներն ու հնարավորությունները, ընդհուպ մինչև կառավարության կազմում փոփոխությունների կատարում։
Հայկ Արամյան
Իրավագետ, քաղաքագետ