Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյուղական ճաշ՝ ամառային շորվա

Սեպտեմբեր 22,2019 12:30

Տատիկիս պատրաստած տարբեր տեսակի «շորվաներից» (որքան հասկանում եմ՝ ապուրները Վայոց ձորի հին գյուղերում հենց այդպես էին կոչում) ամենահամեղը ինձ համար այս ամառային շորվան էր՝ գառան մսով, սմբուկով, կծու պղպեղով եւ լոլիկով:

Անհրաժեշտ մթերքները

Գառան միս- 1 կգ

Կարտոֆիլ- 4-5 հատ

Սմբուկ- 1 հատ մեծը կամ 2 փոքրը

Կանաչ թարմ պղպեղ-2 հատ, որից մեկը կծու, մյուսը՝ քաղցր

Գլուխ սոխ-1 գլուխ

Սխտոր- 2-3 պճեղ (պարտադիր չէ)

Լոլիկ- 4-5 հատ (կարելի է օգտագործել նաեւ սեփական հյութում պահածոյացված լոլիկ)

Աղ, սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի

Չորացրած ծիթրոն, ռեհան- 0,5-ական թեյի գդալ

Հալած յուղ կամ բուսայուղ- 2-3 ճաշի գդալ

Բլղուր- 3-4 ճաշի գդալ

Թարմ կանաչի- մի քանի ճյուղ ձեր նախընտրած կանաչիներից՝ համեմ, մաղադանոս, ռեհան

Պատրաստման եղանակը

Տատիկս պատրաստում էր շատ պարզ ձեւով՝ բոլոր մթերքները լվանում, կտրատում, շարում էր իրար վրա, լցնում ջուրը եւ դնում կրակին: Թերեւս գյուղական ճաշերը դրանով էին հատուկ, որ առանց այդ էլ հոգսաշատ գյուղացիները ժամանակ չունեին երկար-բարակ «մզմզալու» ճաշերի վրա եւ միանգամից բոլոր բաղադրիչները լցնում էին, դնում կրակին: Սակայն կարելի է որոշակի փոփոխություններ պատրաստման տեխնոլոգիայի մեջ, այնուամենայնիվ, անել: Ես, օրինակ, միսը նախապես բուսայուղի մեջ (տատիկս օգտագործում էր բացառապես տնական հալած յուղ) մի քանի րոպեով բոլոր կողմերից տապակում եմ, ինչը թույլ չի տալիս, որ ճաշը եփվելու ընթացքում «քյափ»՝ փրփուր, առաջանա: Որից հետո ավելացնում եմ խոշոր կտրատած սոխը, սխտորը (որքան հիշում եմ՝ տատիկս սխտոր չէր ավելացնում, սակայն ես սիրում եմ  ապուրների մեջ մեկ-երկու պճեղ սխտոր ավելացնել՝ եւ առողջարար է եւ ավելի համեղ է դարձնում ճաշը), տապակում եւս մի քանի րոպե, որ սոխն էլ մի թեթեւ գույնը փոխի, այնուհետեւ ավելացնում եմ մնացած բանջարեղենը՝ կեղեւահան արած, լավ լվացած եւ կտրատած կարտոֆիլը, սմբուկը, թարմ պղպեղն ու լոլիկը, չորացրած կանաչիներն ու սեւ պղպեղը, լցնում եմ եռացրած ջուրը եւ ցածրացնելով կրակը, փակում կափարիչով եւ եփում մինչեւ պատրաստ լինի:

Պատրաստ է լինում մոտ 30-40 րոպեից: Մինչեւ անջատելը ավելացրեք բլղուրն ու աղը(ցանկալի է ընտրել խոշոր աղացած բլղուր) , թողեք եփվի եւս 5-6 րոպե, նոր անջատեք, ավելացրեք թարմ կանաչիները եւ մատուցեք տաք-տաք:

 

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30